HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ում ձեռքը ինչ կտեսնես՝ չլացես, չուզես, մենք ինչ ունենք` դա է մերը»

Մանե Գրիգորյան

Իրինային հանդիպեցինք իր տաքուկ տանը, մերկ պատերը ծածկել էին գորգերն ու նկարները, հատակին փռվել էր Ջինան` հանրակացարանի բակում թափառող շունը: Նա գլխով հրում է, ում դուռը բաց է, նրա տուն էլ մտնում է, գիշերում այնտեղ: Իրինան ասում է՝ ավելի շատ իր տանն է գիշերում, տաքուկ վառարանի կողքին պառկում է Ջինան, նրան ընկերակցում է սիամական կատուն` Լիլուն, ում Իրինան կոչել է ի պատիվ «Հինգերորդ էլեմենտ» ֆիլմի գլխավոր հերոսուհու: Մի սենյակում ապրող շունն ու կատուն հաշտ են միմյանց հետ. Իրինան ասում է, որ Թումանյանը տվյալ դեպքում սխալվել է:

Կենդանիների հանդեպ սեր դեռ փոքրուց ունի: Գավառի մանկատնից երբ փախչում էր սարերը՝ թափառելու, ճանապարհին քար ու ծաղկի մեջ հանդիպած շան ձագերին գրկում, մանակատուն էր բերում: «Շան թուլին դուրս էին շպրտում, ինձ էլ` ծեծում »,- ասում է Իրինան:

Իրինայի մայրը նրան լույս աշխարհ բերելուց հետո Իրինայի հորն ասում է, որ նորածինը մահացած է ծնվել: Տարիներ անց հայրը գտնում է Իրինային, գրկում, երեխայի պես արտասվում: Իրինան ասում է, որ ներել է հորը:

Կյանքը Գավառի մանկատանը հեշտ անվանել չէր կարելի: Ասում է` չսպիացող վերքեր կան, Գավառի մանկատունը հենց այդ չսպիացող վերքն է:

Իրինան սիրում է մուլտֆիլմեր նայել:Նրա ընկերուհիներից մեկն ասում է, որ կարող է ժամեր շարունակ կլանված, երեխայի հետաքրքրությամբ չկտրվել էկրանից, քանի որ մանկատանը, երբ տակը չիշիկ է արել, ծեծել են, զրկել մուլտֆիլմ նայելու հաճույքից, այդ իսկ պատճառով կարոտ է մնացել: Իրինան ասում է, որ սովետական մուլտֆիլմերի սիրահար է:

Հիշելով մանկատունը՝ պատմում է. «Տնօրենը ոտքը բարձրացնում, խփում էր, ով ասես խփում էր, ոչինչ չէր բացատրվում, հիգիենա չկար, աղջիկների դաշտանային ցիկլը ուրիշ ձև էին հասկանում…իբր դու տղամարդու հետ ես եղել ու աղջիկ չես: Բայց իրենք չէին բացատրում, մենք ոչինչ չգիտեինք ու չէինք հասկանում: Նման օրերին վախով էինք մոտենում դաստիարակներին, մի քիչ բամբակ ու բինտ էին տալիս ու մի կողմ քաշվում»:


Երեք տարեկանից փոքրիկ Իրինան Գավառի մշակույթի տանը երգում էր հանդեսների ժամանակ, ձայնը դուրեկան էր, դրա համար էլ միշտ ներգրավում  էին տարբեր միջոցառումների, հիմա էլ երբեմն երգում է, էնպիսի երգեր, որ գլխացավն անցնի:

Հիշում է, թե ինչպես Գավառի մանկատանը Նոր տարվա հանդեսի ժամանակ 10 կոպեկ էր գտել, որը ձեռքից վերցրել էին, ծեծել ու մեղադրել նրան գողության մեջ:

Նոր տարվա մասին խոսելիս հիշում է ամանորյա տոպրակները, որոնց մեջ հաշված քանակով մրգեր էին դրված: «Մրգերի հոտը առնում, մոռանում էինք ճաշարան գնալ»:

Ասում է, որ ճաշարանի հացն այնքան բարակ էին կտրում, որ թափանցում էր:

Պատմում է` ինչպես էր մտնում մանկատան պահեստ: Տեսնում էր դուռը բաց է, մի բան հաջողացնում էր, վերցնում ու թռնում դուրս:

Բայց որ բռնում էին, ծեծում էին:

«Գազար, բազուկ, բադրիջան, կաղամբ որ ստանում էին, պահեստն  էին լցնում, մենք էլ մեծ փետեր էինք ճարում ու տակից քաշում դուրս:  Տեսնում էի՝ հացի մեքենան եկել է, ես էլ սոված, թարմ հացի հոտը ընկնում էր քիթս, երեխա էի, ինչ հասկանայի` դա հաշվարկ ա, հաշվարկ չի, թռցնում էի, գցում ծոցս ու փախնում: Բռնում էին, հացը հետ վերցնում, ծեծում ու օրվա ճաշից զրկում»,- պատմում է Իրինան:

Մինչև հինգերորդ դասարան Իրինան ապրում է Գավառի մանկատանը, այնուհետև` տեղափոխվում  Նուբարաշենի մանկատուն, որտեղ վերաբերմունքն անհամեմատելի էր:

«Մի օր Նուբարաշենում ասեցին` հավաքվեք, տանում ենք ձեզ կինո, զարմացել էի: Մեծ էկրան պետք է տեսնեի,  ապշած էի: Երբ նորից հետ տարան Գավառի մանկատուն, հնդկական ֆիլմեր էին ցուցադրում, գնում էինք, թաքուն մտնում կինոթատրոն, մի օր եկան բռնացրեցին, անջատել տվեցին կինոն, ես վարագույրների ետևում թաքնված էի, հենց գնացին, լույսերը նորից անջատեցին, դուրս թռա վարագույրի ետևից ու նայեցի կինոն մինչև վերջ »,-հիշում է Իրինան:

Գավառի մանկատունն ավարտելուց հետո մանկատան 13 սաների հետ տեղափոխվում է 9-րդ ուսումնարան (այժմ` համար մեկ պետական քոլեջ, 9-րդ ուսումնարանին պատկանող հանրակացարանում էլ բնակվում են): Իրինան հանդիպում է Կորյուն Բաղդասարյանին, մարդու, ով վերցնում է նրան իր պաշտպանության տակ: Նրա մասին Իրինան խոսում է մեծ խանդավառությամբ: «Էնքան լավ մարդ, որ իրեն պապա էի ասում, չնայած որ իմ հարազատ հայրը ողջ էր: Ձեռքը դրել էր գլխիս ու պահում էր: Իր մահից հետո մեջքս կոտրվեց: Ասում էր միշտ` ամուսնացնեմ քեզ, նոր մահանամ, ամուսնացա, բայց երկար չտևեց ամուսնությունս, բաժանվեցի»,-շարունակում է Իրինան:

«Աղջիկս որ ծնվեց, սկեսուրիս տանն էի, քառասունքից դուրս եկավ, ամուսնուս հետ տեղափոխվեցինք հանրակացարան: Աղջիկս տարի երեք ամսական էր, ամուսինս թողեց-գնաց: Հետո պետք է ասեմ, որ ամուսնուս տանը չէի կարողանում մնալ: Անբացատրելի է, չեմ կարող ասել ինչու, տունը խորթ էր, արյունս քաշում էր, ուզում էի մանկատան երեխաների կողքին լինեի: Ամուսնուս հետ տեղափոխվեցինք էստեղ: Երեխայիս այստեղ` այս պայմաններում եմ մեծացրել: Մտածում էի՝ գոնե երեխաս ուտի: Իմ երեխու լեզուն երբ արդեն բացվեց, նրան ամեն ինչ  բացատրեցի. ասել եմ` բալիկ ջան, ում ձեռքը ինչ կտեսնես, չլացես, չուզես, մենք ինչ ունենք` դա է մերը:

Աշխատանք լինելու դեպքում ինչ սիրտը ուզում էր՝ առնում էի, որ աչքը դրսում չմնար: Հերը գողություն էր արել, գողացած ապրանքի մեջ կինդեր էր եղել, շոկոլադը  կերել էր, միջի ջարդած խաղալիքը տվել էր էրեխուն:

Ինձ համար իմ արժանապատվությունն իմ աղջիկն է: Այն, որ աղջիկս բարի բախտի արժանացավ, ճակատս բաց մնաց, փողոցում չհայտնվեց, մարմնավաճառ չդարձավ: Մարդ երբեք չգիտի՝ հետը ինչ կլինի. մեծ աշխարհ, փոքր մարդիկ, վերևն էլ աստված…ինչ իմանաս՝ ինչ կլինի վաղը»,-շարունակում է պատմությունը նա:

Հուսահատության և տխրության պահեր Իրինան շատ է ունեցել, պատմում է,  որ աղջկա հետ եղել է՝ խոսել է մահվան մասին, ասել է` նայի, տես ինչ սիրուն ամպեր են, այ, այ էնտեղ կուզեմ գնամ: Հետո տեսել է` ինչպես է աղջկա աչքերից արցունքը հոսում, երեխան սեղմել է մոր ձեռքն ու ասել ` մամա, ինձ մենակ մի թող, դու իմ ամեն ինչն ես:

Հանրակացարանում Իրինան ապրում է արդեն 28 տարի, ասում է` խորհրդային ժամանակաշրջանում պայմանները վատ չէին: «Փլուզումից հետո էստեղի կյանքն էլ փլուզվեց: Առաջվա տնօրենը գողացավ խոհանոցի ամեն ինչը, կատելնին փլվեց, գողացան, գողացան, գողացան….Եթե կռիվ ա լինում, պարետը անմիջապես զանգում ա ոստիկանություն, ոստիկանությունը չի խորանում հարցի մեջ, գործը փոխանցվում ա դատարան: Մենք հոգնել ենք էս շենքից, տարիներ շարունակ խոսք էին տվել բնակարանով ապահովել: Վերջապես օրեր առաջ ստացանք»:


Իրինան շաբաթը մեկ տուն է մաքրում, գորգ լվանում, փորձում հնարավորինս օգնել ամուսնացած աղջկան և թոռանը:

Ասում է, որ վախեր չունի, նույնիսկ մահից չի վախենում: Միակ վախը, որ ունի, վախն է Աստծուց: «Քանի որ ամեն ինչի արարողը նա է, և եթե նա ստեղծել է ամեն ինչ, ու ես ել երկրագնդի վրա եմ, ուրեմն միայն նրանից պետք է վախենամ»,- ասում է Իրինան:

Աստծո մասին մինչ 17 տարեկանը պատկերացում չուներ, չէր լսել, երբ Երեւանի շամպայն-գինիների գործարանում էր աշխատում, լսում էր` ինչպես կանայք տարբեր թեմաներից, այդ թվում և աստծուց  էին խոսում: «Ես չէի հասկանում՝ ինչ կամ ով է աստված»:

Մի օր Իրինան երազում տեսնում է  երկար, սպիտակ շորերով, երկար մորուքով մի սրբի, ում ոտքերի շուրջ ամպեր էին հավաքվել, և անգամ ձեռնափայտն էր սպիտակ: Ձեռնափայտը խփում է գետնին, Իրինան վեր է թռչում… Հաջորդ օրը  երազը պատմում է  մի ծանոթ կնոջ, կինն ասում է,  որ նա իր սրբին է տեսել: «Այդտեղից հասկացա` աստված գոյություն ունի»:

Իրինան երազում է շատ գումար ունենալու մասին, որպեսզի հանրակացարանի տարածքում թափառող շներին կերակրի. «Դոմիկում մեկը շատ շներ ա պահում, կիլոներով բրինձը կառնեի, գումար էլ կհատկացնեի, որ շնիկների համար կերակուր առներ, խառներ բրինձը հացի ու մսի հետ, տար շունիկներին ու կատուներին»:

լուս.` Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter