HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը

2015թ. հունվարի 1-ից կմեկնարկի սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչների եւ մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։

Հաստատվել է նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը, գործողությունների ժամանակացույցը։

ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև: 

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի, «Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոնների ղեկավարների և ծրագիրն իրականացնող մասնագետների հետ քննարկումների ընթացքում կարևորվել է հիվանդի և նրա հարազատների իրազեկումը։ Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է դրա կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը, այդ թվում՝ բժշկական կազմակերպություն ընդունման, վարման և դուրս գրման հետ կապված փաստաթղթային ձևակերպումները, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը:

Նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը հանդիպումների ընթացքում նշել է, որ ամենափոքր իսկ հարցերի դեպքում կարող են դիմել նախարարության արագ արձագանքման խմբին և հորդորեց աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տարեսկզբի հանգստյան օրերին ծրագրի մեկնարկը ստվերող որևէ շեղում չլինի։ Նա հավաստիացրել է նաեւ, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող կազմակերպական բոլոր խնդիրները լուծում կստանան:

Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի որակը և արդյունավետությունը գնահատելու նպատակով մշտադիտարկում կիրականացնի նախարարին կից հանձնաժողովը։ 

Սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկվում են այն քաղաքացիները, ովքեր մինչ այս ներառված չեն եղել սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։

Լուս.` armenpress.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter