HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

KDWin-ի հիմնադրին` 0 մեդալ, «ականջ կտրող» ոստիկանին` 20 մեդալ

51 տարեկան հասակում երեկ մահացել է Ռաֆիկ Մարությանը: Շատ հնարավոր է, որ այս մարդու անունը Ձեզ ոչինչի չի ասում, սակայն բոլորիս հայտնի է այդ մարդու գործը…  Ռաֆիկ Մարությանը ստեղծել է հանրահայտ KDWin ծրագիրը: Այո, դա հենց այն KDWin-նն է, որից հայատառ գրելուց օգտվում ենք գրեթե բոլորս:

Այդ մարդը իր գործով կարողացել է հեշտացնել բոլոր հայերի կյանքը: Ամեն օր, ամեն ժամ հարյուր հազարավոր մարդիկ օգտագործում են Ռաֆիկ Մարությանի ստեղծած ծրագիրը և դրա դիմաց ոչինչ չեն վճարում:

Սակայն համայն հայությանը անհատույց այսպիսի օգուտ տված մարդը երբեք չի արժանացել պետական պարգևների, մեդալների: Գործող օրենսդրության համաձայն Ռաֆիկ Մարությանը արժանի էր Անանիա Շիրակացու մեդալին, որը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարապետության, գիտության ու տեխնիկայի բնագավառներում նշանակալի գործունեության, գյուտերի և հայտնագործությունների համար։

Այդ մեդալով պարգևատրված 263 անձանց մեջ են ՀՀ և ՌԴ պաշտոնյաներ, տարբեր շինարարական կազմակերպությունների ղեկավարներ և բազմաթիվ այլ անձինք, ովքեր, որպես կանոն, կապ չունեն գիտությամբ և հայտնագործություններով հայության կամ մարդկության կյանքը հեշտացնելու հետ:

Շուրջ մեկ տարի առաջ մենք արդեն գրել էինք, որ նախագահը մեդալներ շնորհելուց բազմիցս խախտել է ՀՀ օրենսդրությունը: Սակայն այժմ եկեք մի համեմատություն անենք:

Անցած ամսվա ընթացքում բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնվեց փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ով սպառնաց Սերժ Սարգսյանին հայհոյող քաղաքացիների «ականջները կտրել», և ում անունը կապվում է հենց այդ ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությամբ:

Լևոն Երանոսյանը, պարզվում է, ունի 5 պետական և 15 գերատեսչական մեդալ: Այդ թվում, «ականջ կտրող»  ոստիկանության գեներալը «մարդասիրական սկզբունքների հաստատման համար պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով»:

Այսինքն, դատելով մեդալների քանակից՝ կարելի է արձանագրել, որ խաղաղ քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ կոչեր անող ոստիկանության զորքերի հրամանատարը անհամեմատ ավելի մեծ օգուտ է տվել երկրին, քան KDWin-ի հիմնադիրը:

Իհարկե, Ռաֆիկ Մարությանը մեդալների համար չէ բոլորիս նվիրել KDWin-ը: Ենթադրաբար, նա մեդալների կարիք էլ չուներ… Եվ մենք բոլորս հարգում ենք իրեն ու իր արարքը` անկախ մեդալների քանակից:  

Մեկնաբանություններ (11)

Մանվել
Գլուխ եմ խոնհարում նրա պայծառ շիրիմին: Սերժին չի քծնել. մեդալ ել չի ստացել:Կգա արժանի նախագահ ևնրան կգնահատի:Իսկ ուր էին ներկայացնողները:Գուցե Նախագահը տեղյակ էլ չի KDWin-Ից...
Հմայակ Մարտիրոսյան
Մեծ մարդիկ, միշտ ցանկացել են մնալ ստվերում: Հիմա մեր սերնդի առաջ խնդիր է դրված, հիշել, արժևորել ու գնահատել այդ մարդկանց: Մարդ, որի գործը անգնահատելի է: Հանգստություն շիրիմիդ:
ՀՀ Քաղաքացի
Անձամբ չանաչել եմ Ռաֆին վերջին հանդիպումը եղել է 1.5 տարի առաջ համեստ անձնավորություն և պարզապես լավ ՄԱՐԴ ... ցավակցում եմ հարազատներին ...
Ավետիք
Գնհատում եմ հոդվածագրի տրամաբանությունը`ցավակցում Ռաֆֆի հարազատներին և ավելացնում եմ , որ KDWin-ի հեղ- ինակը ընդունակ չեր ազատամարտիկին գցել ,ականջը կտրել բռնադատել` որպիսզի հիշատակված պարգևների առժանան- ար , ողջունում եմ հոդվածի հեղինակին :
Հովիկ
Բախտ եմ ունեցել ծանոթ լինել Րաֆֆիին: Նա շատ բարի, համեստ ու խելացի մարդ էր: Պետք է ասեմ, որ KDWin-ի ստեղծումը նրա պրոֆեսիոնալ գործունեության շատ փոքր մասն էր միայն, ուղակի նրա ստեղծած մյուս ծրագրերը մասսայական օգտագործման համար չեն նախատեսված: Շնորհակալություն հոդվածի համար:
Վանիկ
Իհարկե, համամիտ եմ հոդվածի հեղինակի հետ։ Բայց կարծում եմ ավելի լավ է, որ այս իշխանությունների ձեռքով նա մեդալ չի ստացել։ Որովհետեւ այդ ժամանակ էլ կսկսեինք չարախոսել, որ նրանց ձեռքից մեդալ է ստացել։ Ինչեւէ, կարծում եմ, որ նա արժանի է ամենայն հարգանքի եւ մեծարման։ Հուսով եմ, որ կգա ժամանակ, երբ նրա անունով փողոց եւ դպրոց կանվանակոչվի։
Վեհարի
Անհավատալի է թե որքան մեծարման արժանի հայրենասեր հայեր են կյանքից անժամանակ հեռանում մեր պետության կողմից պատշաճ ուշադրության չարժանանալով: 2014 թվականի մայիս 6-ին մահացավ «Վարդանանք» հեռուստահաղորդումը վարող` Վարդան Հովհաննիսյանը, իսկ 2013 թ. հոկտեմբերին «Լույս աշխարհի» կայքի և հեռուստահաղորդման հիմնադիր և վարող` Ստեփան Քիրեմիջյանը: Ոչ թե դասագրքերի կամ ՀՀ պետական հեռուստաալիքների, այլ հատկապես նրանց հաղորդաշարերի շնորհիվ շատ հայեր առաջին անգամ ծանոթացան շումերների և հին եգիպտացիների լեզուն հայերենը լինելու մասին գիտական հիմնավորումներին, իմացան, որ ունենք տասնյակ հազար տարիներով հաշվվող պատմություն, լսեցին Պարիս Հերունու և այլ հայրենասերների ազատ խոսքը, որոնց մասին ՀՀ իշխանությունները հիմնականում շարունակում են լռել:
Կարեն
Շատ հաճախ մենք՝ հայերըս չենք գնահատում մեր ունեցած գանձերը, գնահատելով այլոց ներմուծած անարժեքությունները...
Վարդուհի
Ցավակցում եմ հարազատներին...Ցավում՝,որ հայ ազգը ունեցավ ևս մի ՄԱՐԴՈՒ կորուստ,ՄԱՐԴ՝, որի նվերը հայ ազգին անգնահատելի է........Ինչ վերաբերվում է «մեդալին»՝...ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԽԵԼՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԸ,՝ ՉՈՒՆԵՆԱՐ ԻՆՔՆԱՀԱՐԳԱՆՔ ՈՒ ԸՆԴՈՒՆԵՐ ԱՅԴ.....
Ջանիկ
Ցավում եմ և գլուխ եմ խոնհարում նրա պայծառ շիրիմին: Նրան պետք է համարել 21-րդ դարի Մաշտոցը:
Գեւորգ
Հրաշալի հոդված է, տեղին դիտողություն: Արժանավոր մարդու գոնե անունը պիտի իմանալ, մեդալներն իրենց գլխին կպչեն: Ցավոք, մարդկային կյանքը խիստ անարդարացի ընթացքով է գնում: Բայց մի բան հաստատ է՝ երանոսները կգնան իսկ KDWin-ը կմնա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter