
Չնայած ամեն ինչին...
Դեմքի վրա տարածվող ժպիտն ի զորու չէր քողարկելու աչքերի անկյուններում ծվարած թախիծը: Խորենը չէր փոխվել, պարզապես բոյ էր քաշել ու մեծացել:
Նույն հետաքրքրասիրությամբ շաղախված հայացքը, նույն կիսաերեխայական, կիսամեծական պահվածքը: Նրան հանդիպեցի նախկին «Հույս» մանկատան, այժմ արդեն Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների գիշերային խնամքի ու պաշտպանության հաստատությունում, որը Խորենի համար 2-րդ տուն էր դարձել 2006 թ.-ից: Առաջինը Գյումրիի հատուկ կարիքներով երեխաների համար նախատեսված «Երեխաների տուն» մանկատունն էր, որտեղ նա հայտնվել էր 6 ամսական հասակում: Ծնողներն իրենք էին բերել, պատճառը ֆեյֆերի սինդրոմն էր` գլխի ոսկորների դեֆորմացիա: Մինչեւ 2 տարեկանը Խորենը չէր կարողանում ոչ նստել, ոչ քայլել: Տառապում էր բրոնխիալ ասթմայով, ուներ ոսկրերի պաթոլոգիա:
Վերականգնողական թերապիայի շնորհիվ հնարավոր եղավ Խորենին ոտքի կանգնեցնել: Երբ սկսեց խոսել, մանկատանը համոզվեցին, որ գլխի կառուցվածքն ամենեւին չի ազդել տղայի մտավոր կարողությունների վրա: Մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի բոլոր ջանքերը` 7-ամյա խելացի, աշխույժ այս տղային սեփական ընտանիք վերադարձնելու, ժամանակին պսակվեցին անհաջողությամբ: Խորենի ծնողները մերժել էին` պատճառաբանելով, թե տանը մեծանում են առողջ երեխաներ, եւ իրենք չեն կարողանա բացատրել նրանց ոչ իրենց կողմից տարիներ առաջ մերժված երեխայի գոյության փաստը, ոչ նրա հաշմանդամությունը:
Հարյուրամյակներ շարունակ հասարակության անկարող անդամների նկատմամբ վերաբերմունքը եղել է խուսափողական-մերժողական: Նրանք անտեսվել են եւ առանձնացվել: Սպարտայում, ուր առկա էր ուժի, դիմացկունության, առողջ մարմնի պաշտամունքը, երեխաների ֆիզիկական զարգացման բոլոր շեղումներն անընդունելի էին: Այդպիսի թերություններով երեխաները ոչնչացվում էին:
Խեղանդամ երեխաներին ոչնչացնում էին նաեւ հին Հռոմում` ղեկավարվելով այսպես կոչված «բանականության օրենքով»` առանձնացնել անպիտանն առողջից: Հին Եգիպտոսում հողակտոր ունենալու եւ մշակելու հնարավորությունից զրկվում էր այն ընտանիքը, որտեղ հաշմանդամ երեխա էր ծնվել: Ֆաշիստական Գերմանիայում նույնպես ոչնչացնում էին բնածին արատներով երեխաներին, որպեսզի արիական ցեղը չարատավորվի: Հասարակությունը շատ հաճախ չի ընդունում հաշմանդամներին, քանզի վերջիններիս մեջ տեսնում է իր անկատարությունն ու խոցելիությունը:
Խորենի համար, թերեւս, ամենաբարդ խնդիրը «Երեխաների տուն» մանկատունը լքելն էր: Այն նախատեսված էր 0-ից 6 տարեկանների համար: Տնօրեն Ռուզաննա Ավագյանը ոչ մի կերպ չէր հաշտվում տղային Խարբերդի մանկատուն տեղափոխելու մտքի հետ, վստահ չէր, որ Խորենն այնտեղ իրեն լավ կզգա: Այդ էր պատճառը, որ նախ փորձ արվեց սեփական ընտանիք վերադարձնել նրան:
Մինչեւ 12 տարեկանը Խորենը շարունակեց ապրել մանկատան փոքրերի հետ: Այդ օրերի հետ կապված հարցիս մեկ պատասխան ուներ. «Կձանձրանայի, սաղն ընձնից փոքր էին, բանը կըսեի, չէին լսե»:
Դպրոցում Խորենը շատ արագ ինտեգրվում է միջավայրին, ձեռք բերում ընկերներ: 2006 թ. հարկ է լինում փոխել թե բնակության վայրը, թե կրթօջախը, եւ կրկին միջավայրի փոփոխության, ընկերների ձեռք բերման, ինքնամեկուսացման խնդիրներ են առաջանում: Ֆ. Նանսենի անվ. երեխաների գիշերային խնամքի եւ պաշտպանության հաստատությունում ապրող տարիքային տարբեր խմբի երեխաների հետ շփումը սկզբնական շրջանում այնքան էլ հարթ չի ընթանում:
«Օր շատ կջղայնանայի, կերթայի սենյակս, լաց կեղնեի»,- խոստովանում է Խորենը: «Նախկին լարվածությունն այլեւս չի նկատվում Խորենի մոտ,- վստահեցնում է հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը,- հիմա արդեն բարդույթներից էլ է ձերբազատվել, շատ ազատ է շփման մեջ, էլ չի նեղվում, չի փակվում ինքն իր մեջ»:
Հաստատության հոգեբան Գոհար Ոսկանյանը, խոսելով Խորենի մասին, հաստատում է տնօրենի միտքը. «Ամենակարեւորը, որ Խորենը իր ֆիզիկական թերությունների հետ կապված` չի բարդույթավորվում: Միջանձնային հարաբերություններում առկա խնդիրները եւս մեր օգնությամբ հաջողությամբ հաղթահարել է: Շատ դժվար էր հատկապես սկզբնական շրջանում, երբ երեխան ստիպված էր ոչ միայն բնակության վայրը փոխել, այլեւ դպրոցը: Մանր կոնֆլիկտներ, իրար չհասկանալ շատ է եղել, դե երեխաներ են, պարզ է, բայց հիմա արդեն ամեն ինչ հարթված է»,- ասում է Գոհար Ոսկանյանը:
Հոգեբանի կարծիքով` տարատեսակ խոչընդոտների հաղթահարումը Խորենին առավել կոփել է: 19-ամյա երիտասարդը շուտով ինքնուրույն կյանք է մտնելու, եւ հաստատության պատերը չեն կարողանալու նրան պաշտպանել: Դա Խորենն արդեն պետք է անի ինքնուրույն, առանց հոգեբանի կամ հաստատության որեւէ այլ աշխատակցի օգնության: Ծնողազուրկ երեխաներին պետության կողմից հատկացվող բնակարանների հերթացուցակում Խորենը եւս կա: «Ի՞նչ ես անելու, երբ բնակարան ստանաս»,- հարցնում եմ նրան:
«Եսիմ, պիտի էրթամ ապրիմ, ինչ պիտի էնեմ»,- ուսերն է թոթվում տղան: «Հիշու՞մ ես, երբ առաջին անգամ հանդիպեցինք, դու 12 տարեկան էիր: Ես քեզ հարցրեցի քո ամենանվիրական երազանքի մասին: Դու այն ժամանակ ասացիր, որ երազում ես մեծ ընտանիք ունենալ` հայր, մայր, քույր ու եղբայր: Հիմա՞ էլ ես երազում այդ մասին»,- հարցս անակնկալ էր, ու Խորենը մի պահ տխրում է: «Չէ, չեմ երազե էլ էդ մասին: Էն ժամանակ էրեխա էի, շատ բան չէի հասկնա: Հմի մենակ կերազեմ մեծ երգիչ դառնալու մասին ու շատ փող ունենալու, որ աղքատներին օգնեմ, որոշել եմ: Մեծ համերգներ պիտի դնեմ, հասույթն էլ բաժանեմ աղքատներին»,- պատասխանելիս տղայի աչքերը փայլում են: Իսկ շատ տարիներ առաջ Խորենի երազանքը, բացի ծնողներին հանդիպելը, կրկեսի ծաղրածու դառնալն էր:
Խորենն այս տարի փոխադրվել է Գյումրիի Կարա Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի երկրորդ կուրս: Շատ է սիրում վոկալի դասաժամերը եւ առարկան դասավանդող ուսուցչին` Յուրա Մելքոնյանին: «Մեր խնդիրը Խորենի հետ այն է, որ նա չունի նախնական երաժշտական կրթություն, այսինքն` երաժշտական դպրոց չի հաճախել: Նրա ձայնային տվյալներն են շատ լավը, որի վրա էլ աշխատում ենք,- ասում է վոկալի ուսուցիչը,- Խորենն, այսպես ասած, գրագետ չէ, նոտա կարդալ չգիտի, դրանից է մի քիչ խեղճանում, բայց դե պիտի աշխատենք, որ դա էլ հաղթահարի: Ինքն ուզում է ժողովրդական երգերի կատարումով հանդես գալ հետագայում, բայց դասական երգեցողությունն էլ է կարեւոր»:
Յուրա Մելքոնյանն էլ է նկատել, որ տղան բեմի հանդեպ վախ չունի, ընդհակառակը, հենց այդտեղ է նա դառնում առավել ինքնավստահ: «Դե էդ էլ նրանից է, որ փոքր ժամանակվանից կերգեի տարբեր միջոցառումների ժամանակ»,- խոստովանում է Խորենը: Բեմական ինքնավստահությունն ու աստվածատուր ձայնը տղային հաջողություններ են բերել թե հայաստանյան բեմերում, թե արտերկրում տեղի ունեցած մրցույթների ժամանակ: 2009 թ. Սանկտ-Պետերբուրգում «Կաստալսկի կլյուչ» երգի փառատոնին է մասնակցել` արժանանալով «Ամեն ինչ հնարավոր է» մրցանակին: Խրախուսական մրցանակ է ստացել Լեհաստանում սահմանափակ կարողությունների տեր անձանց համար կազմակերպված «Չնայած ամեն ինչին» վերտառությամբ երգի մրցույթի ժամանակ եւ այլն: Վոկալի ուսուցիչն ասում է, որ հաջորդ տարի ցանկություն ունեն ժողովրդական երգերով մասնակցել «Վերածնունդ» երգի միջազգային փառատոնին:
«Կուզենայի արտասահմանում ապրել,- խոստովանում է Խորենը,- շատ կուզեմ էնտեղ էլ կրթություն ստանալ, դրա համար էլ պիտի անգլերեն լավ սովորեմ»: Իր երազանքին հասնելու համար Խորենը մեկ խոչընդոտ էլ պիտի հաղթահարի: 2010 թ. նրա ձախ ոտքը վիրահատական ճանապարհով 8սմ-ով երկարացրել են: Վիրահատությունը կատարվել է Երեւանում, հետվիրահատական շրջանն անցել է հաջող, սակայն տղան ծունկը չի կարողանում ծալել:
«Թամբալությանս երեսից էղավ,- խոստովանում է Խորենը,-ընձի կըսեին` շարժե, վարժություններ արա, չէրեցի, հմի էլ ոտքս չեմ կրնա ծալել: Վերականգնողական կենտրոն գնացել եմ մասաժների, բայց հլը պրոբլեմը կա»: Անսահման լավատեսությունն այս հարցում էլ չի լքում տղային: Վստահ է` կգտնվեն մասնագետներ, ովքեր այդ խնդիրն էլ կկարգավորեն: Նման լավ մարդկանց շնորհիվ շուտով կթողարկվի իր երգերի ձայնասկավառակը: Խորենը պայծառանում է այդ մասին խոսելիս, ուրեմն ինչու՞ չհավատալ, որ մնացած երազանքներն էլ, ի վերջո, կիրականանան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել