
Ի՞նչ երաշխիքով են խոշոր վարկեր տրամադրում վարչապետի վերահսկողական ծառայության պետի կնոջը
2012թ. հունվարի 9-ին, երբ ստեղծվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, վարչապետ Տիգրան Սարգսյանը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հանձնաժողովի ստեղծմամբ հանրային ինստիտուտների նկատմամբ բարձրանալու է հասարակության վստահությունը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գործունեությունը հասարակության համար լինելու է առավել թափանցիկ ու հրապարակային:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ հանձնաժողովը ստեղծման օրվանից մինչ այս պահը որևէ բացահայտում չի իրականացրել, որը կարող էր հասարակության մոտ վստահություն առաջացնել: Սակայն, օբյեկտիվության համար նշենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հանձնաժողովին տրված լիազորությունները սահմանափակ են, և մեծ ցանկության դեպքում էլ հանձնաժողովը չի կարող լուրջ դերակատարում ունենալ: Ուստի այս պայմաններում խոսել պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկության մասին, մեղմ ասած, չափազանցված է:
Պաշտոնյանների ֆինանսական հոսքերը վերահսկելու ճանապարհը բռնած երկրներում, օրինակ, հարց կառաջանար, թե ինչպես են պաշտոնյային կամ նրա հետ փոխկապակցված անձին տրամադրում խոշոր վարկեր, երբ նա մեկ տարվա ընթացքում հայտարարագրում է 0 դրամ եկամուտ:
Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, 2013թ. չի աշխատել, ֆինանսական մուտքեր չի ունեցել՝ բացառությամբ մի քանի խոշոր վարկերի: Հարց. պաշտոնյայի կինը ի՞նչ միջոցներով է փակելու վարկը, կամ արդյո՞ք նա եկամուտ չունի, ինչպես որ հայտարարագրել է, թե՞ այն թաքցնում է:
Ի վերջո, 41 մլն դրամ և 80.000 դոլար արժեքով վարկերը քիչ գումար չեն, և առանց եկամուտի աղբյուրի դժվար թե բանկերը նման գումարներ տրամադրեին:
Համեմատության համար նշենք, որ երբ բանկերը գյուղացիներին գյուղատնտեսական վարկեր են տրամադրում, որոնք սովորաբար այդքան էլ մեծ գումարներ չեն, վերջիններս գրավադրում են իրենց շարժական ու անշարժ գույքը, 3-5 մարդ երաշխավորության պայմանագիր է կնքում և այլն: Իսկ մոտ 30.000 դոլար հիպոթեքային վարկ տրամադրելու համար բանկերը պահանջում են առնվազն 400.000 հազար դրամի ամսական կայուն եկամուտ, գույքի գրավադրում, երաշխավորություն և այլն:
Նշենք, որ Արմինե Քոչարյանը 40 մլն դրամի վարկ ստացել է նաև 2012թ-ին:
Պատշաճ վերահսկողության պայմաններում հանրությանը հայտնի չի լինում նաև, թե մեկ տարվա ընթացքում ինչպես են անհետանում պաշտոնյայի դրամական միջոցները:
Օրինակ՝ վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2010թ-ին, որպես դրամական միջոց, հայտարարագրել էր 250.000 եվրո և 4 մլն դրամ: 2011թ-ի վերջին այդ գումարը դարձել է 6 մլն դրամ և 100.000 եվրո: Թե ինչ է եղել 150.000 եվրոյի «ճակատագիրը»՝ անհայտ է:
Նշված տարում Ս. Գրիգորյանի միակ եկամուտը եղել է աշխատավարձը՝ 4 մլն 420 հազար դրամ:
2012թ-ին Սարգիս Գրիգորյանի դրամական միջոցներն ու եկամուտները գրեթե մնացել են անփոփոխ, ավելացել է միայն 5.000 դոլար վարկը:
2013թ-ին վարչապետի վերահսկողական ծառայության պետի եկամուտներն ու դրամական միջոցները նվազել են: Նա որպես աշխատավարձ ստացել է մոտ 2 մլն դրամ, իսկ դրամական միջոցներից մոտ 4 մլն դրամ նվազել է՝ դառնալով 2 մլն դրամ:
Սարգիս Գրիգորյանի լուսանկարը` կառավարության պաշտոնական կայքէջից
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել