
«Մարդկանց ձեռքին փող չկա, դրա համար էլ չինական նկարներն են առնում, պատերից կախում»
Փոքրիկ պատկերասրահ հիշեցնող հյուրասենյակի պատերը ծածկող կտավների մեջ գերակշռում են բնություն եւ հայկական եկեղեցիներ պատկերող յուղաներկ գործերը: 82-ամյա Ալեքսանդր (Շուռա) Ժամակոչյանը խոստովանում է, որ շատերի նման 1988 թ. երկրաշարժն էլ իր կյանքը բաժանել է «առաջ» ու «հետո» հասկացությունների՝ ազդեցություն թողնելով նաեւ ստեղծագործական կյանքում:
Գլխին փլվող շենքի պանելների տակ կուչ եկած, Աստծու անունը տալով ու նրանից կյանք խնդրելով` անհավատ կոմունիստը մի վայրկյանում վերածվել է բարեպաշտ քրիստոնյայի, 56 տարեկանում մկրտվել ու երդվել կտավին հավերժացնել հայկական բոլոր եկեղեցիները:
Տանտերը թեեւ տեղաշարժվում է ձեռնափայտի օգնությամբ, սակայն քայլքի մեջ տարիքին ոչ բնորոշ թեթեւություն է զգացվում: Տեղավորվելով բազկաթոռին՝ ինձ առաջարկում է նստել բազմոցին: Տանտիրոջ դուստրը՝ Թամարան, շտապում է խոհանոց՝ սուրճ պատրաստելու: Հստակ միտք, կապակցված խոսք ու դեռեւս մտապատկերներում չմշուշված հիշողության մարգարտյա շարան:
Հասկանալով անհանգստությունս՝ թեթեւ ծիծաղով տեղեկացնում է. «Մեկ-մեկ կարող է վատ լսեմ, մեկ էլ ոտքս է ցավում, ուրիշ թերություն չունեմ»: Արդարանում է՝ հումորը գեներով է եկել: Ալեքսանդրի Սեդրակ պապը գյումրեցիների շրջանում հայտնի է եղել «տափակ Սեթո» մականունով: Ուտող-խմող, կատակներ անող, շրջապատով մարդ է եղել: Կայարանամերձ տարածքում ժամանակին խորտկարան է ունեցել, ուր մարդիկ այցելել են ոչ միայն ուտելու, այլ նաեւ տիրոջ՝ «տափակ Սեթոյի» հումորները լսելու նպատակով:
Պապից Ալեքսանդր Ժամակոչյանը ժառանգել է հումորն ու արտիստիկ կեցվածքը: «Որ թողնեին հաստատ դերասան կդառնայի, բայց հերս էն ժամանակ պաշտոն ուներ ու համոզում էր ինձ բժիշկ դառնալ: Դա, իհարկե, իմ համար չէր: Իմ աշխարհը նկարչությունն էր: Բժիշկ դարձավ եղբայրս: Ես զոռով, երկու ամիս հաճախեցի բժշկական ուսումնարան, հետո թողեցի ու գործերս հեռակա տվեցի Նովոսիբիրսկի Կույբիշեւի շինարարական ինստիտուտ: Կմտածեի, թե լավ-վատ էլի գծագրելով պիտի զբաղվեմ, որ գոնե նկարչությանը մոտիկ է»,- պատմում է զրուցակիցս:
Նկարչական շնորհքը ժառանգել է մայրական գեներով. Նարիմանաշվիլիները հայտնի արվեստագետներ են Վրաստանում: «Մայրս վրացուհի էր, հորս հետ ամուսնացել է 17 տարեկանում ու դարձել տնային տնտեսուհի: Մինչեւ հիմա հիշում եմ, ինչ համեղ ճաշեր էր պատրաստում վրացական եւ հայկական: Ես ժառանգել եմ իրանց գենը: Իմ միակ զավակը՝ Թամարան, դաշնակահարուհի է: Իր երեք երեխաներն էլ, այսինքն` թոռնիկներս, շատ լավ նկարում են, բայց բոլորն էլ գնացին բժշկության ուղղությամբ.ստոմատոլոգներ են»:
Շուռան (ասում է, թե շատերն իրեն որպես Ալեքսանդր Ժամակոչյան չգիտեն, այլ պարզապես Շուռա.-հեղ.) նկարել սկսել է վաղ մանկական տարիքից: Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում հայտնվել է դասընկերոջ շնորհիվ: Պատմում է, որ մի օր դասընկերը տեսել է իր նկարներն ու առաջարկել իր հետ գնալ նկարչական դպրոց, որտեղ ինքն արդեն մի քանի ամիս է հաճախում էր: Դպրոցի տնօրենը թուղթն ու մատիտը դրել է Ալեքսանդրի դիմաց, առաջարկել նկարել: Այդպես դարձել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սան:
1963 թ. Նովոսիբիրսկի Կույբիշեւի շինարարական ինստիտուտի հեռակա բաժնում սովորելուն զուգընթաց աշխատանքի է անցնում Լենինականի «Հայ ռեկլամ» կազմակերպությունում, որպես նկարիչ-ձեւավորող:
«Ղեկավարս Խաչիկ Վարդպարոնյանն էր, 30 տարի իրար հետ ենք աշխատել, ի՜նչ տարիներ էին, է՜…ի՜նչ նկարիչների եմ հետ եմ շփվել: Դե սաղ գիտեն, որ նկարիչները ուտող-խմող մարդիկ են, էդ առումով հավաքները հաճախակի էին: Մոսկվա էլ շուտ-շուտ կերթայինք: Էն ժամանակ կարող է առավոտը տոմսն առնեինք թռնեինք, գործերս վերջացնեինք, հետ դառնայինք,- ծերունի նկարիչը ալեխառը գլուխը թեքած ժպտում է,- չե՞ս հավատա… Ճիշտ բան եմ ասում, էն ժամանակ Մոսկվա գնալը խաղ ու պար էր, հիմի է, որ թանկ է, ժամանակ շատ կխլե»:
Հիշում է այդ հավաքույթները, որին մասնակցում էին նաեւ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը: ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ Ջոն Պապիկյանի հետ է առիթ ունեցել աշխատելու: Վերջինս դասավանդում էր Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: Ջոն Պապիկյանի հետ աշխատելու փաստը զրուցակիցս շեշտում է հպարտությամբ:
Ասում է` վատ չէինք ապրում, փողը կար, գործողումները կային, ընկերական հավաքույթները կային, հարգանքն ու ճանաչումը կար: Աշխատանքի բերումով շատ չէր կարողանում նկարել. ավելի հաճախ զբաղված էր ռեկլամային պատվերների կատարումն ապահովելով: 700-ից 900 ռուբլի աշխատավարձ էր ստանում: Կտավները, որ անում էր այդ տարիներին, վաճառքի համար չէին, դրա կարիքը չուներ: Հիշում է, թե ինչպես Լենինի 100-ամյակին 1200 ռուբլի պարգեւատրում է ստացել ու ամբողջ գումարով «Պետրով» դաշնամուր գնել միակ դստեր համար:
![]() |
![]() |
Հիմա ընդամենը 48 հազար դրամ ծերության թոշակ է ստանում: Կենցաղային հոգսերը հոգալու, թոռնիկներին օգնելու նպատակով նաեւ կտավներ է վաճառում: «Հիմա այլեւս վաճառքի համար նկար չունեմ, ինչ մնացել են, գուցե ծառայեն ցուցահանդեսի: Վաճառում եմ նույնի կրկնօրինակը: Մի ժամանակ տանում էի Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում գտնվող սալոն, հիմա շատ է վատացել նկարիչների գործը: Չինական այդ նկարները, որ ներկրում են` չլինելով արվեստի գործ ու ավելի մատչելի, մարդիկ ձգտում են դա գնել, ոչ թե գեղանկարներ,- մտահոգվում է Ալեքսանդրը,- ես չեմ ասում, թե գնահատողներն են պակասել, ուղղակի մարդկանց ձեռքին փող չկա, դրա համար էլ չինական նկարներն են առնում պատերից կախում»:
Մի քանի ամիս է, ինչ չի կարողանում կանգնել նկարակալի առաջ. ոտքերը ցավում են: Արդեն պտույտի էլ հազվադեպ է դուրս գալիս իր սիրելի Գյումրիում: Նախկինում արած էսքիզների հիման վրա է փորձում ավարտին հասցնել կիսատ մնացած գործերը: Թոռների համար նկարել է, հիմա էլ ծոռների համար է նկարում, որ պապից հիշատակ ունենան:
![]() |
Թամարան` հոր` Ալեքսանդր Ժամակոչյանի հետ |
Ժամանակին բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների է մասնակցել: Վաճառած աշխատանքների մեծ մասը դուրս են տարվել: Ափսոսում է, որ Գյումրին է քիչ նկարել, քաղաք, որ իր արյան, իր գեների մեջ է: «Երբեք ուրիշ տեղ ցանկություն չեմ ունեցել մնալու, անգամ Երեւանում մի քանի ժամից ավել չեմ մնացել: Էս քաղաքը հոգուս մեջ է,- ասում է զրուցակիցս, հետո մի տեսակ բողոքավոր տոնով նկատում,-մոտս հիշողության անկում ունեմ, էս վերջերս եմ նկատել, հիմնականում անուններն եմ մոռանում, անմիջապես չեմ հիշում, որ հարցը տալիս են, հետո եմ հիշում: Դու էլ, որ հիմա բաներ կան, հարցնում ես, պահի տակ չեմ հիշում, որ պատմեմ»:
Դուստրն ասում է, որ հայրը Ֆուտբոլ է շատ սիրում, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սիրահար է: «Հենց կմոռանա Չելսիի անուն, զանգ կուտա ամուսնուս. « Աշո՛տ, զինագործների խաղն է»,- տիկին Թամարան ծիծաղում է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել