HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վտարում. ազատամարտիկը սպառնում է տունը վառել

Երեւանի Վարդաշեն փողոցի 45 տան մոտ միաժամանակ կանգած են բեռնատար եւ շտապօգնության ավտոմեքենաներ: Հարկադիր կատարողները եկել են Գրիգորյանների ընտանիքը վտարելու, իսկ նրանց ունեցվածքը հենց այս պահին հարկադրաբար լցնում են բեռնատարի մեջ:

1973 թ. օգոստոսին Ռուստամ Գրիգորյանն առքուվաճառքի պայմանագրով Ազատ Վարդանյանից 10 հազար ռուբլիով գնել է այս տան 3 սենյակները՝ 60 քմ մակերեսով, որն, ինչպես ինքն է ասում, եղել է տան օրինական մասը: Մեկհարկանի շինության հետնամասը եղել է ինքնակամ կառույց, եւ Վարդանյանները շարունակել են ապրել տան հենց այդ հատվածում: Նույնիսկ առքուվաճառքի պայմանագրում նշվել է, որ բնակարանի կոմունալ հարմարություններն ընտանիքները պետք է օգտագործեն համատեղ:

Հետագայում, երբ ընտանիքների անդամներն ավելացել են, Գրիգորյանները տան առջեւի հատվածում կառուցել են խոհանոց, բաղնիք եւ զուգարան, եւ Գրիգորյաններն ու Վարդանյանները շարունակել են համատեղ օգտագործել միայն բնակարանի մուտքը:

«Մոտ 40 տարի է՝ ապրում ենք այս տանը: Անցյալ տարի դիմեցինք դատարան՝ խնդրելով, որպեսզի բնակարանի մեր զբաղեցրած մակերեսի նկատմամբ ճանաչվի մեր սեփականության իրավունքը: Բայց մեր հարեւանը՝ Վարդանյանները, հակընդդեմ հայցով պահանջեցին մեզ վտարել»,- պատում է Ռուստամի ավագ որդու կինը՝ Լիզա Մելիքյանը:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է Գրիգորյաններին Վարդաշենի 6-րդ փողոցի 45 տնից վտարել: Ոչինչ չեն փոխել նաեւ վերադաս ատյանները, եւ առաջին ատյանի վճիռը ստացել է օրինական ուժ:

«Նույնիսկ Պիկասսոն չէր կարող այնպիսի նկարչություն անել, ինչպես դատավորն է արել այս գործում: Այն փաստերը, որոնք մենք փաստաթղթերով հիմնավորված ներկայացրել ենք, դատավորներից ոչ ոք հաշվի չառավ: Իսկ մյուս կողմի բերանացի ասածներն ընդունեցին որպես հիմք»,- մանրամասնում է Ռաիսա Գրիգորյանը՝ Ռուստամ Գրիգորյանի թոռը: Իսկ նրա մայրը թվարկում է դատարանի թույլ տված «աղաղակող կեղծիքները»:

«Մեր սեփականության իրավունքը ճանաչելու հայցադիմումի տակ ստորագրել էր նաեւ սկեսուրս՝ Ռոզա Գրիգորյանը: Դատարանը, հավատալով մյուս կողմին, գտավ, որ նրա հայցը չի կարող բավարարվել, քանի որ վերջինս Ռուստամի նախկին կինն է: Բայց գոյություն ունի զագսի վկայական, Ռուստամի միակ եւ օրինական կինը Ռոզան է: Ինչպես կարելի՞ է այդքան սուտ հորինել»,- զարմանում է Լիզա Մելիքյանը:

«Կամ դատավորը որոշել է Ռոնալդ Գրիգորյանին (տանտիրոջ մյուս որդուն) գրանցումից հանել, որովհետեւ նա 15 տարի Հայաստանում չի եղել: Բայց նրա անձնագրում՝ մուտքի եւ ելքի վիզաներով, երեւում է, թե երբ է Հայաստանից մեկնել ու ինչքան ժամանակով: Այս ընթացքում Ռոլանդն ընդամենը 1 տարի է բացակայել, եւ ամբողջ թաղամասը, հարեւաններն այդ մասին վկայում են»,- շարունակում է Լ.Մելիքյանը:

Հենց ինքը՝ ժամանակին տունը գնած Ռոստամ Գրիգորյանը, բարձրաձայնում է մյուս կեղծիքի մասին: Ըստ նրա՝ նոր թաղայինը՝ Ռոբերտ Արզումանյանը, որ Ազատ Գրիգորյանի փեսան է՝ հարազատ դստեր ամուսինը, դատարանում սուտ ցուցմունք է տվել, թե Գրիգորյանները շատ երկար ժամանակ է, ինչ այդ տանը չեն ապրում:

«Բա ո՞վ ա էսքան ժամանակ գազի ու լույսի փող տվել, կտրոնները կան, չէ՞, ինչպե՞ս կարելի է այդ ամենն անտեսել: Նույնիսկ նախկին թաղայինը, որ 20 տարի մեր թաղայինն էր, եկավ ու ասաց, որ այդպիսի բան չկա, սա թաղամասի ամենաբազմամարդ ընտանիքն է: Ոչ մի բան հաշվի չառան»,- հավելում է Լիզա Մելիքյանը: Նա նկատում է, որ նախկին դատավոր Օլգա Հովհաննիսյանն իրենց հարեւանի՝ Վարդանյանների ազգականն է, ու հենց վերջինիս կապերի շնորհիվ, ավելի կոնկրետ՝ «Արման Մկրտումյանի միջամտությամբ» էլ դատարանները դիմել են նման ապօրինության:

«Ես 76 տարեկան մարդ եմ, իմ քրտինքով փող եմ աշխատել, էս տունն առել: Հիմա ինձ ստիպո՞ւմ են մարդասպան դառնամ,- ասում է Ռոստամ Գրիգորյանը,- Հիմա էլ իրենք (Վարդանյաններ) ինձ ասում են՝ 10 հազար դոլար տվեք, ձեր հողամասը տվեք մեզ, քանդեք ձեր խոհանոցն ու ըտեղով ձեր համար նոր մուտք բացեք, մենք էլ վտարման պահանջից կհրաժարվենք»:

Ռուստամի որդին՝ ազատամարտիկ Ռոլանդ Գրիգորյանը, որ ժամանակին կռվել է Գարեգին Նժդեհ ջոկատում, սպառնում է տունն այրել. «Թող ինձ դատեն: Պետք ա հարցնեն՝ ինչի՞ համար ես վառել, տրաքցրել, կասեմ՝ ես փող չունեմ, որ դատարանին տամ ու իմ օրենքներս ճիշտ պաշտպանեն: Մարդիկ փող ունեն, տալիս են, ասում են՝ ոբշմ, հելեք գնացեք ստեղից: Մարդիկ փող ունեն, օրենքն առնում են, մեզ էլ ստիպում են հանցագործություն անենք»:

Գրիգորյանները նոր հայցով մտել են առաջին ատյանի դատարան եւ պահանջում են ճանաչել 1973թ. կնքված առքուվաճառքի պայմանագրի վավերականությունը: Նրանք խնդրում են բոլորի, հատկապես լրագրողների եւ օմբուդսմենի գրասենյակի աջակցությունը, որպեսզի ներկա լինեն դատավարությանը եւ ինչ-որ կերպ դատարանի գործողությունները վերահսկեն: ՄԻՊ գրասենյակի ներկայացույցիչները եւս այսօր դեպքի վայրում էին:

Հ. Գ. Վարդանյանների հետ զրուցել մեզ չհաջողվեց. նրանցից ոչ ոք տանը չէր: Իսկ Ազատ Վարդանյանի որդու բջջային հեռախոսը չի պատասխանում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (5)

Վահագն
Վարազ Սյունի (Ամստերդամ)-ին - Քո պես մտածող մարդիկ ոչ թե հետ չեն գալու, այլ հետո չեն էլ ընդունելու, երբեք, որ դժվար պահին իրենց կողքը չես եղել ու չես զգացել իրենց վիճակի անտանելիությունը ու ոչինչ չես ձեռնարկել նրանց օգնելու կամ նույնիսկ կարեկցելու համար: Ես չեմ իմանում նշված քաղգործի մանրամասները, չեմ կարող ոչինչ ասել, բայց սա առաջին և վերջին դեպքը չի, ու չի լինելու, քանզի դատաիրավական բարեփոխումները մտել են փակուղի ու արվող փոփոխությունները ոչ միայն կոսմետիկ են, այլ իրականում նույնիսկ այդ կոսմետիկ փոփոխությունները չեն պահպանվում: Սա է կարևորը, այլ ոչ թե այն, որ Շտապ օգնության մեքենայի վրայի եղած գովազդը տեսնելը:
Elia
դպրոցներում խայտառակ վիճակ ա, իբր տնօրենի պաշտոնը ընտրովի ա, բայց դե բոլորը գիտեն թե դա ինչպես ա տեղի ունենում:
SAM
Shat yerkrner em eghel, bayts vochmi yerkrum Shtap Ognutyan mekenayi vra govazd chka. Zarmanum em , et vor grel en Viva Cell ova et panikayi pahin nayelu govazdin hivande , mahacoghe te nranc harazatnere. Khaytarakutyuna jnjeq et govazde u kap chuni ova nver tvel et mekenanere.
Anahit
Varaz Syuni mi ban asem ches havata...dprocnerum ujhexacel e kasharakerutyuny, en el ahavor, anhavatali, harevani axjkan hasarak usucich yndunelu hamar, gyuxi dproci tnoreny 2 hazar dolar er uzel, kesn el marzpeti het kisvelu hamar, mi usucich el patmum er vor ir drac gnnahatakannery poxvum en avartakan dasarannerum, direktori koxmic, iharke klorik v&ari dimac. patkeracnum es mi yerkrum, vortex dproci direktorn e kasharaker, ayd yerkiry hotum e...inchpes kareli e, mi mankavarj, dproci direktor, poxaren &isht dastiraki serundnerin...inch en anum...???
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նման դեպքերի համար է,որ մարդիք ԶԶՎՈՒՄ են հետ գալ Հայաստան: ՀԳ.Գովազդ շտապ-օգնության մեքենայի վրա? Այ քեզ խայտառակություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter