
Պաշտպանության նախարարի տեղակալն ընդունել է ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդին
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը:
Մեկնաբանել