
Եվգենի Կոնիշեւ. «Սա հարված էր ռուս ազգի թիկունքին եւ այն ներում չունի»
Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւն այսօր կեսօրին հանդիպել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին եւ հայտնել իր ցավակցությունը հունվարի 12-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ:
«Այս դրամատիկ պահին ողջ հայ ազգը եւ ռուս մարդիկ անկեղծորեն սգում են ողբերգական միջադեպի զոհերի համար,- նշեց Եվգենի Կոնիշեւը,- զոհվել է մի ողջ ընտանիք, այդ թվում եւ փոքրահասակ երեխա: Դժվար է որոշել կատարված հանցագործության աստիճանը: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վալինկինի, ինչպես նաեւ իմ անունից, ողջ ռուս ազգի անունից ցավակցում եմ Գյումրու ժողովրդին, քաղաքային իշխանություններին: Սա մեր ընդհանուր դժբախտությունն է:
Մենք գլուխ ենք խոնհարում անմեղ զոհերի առաջ, եւ ցանկանում ձեր միջոցով նրանց հարազատներին ու մերձավորներին փոխանցել մեր ցավակցությունը: Հայտնել նրանց, որ մենք իրենց հետ ենք, մենք հայ ազգի հետ ենք, մեզ կապում է դարավոր բարեկամությունն ու եղբայրությունը, եւ մեզ համար այսօր ընդհանուր սուգ եւ ընդհանուր ողբերգություն է:
Սա, իհարկե, մեծ հանցագործություն է, որին չկա արդարացում: Ես հույս ունեմ, որ նախաքննությունը գործը կհասցնի իր տրամաբանական ավարտին եւ կպատժվի ոչ միայն անմիջական հանցագործը, այլեւ նրանք, ովքեր իրենց անգործությամբ նպաստել են այս հանցանքի կատարմանը: Թողտվություն է եղել եւ նրանք, ովքեր իրենց դիրքում չեն եղել, հույս ունեմ, որ նույնպես կպատժվեն:
Սա հարված էր ռուս ազգի թիկունքին եւ այն ներում չունի: Ես վստահ եմ, որ բոլոր մեղավորներն առանց բացառության կպատժվեն»,- նշել է հյուպատոսը:
Մեկնաբանել