HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անահիտ». միֆական չարիքն ու գորգագործությունը

Նունե Հախվերդյան

«Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը, որի պրեմիերան կայացավ Ամանորի նախաշեմին, այն աշխատանքներից է, որն իրականացվել է բացառապես պետական աջակցությամբ (արժեցել է 250 մլն դրամ) ու էկրան է բարձրացել որպես ժամանակակից հեքիաթ հայաստանցիների համար:

Եվ այն իրոք ժամանակակից է, այսինքն` ֆիլմի ընդհանուր կառուցվածքն ու ուղերձը այսօրվա Հայաստանի իմիջի հայելային արտացոլումն են: Այն իմիջի, որը հենց հիմա է ձեւավորվում ու ներկայացվում ներքին շուկայում որպես նորովի վերաշարադրված ազգային միֆ:

Մուլտֆիլմի նախաձեռնողները` Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցի հիմնադիրները (Դավիթ Սահակյանցը, Լյուդմիլա Սահակյանցը, Նաիրա Սահակյանցը), իրականում ոչ միայն վերապատմել են ծանոթ հեքիաթը, այլեւ ահռելի գործ են կատարել: Նրանք հինգ տարի տեւած աշխատանքից հետո ստեղծել են կոկիկ անիմացիոն լիամետրաժ ֆիլմ նոր իմաստով, բայց միեւնույն ժամանակ ոչ մի նոր շեշտադրում սյուժեին չեն ավելացրել ու չեն սրել: Իսկ դա բավականին բարդ գործ է, քանի որ Ղազարոս Աղայանի հեքիաթն իր մեջ պարունակում է տարբեր հարցադրումներ` սեռային, ժառանգական, երկրի կառավարման, մարդկային փոխհարաբերությունների:

Իհարկե, այդ բոլոր հարցադրումները կան որպես ֆոն, բայց առաջին պլանում բոլորովին այլ հարց է հայտնվել: Դիտելով ֆիլմը` հասկանում ես, որ առաջնային է համարվել չարիքի վերաիմաստավորումը, այսպես ասած բացասականի նորագույն միֆը տեսանելի դարձնելը:

Փոքր-ինչ հեռվից սկսենք: Ցանկացած հեքիաթի հիմքում չար ու բարի ուժերի բախումն է եւ որպես տրամաբանական ավարտ` բարի, նվիրյալ, աշխատասեր ու մեծահոգի հերոսների հաղթանակումը: Հստակ բարին երջանկանում է, հստակ չարը` ոչնչանում: Եվ կարեւորը հենց հստակ լինելն է, առանց կիսատոների ու վարանումների: Դասական հեքիաթի հիմքը բեւեռացումն է: «Անահիտինը»` նույնպես:

Այդ մոդելից շքեղ բացառություն են կազմում Հովհաննես Թումանյանի սյուրռեալիստական հեքիաթները, որոնք գլխիվայր շրջում են դրականի ու բացասականի տեղերը: Անբան Հուռին, օրինակ, թե՛ սիրային, թե՛ նյութական դաշտում հաղթանակում է` չունենալով ոչ մի ցայտուն արժանիք, բացի այն, որ սովորական աղջիկ է (անգամ Կիկոսի մոր եւ մորաքույրների եռանդով օժտված չէ):

Իսկ Ղազարոս Աղայանի Անահիտը անսովոր, եզակի հերոսուհի է: Նա սկզբունքային է եւ, ի տարբերություն Անբան Հուռիի, ոչ թե ծույլիկ ու ներդաշնակ աղջիկ է, այլ ինքն է կռում իր բախտը: Հրահանգելով Վաչագան թագավորին արհեստ սովորել ու մտածել վաղվա օրվա մասին, Անահիտը ոչ միայն արքային է փոխում, այլեւ ինքն է փոխվում: Անբան Հուռին անգամ ցանկություն չունի փոփոխությունների մասին մտածել, քանի որ սառը փիլիսոփա է ու ընդունում է կյանքն, ինչպես այն կա: Ընդամենը երեւակայությունն է մի քիչ լարում եւ պարգեւատրվում է երջանկությամբ` մատը մատին չխփելով:

Ղազարոս Աղայանը պարզ գծագրված մոդել է առաջարկում, Թումանյանը` խճճված: Թումանյանի հեքիաթներում չար չկա, այն տարալուծված է մթնոլորտում ու հերոսների ներաշխարհում (դրա լավագույն ապացույցը «Մի կաթիլ մեղրն է»): Աղայանը չարը հստակեցնում է, հերոսների դիմացը կանգնեցնում ու հրավիրում դրա դեմ մարտի դուրս գալ բոլոր հնարավոր զենքերով: Այս դեպքում` հնարամտությամբ ու քաջավարի:

«Անահիտի» ռեժիսոր Դավիթ Սահակյանցն իր նկարված դրական հերոսների դիմաց առավելագույնս հեռու գտնվող չարիք է դրել: Այդ չարը ոչ միայն Հայաստանի սահմաններից ու մարդկային էությունից է դուրս, այլեւ անդին է: Այն բառիս բուն իմաստով մութ ուժ է (ծուխ, որդ, ուրվական), որը, սակայն, կոնկրետ անուն ունի` Էնվեր: Եթե դրան գումարենք Վաչագանի դավաճան հորեղբորը` Ազարին, չարի այնպիսի ֆոնետիկ ու պատկերային խառնուրդ դուրս կգա, որի դեմն առնելու համար գրեթե միջազգային միջամտություն է հարկավոր:

Եվ ստացվում է, որ մեր «Անահիտը» (ուզենք թե չուզենք, այն մերն է, ոչ թե հեղինակների սեփականությունը) աշխատասեր ու բարի մարդկանց ներքին խաղաղությունը պայմանավորում է ոչ թե ներքին, այլ արտաքին թշնամու առկայությամբ: Այնքան արտաքին, որ արդեն ճանաչելի չէ, քանի որ չարիքի անունների ակնարկներն ու վիզուալ տեսքը հակադրվում են բարի կերպարների ընդգծված խառնվածքներին ու ընտրված մասնագիտություններին: Ի վերջո, գորգագործությունը հստակ աշխատանք է` ճիշտ կառուցված դազգահ է հարկավոր, նախապես ընտրված թելեր, նախշի արարման հմտություն:

Եվ այդ հստակ ու ճշգրիտ դրականին գալիս է խանգարելու բացարձակապես աբստարկցիան: Դժվար է կռահել, թե ինչ է ուզում մուլտֆիլմի վերացական չարիքը: Թերեւս միայն չար գործեր անել, առանց մատնանշելու, թե դրանք որոնք են: Ավելի շուտ տիեզերական դավադրության պես մի բան է փորձում իրականացնել:

Չարը կարող էր ներկայանալ որպես ագահ ու փառասեր կառավարիչ, որը կեղեքում է գեղջուկներին ու հարկերի ավելացման միջոցով հարստանում: Կամ`ագրեսիվ ու անկիրթ պերսոնաժի տեսք ստանալ ու հակադրվել բանիմաց ու գրագետ աշխատովորին: Օրինակ, դպրոցներ փակեր, գրքեր այրեր, ստիպեր մոռանալ հայերեն լեզուն:

Չարն այս մուլտֆիլմում նման բաներ չի անում, եւ մենք հասկանում ենք, որ այն հայոց հողի ծնունդ չէ: Եվ հենց այս կետում է, որ բավականին գրագետ արված մուլտֆիլմում դատարկ անցքեր են հայտնվում: Արտաքին աշխարհից եկող մշուշոտ չարիքը բախվում է տեղային կոլորիտի ու մասնագիտությունների հետ` հանուն… բախման: Այդ դատարկ անցքերը հումորով կամ երգերով են լցվում՝ դիտվելով որպես կլիպային դրվագներ, այլ ոչ թե սյուժեն առաջ տանող կեռիկներ: Միգուցե պետք էր արտաքին չարիքն ավելի գայթակղիչ ու ճանաչելի դարձնել՝ թույլ տալով, որ հերոսները կասկածեն, մտահոգվեն, իսկ ոմանք էլ փոխվեն: Բայց եւ՛ դրական, եւ՛ բացասական հերոսները շատ ստատիկ են:

Ֆիլմում կարեւոր չէ, թե ովքեր են չարիքի դեմ պայքարում, կարեւորը` թե որն է չարիքը: Դա մոտավորապես ինքնությունդ հասկանալու պես մի բան է: Եվ հենց սա է  հայաստանյան այսօրվա միֆը. առանց թշնամու մենք չկանք: Ընդհակառակը` մենք կանք, եթե հանդիպում ենք հզոր, հեռավոր ու որոշ իմաստով վիրտուալ թշնամուն: Ասենք, յոթ ծովից այն կողմ գտնվող, այլ ոչ թե մեր կողքին ապրող:

Դա տեղական (շատ նեղ տեղական, գրեթե մի քանի հազար սպառողներով) շուկայի համար նախատեսված միֆ է: Եվ հենց այդ միֆն է սատարվում ու տարածվում տարբեր հարթակներում (այս թվում` քաղաքական):

Համաձայնեք, որ սա ոչ թե ինքնության վերգտնման, այլ ինքնության լղոզման ուղի է, որտեղ ուղենիշները փոխվում են այնքան արագ, որ չես հասցնում կարդալ դրանք: Չէ՞ որ եթե օտարում ես քո միջի անբանին ու ագահին, չարը, մեղքը միայն քեզնից դուրս ես տեսնում, դառնում ես ոչ թե կենդանի կերպար, այլ կարգախոս:

Մուլտֆիլմում կա մի դրվագ, որն անկեղծ ասած, մեկնաբանելը գրեթե անհնարին է: «Անահիտը» հեքիաթ է, որտեղ փառաբանվում ու ծիսականացվում է արհեստը: Եվ ողջ մուլտֆիլմի ընթացքում դրա մասին խոսվում ու երգվում է:

Ֆինալում միստիկ ծագում ունեցող ու իրենց տերերի (Անահիտի ու Վաչագանի) ալտեր-էգոն ու պահապան-հրեշտակները համարվող կենդանիները (Անդոկն ու Զանգին) ուրախ զրուցում են: Հարց է հնչում. «Ուրեմն թագավորը գորգագործ ա, հա՞, դառել»: Պատասխան. «Այո»: Շարունակություն. «Ուրեմն սրանից հետո քեզ կասեն ոչ թե թագավորի, այլ գորգագործի շուն, հա´, հա´, հա´»:

Դա ասվում է հայտնի առոգանությամբ, երբ խոսում են միաժամանակ բերանը ծռելով ու ծիծաղելով: Եվ սա հենց այն դրվագն է, որը դահլիճում մեծ արձագանք է ստանում: Բոլորը ծիծաղում են: Դե, որովհետեւ ծիծաղելի է` հա´մ բերանը ծռած, հա´մ էլ գորգագործ արքա:

Իմաստների տատանումներ կան, որոնք դժվար հաշվարկելի են: Մեկ էլ տեսար, բարի ցանկությունդ չարիք դարձավ, իսկ վրիպակդ` ճշմարտություն: Կամ էլ՝ հումորը այնքան ուռճացավ, որ դադարեց հումոր լինել՝ ընկալվելով որպես վարքագծային մոդել:

Հնարավոր է ենթադրել, որ մուլտֆիլմում պարբերաբար հնչող ռուսերեն բառերն ու բառակապակցությունները բարի ցանկություններով են արված: Դե, պետք էր ասել` «կ չորտովոյ բաբուշկե» կամ ռուսական երգ երգել: Անգամ կարելի է ընդունել, որ որոշ կերպարներ անհաջող են ստացվել (օրինակ, բարբաջող Պետրոս հրաշագործն ու անիմաստ գռեհիկ ու թուլամիտ ձի Անդոկը): Կան շատ լավ գծագրված կերպարներ (օրինակ մի քիչ առնական Անահիտը, բարձր տեխնոլոգիաներ կիրառող իմաստուն շուն Զանգին):

Բայց եթե հաշվարկից բացառվել է ներքին խնդիրը, ներքին հակասությունը (թեկուզ խղճի ձայնի տեսքով), էֆեկտը թույլ է լինում: Միշտ է այդպես, քանի որ աշխարհի երեսին ոչ մի բացարձակ բան չկա: Առավելեւս հեքիաթներում, որոնք ինքնության հարց են շոշափում արտաքին չարիքի միջոցով: Երկու տարբերակ կա` կամ ծիծաղում ես դրսի հայացքով, կամ նեղվում ներսի դիրքերից:

Եվ թող չթվա, որ մանկական մուլտֆիլմը զերծ է այսպիսի փիլիսոփայական հարցադրումներից: Ընդհակառակը՝ հենց այն մուլտֆիլմերն են հետք թողնում, որոնք հավակնում են խոսել բարձր դիրքերից: Իսկ մնացածը կինոլեզվի ու վարպետության խնդիր է: 

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
Շնորհակալություն հոդվածի ու նաեւ ֆիլմի մտահղացման համար, հրաշալի է Աղայանի հեքիաթը ի տարբերություն Թումանյանի մարդակեր աղջկա ու այլ հեքիաթներ... Սական այդ ռուսալեզու ընտանիքը իր սովորական «կիլդիմներից» չի հեռացել՝ անգամ պետական միլիոններ ծախսելով.... Մեղմ եք բնորոշել այն՝ « Հնարավոր է ենթադրել, որ մուլտֆիլմում պարբերաբար հնչող ռուսերեն բառերն ու բառակապակցությունները բարի ցանկություններով են արված: Դե, պետք էր ասել` «կ չորտովոյ բաբուշկե» կամ ռուսական երգ երգել: Անգամ կարելի է ընդունել, որ որոշ կերպարներ անհաջող են ստացվել (օրինակ, բարբաջող Պետրոս հրաշագործն ու անիմաստ գռեհիկ ու թուլամիտ ձի Անդոկը): Կան շատ լավ գծագրված կերպարներ (օրինակ մի քիչ առնական Անահիտը, բարձր տեխնոլոգիաներ կիրառող իմաստուն շուն Զանգին)»....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter