Հումանիզմ խաղալն արդեն վաղուց հետաքրքիր չէ, պարոնայք ջենթլմեններ
40 երկրների առաջնորդների մասնակցությամբ օրեր առաջ Փարիզում «Միասնության երթ» տեղի ուենցավ, որին մոտ 1 միլիոն մարդ էր ներկա: Աշխարհն այս կերպ իր զորակցությունն էր հայտնում «Charlie Hebdo» երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հունվարի 7-ին կատարված ահաբեկչական հարձակման զոհերի հարազատներին, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին, ինչպես նաև միասնականությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում: Փարիզյան այս մասշտաբային ակցիան, իհարկե, խիստ խորհրդանշական էր: Բայց դրա հաջորդ օրը Նիգերիայի հյուսիսարևելյան մասում գտնվող Մայդուգուրի քաղաքում նոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 19 մարդ զոհվեց: Ենթադրվում է, որ պայթյունները, որոց միջոցով իրականացվել էր ահաբեկչությունը, կազմակերպել էր «Բոկո-Հարամ» ծայրահեղական խմբավորումը: Սա այն խմբավորումն է, որը եվրոպական բոլոր երկրները, ՄԱԿ-ը ճանաչել են որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես «Ալ Քաիդան», որը ստանձնել է փարիզյան ահաբեկչության պատասխանատվությունը: Նիգերիայում սա ահաբեկչության առաջին դեպքը չէ: Անցած տարվա նոյեմբերին այս երկրի ամենամեծ քաղաքում՝ Կանոյում, մզկիթում տեղադրված ռումբի պայթյունից և կրակոցներից 81 մարդ սպանվեց: Բայց ո́չ նոյեմբերին, ո́չ էլ այս վերջին ահաբեկչությունից հետո աշխարհի որևէ մայրցամաքում, որևէ աշխարհամասում Նիգերիայում կատարվող ահաբեկչությունների կապակցությամբ «Միասնության երթ» չկազմակերպվեց այնպես, ինչպես որևէ մեկի մտքով չանցավ համերաշխության և բողոքի նման ակցիաներ կազմակերպել, երբ ամիսներ շարունակ Իրաքում և Սիրիայում տասնյակ հազարավոր քրդեր ու եզդիներ էին ոչնչացվում, ենթարկվում ցեղասպանության՝ չնայած այդ ժողովուրդների՝ աշխարհին ուղղված օգնության աղերսանքներին:
Եվրոպան, գերտերությունները հումանիզմի մասին մերթընդմերթ հիշում են միայն այն ժամանակ, երբ ահաբեկչության տեսքով բռնությունների ուղտը չոքում է իրենց դռանը, երբ ցավը զգում են սեփական մաշկի վրա, երբ ծայրահեղականությունը արյունոտ ոտքերով մտնում է իրենց տուն, ցավեցնում իրենց ընտանիքի անդամներին:
Մերձավորարևելյան երկրներում մոլեգնող քաոսի, բարբարոսությունների, աներևակայելի անմարդկային բռնարարքների, մարդկանց ստրկացնելու մասսայական դեպքերի ֆոնին, ահա, «քաղաքակիրթ մարդկությունը» ցնցվել է Փարիզում կատարված ողբերգությունից և տենդագին ինչ-որ պատճառահետևանքային կապեր է փնտրում կրոնական անհանդուրժողականության լաբիրինթոսում, փորձում հակադրել ու համադրել խղճի, համոզմունքների ազատությունը խոսքի և արտահայտման ազատությանը, ավելի ճիշտ` դրանց ծայրահեղականացված և հիմնովին ձևախեղված ընկալումները, գտնել դրանց հատման գիծը: Մարդկությունն ընկել է բացարձականացման մի խելահեղ վազքի մեջ, որը ոչ մի տեղ ուղղակի չի տանում:
Մինչդեռ ուղղակի նեղմտություն է նման ոճիրները կրոնական համոզմունքների վիրավորման կամ եվրոպական քաղաքակրթական տարածքում խոսքի ազատության սկզբունքի բացարձականացման պրիզմայով անցկացնելը: Դրանք մարդկության դեմ գործվող հանցագործությունները քաղաքականության գործիք դարձնելու և այդ հարցում քաղաքակիրթ աշխարհի դրսևորած ընտրողականության ուղղակի հետևանքն է, որն ինքնին շատ վաղուց արդեն վերածվել է մարդկության և հումանիզմի դեմ մի անասելի, մասշտաբային դավադրության: Եվ այդ ընտրողականությունը, երբ ահաբեկչությունները կամ ոճրագործությունները դատապարտվում են ըստ հայեցողության և քաղաքական նպատակահարմարության՝ խարսխված այսպես կոչված «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքի վրա, տիպիկ շովինիզմ է, որովհետև բռնությունները, ահաբեկչությունները, ծայրահեղականությունը հասարակական անվտանգության սպառնալիքներ են դառնում միայն այն ժամանակ, երբ թիրախում հայտնվում են առաջադեմ, «սպիտակ ձեռնոցներով ջենթլմենների» հասարակությունները: Դրա համար էլ այդ քաղաքակիրթ հանրույթը ցնցվում է ֆրանսիական, անգլիական ահաբեկչություններից, բայց Իրաքում, Սիրիայում, Նիգերիայում նույնատիպ ահաբեկչությունները, էթնիկ բնաջնջումների ակնհայտ դրսևորումներն ընդունում է որպես իրենից հեռու օրինաչափ, տանելի իրողություններ: Դրա համար էլ երբ թուրքական կառավարության հովանավորությամբ զինված ահաբեկչական խմբավորումները հարձակվում ու տեղահանում էին քեսաբահայությանը, տասնյակ ահաբեկչական խմբերը սիրիական կառավարական զորքերի դեմ պատերազմի քողածածկույթի տակ ոչնչացնում էին ազգային փոքրամասնությունների համայնքները, մշակութային ու կրոնական ժառանգությունը, սիրիական ժողովրդին դարձնում կենդանի վահան, այդ նույն «ջենթլմենների» հասարակությունը թաքուն հրճվում էր, թե նպատակն արդարացնում է միջոցները՝ առանց իրենց հաշիվ տալու, որ նման ցինիզմով և անպատժելիությամբ արհավիրքը բերում են սեփական տուն: Քանզի նույն կերպ ծայրահեղականների համար էլ ընկալելի է դառնում նպատակի համար բոլոր միջոցների արդարացվածության սկզբունքը:
Այս իմաստով փարիզյան ողբերգության եզակիացումը՝ դրա կրոնական ենթատեքստը շահարկելու միջոցով, իրականությունից փախչելու փարիսեցիական դրսևորում է: Եթե առաջնորդվում ենք այս սկզբունքով, ապա կարելի է կրոնական ենթատեքստ գտնել նաև ԻԼԻՊ-ի զինյալների կողմից շիա-մահմեդականներին ոչնչացնելու, էլ չենք խոսում` «անհավատ» եզդիներին ու քրդերին բնաջնջելու բազմաթիվ աղաղկող փաստերի ներքո, որոնք, սակայն, եվրոպաներում, ամերիկաներում, Ռուսաստանում ընկալվում են որպես պատերազմական իրավիճակում անխուսափելի զոհողություններ: Զոհողություններ՝ հանուն աշխարհաքաղաքակ ինչ-որ շահերի:
2013թ. ազգությամբ չեչեն եղբայրների կողմից Բոստոնում իրականացված ահաբեկչությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում պակաս մեծ ռեզոնանս չառաջացրեց, չնայած միասնության երթեր այն ժամանակ չանցկացրին: Ինչպես և 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի ահավոր ահաբեկչությունը, սա ևս ուղղակի կրոնական ոտնահարված արժանապատվության ենթահող չուներ: Բայց հասարակական գիտակցության վրա դրանք փարիզյան այս ողբերգությունից պակաս ազդեցիկ չէին: Խնդիրը, հետևաբար, ոչ թե շարժառիթներն են, այլ իր անտարբերությամբ, երկակի ստանդարտների քաղաքականությամբ, պատմական փաստերն ու իրողությունները ճանաչելու, իրերն իրենց անունով կոչելու հարցում ցուցաբերած ընտրողականությամբ ուժային բոլոր կենտրոնների կողմից ահաբեկչությունն ու մարդկության դեմ գործվող հանցագործություններն արդեն վաղուց, դանդաղ, բայց հետևողականորեն լեգիտիմացնելու անամոթությունը: Այնքանով, որքանով անկախ բնույթից, գաղափարական հենքից` ահաբեկչական խմբավորումների ձևավորումը, թաքուն և բացահայտ հովանավորումը շարունակում են մնալ այլ տարածաշրջաններ վերաձևելու, ազդեցության գոտիներ ստեղծելու, անցանկալի ռեժիմներից ազատվելու գործուն միջոցներ, սեփական տարածքում սեփական հասարակություններին պատուհասվող ահաբեկչությունների համար այդ երկրների կառավարությունները, ուժային կենտրոնները կրում են լիարժեք քաղաքական և բարոյական պատասխանատվություն:
Ու չնայած թվում է, թե գոնե այս ողբերգությունից հետո այդ երկրների հասարակությունները կսթափվեն, գրեթե կարելի է չկասկածել, որ երկարաժամկետ կտրվածքով այն որևէ ազդեցություն չի ունենալու, ինչպես չեն ունեցել նախորդ բոլոր նմանատիպ ահաբեկչությունները: Այն կխորացնի իսլամաֆոբիան՝ ստեղծելով նման դեպքերի հաճախակիացման ավելի պարարտ ենթահող, կմեծացնի միջքաղաքակրթական ու միջկրոնական փոխադարձ ատելության, առճակատման մասշտաբները, որոնք ոչ այլ ինչ են, քան հենց շովինիզմը սնուցող արյունատար անոթներ: Այնպես որ, «Միասնության երթ» կազմակերպելուց հետո տներով ցրվելը հաստատապես ամենամեծ հերոսությունը չէ, ջենթլմեններ, հումանիզմ խաղալն արդեն վաղուց հետաքրքիր չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել