Նախախորհրդարանը կոչ է անում շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը
Գյումրիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի եւ դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ Նախախորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Հայաստանի պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրենց վարքով շարունակում են ապացուցել սեփական ժողովրդին, որ ընդամենը ապազգային, կամազուրկ և ապիկար նոր-գաղութային վարչակազմ են:
Մի ամբողջ ընտանիքի երեք սերունդ սեփական տան մեջ սպանդի է ենթարկվել: Ընտանիքի միակ ուղիղ ժառանգորդ է մնացել կյանքի ու մահվան սահմանագծում գտնվող մանկահասակ երեխան: Այդ հիմքով ամբողջ ազգը խնամակալության իրավունք է ձեռք բերել նրա նկատմամբ և հարազատի նման ընդունելու կրում է նրա և նրա ընտանիքի ցավն ու կորուստը: Մինչդեռ գործող ռեժիմը, անտեսելով մեր ժողովրդի զգացմունքներն ու իրավունքները և, վախենալով իր օտար տիրոջից, անգամ սուգ չի հայտարարել երկրում: Ավելին, սգացող ժողովրդի նկատմամբ Գյումրիում և Երևանում իրականացված երեկվա զանգվածային բռնությունները վկայում են իրավապահ համակարգի՝ սեփական ժողովրդից ունեցած խորքային օտարացումը և բացահայտում նրա ոչ յուրային, այլ նոր-գաղութային էությունը:
Ի տարբերություն վարչակազմի` մեր ժողովուրդը հերթական անգամ հերքում է իր անկամության մասին տարածվող հերյուրանքները` ցուցաբերելով ազգային և մարդկային բարձր արժանապատվություն, ինչպես նաև իր ինքնիշխանության համար պայքարելու կամք ու վճռականություն՝ պահանջելով կասկածյալին հանձնել հայկական կողմին:
Կոչ ենք անում հաստատակամ շարունակել դիմադրության ինքնակազմակերպումը և պայքարը:
Մենք ենք տերը մեր երկրի….»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել