HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիացի գործարարները հետաքրքրված են IDeA հիմնադրամի ծրագրերով

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց ֆրանսիացի գործարարների պատվիրակության հետ, ովքեր Հայաստան են ժամանել Հայ- ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի եւ բրիտանական PMCI  ներդրումային ընկերության հրավերով՝ գործարար միջավայրին եւ իրականացվող խոշոր ծրագրերին ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է  հիմնադրամի հանրային կապերի բաժինը:

Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել հանդիպել նաեւ  IDeA հիմնադրամի ղեկավարության հետ՝ հիմնադրամի գործունեությանն ու իրականացվող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերին ծանոթանալու համար:

Ա. Գեւորգյանը  տեղեկություններ ներկայացրեց IDeA-ի  գործունեության մասին՝ նշելով, որ հիմնադրամն արդեն իրականցրել է ենթակառուցվածքների զարգացման եւ կրթական այնպիսի մասշտաբային ծրագրեր, ինչպիսիք են «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ Դիլիջանի քոլեջի նախագծերը:  «Մեր հիմնական նպատակն է երկարաժամկետ ծրագրերի իրականացման միջոցով  նպաստել երկրի անցմանը գոյատեւումից դեպի բարեկեցության, զարգացման փուլ: Մենք իրականացնում ենք հիմնականում երկու տեսակի՝ ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ ծրագրեր, որոնք կարող են նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծմանը»,-նշեց Ա. Գեւորգյանը՝ նկատելով, որ կոնկրետ վայրում խոշոր ծրագրի իրականացումը հանգեցնում է  նաեւ տվյալ տարածաշրջանի զարգացմանը, ինչպես  վերը նշված ծրագրերի դեպքում:

Ըստ Ա.Գեւորգյանի՝ հիմնադրամը կարեւորում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը եւ աջակցում է ՀՀ կառավարությանը՝ այս ոլորտում ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային  բարեփոխումների, մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման հարցում: Նա նկատեց, որ Հայաստանում զբոսաշրջային ինդուստրիայի զարգացման տեսանկյունից կարեւոր նշանակություն կարող է ունենալ ֆրանսիական ընկերությունների հարուստ փորձը, եւ այս ոլորտում արդյունավետ գործակցություն կարող է ծավալվել:

Հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հաթեմյանը կարեւոր եւ հետաքրքիր համարելով հիմնադրամի աշխատանքը՝ նկատեց,որ զբոսաշրջությունը պալատի գործունեության հիմնական ուղղություններից է, եւ հնարավոր համարեց այս ոլորտում փոքր ծրագրերի իրականացումը:

Ա.Գեւորգյանն ուշագրավ համարեց զբոսավարների վերապատրաստման,IDeA հիմնադրամի ծրագրերում ընդգրկված համայնքներում փոքր ծրագրերի իրականացման առաջարկները: Նա նաեւ պատասխանեց համագործակցության հնարավորությունների մասին հյուրերի հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter