HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Արմեն Մովսիսյան.«Աշխատավարձերը բան մասով տրվում են, ծրագիրն էլ էն ամենաբան քննարկման փուլում է»

Ռուսական լրատվամիջոցները երեկ օրվա վերջին տեղեկություն տարածեցին, որ Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզէՍ հիմնադրամից Հայաստանին 400 մլն դոլար վարկ հատկացնել «Նաիրիտ» գործարանի արդիականացման համար: Նշենք, որ այդ վարկի շուրջ բանակցությունները շարունակվում էին շուրջ 2 տարի: Ըստ ռուսական աղբյուրի' հայկական կողմին մնում է միայն պաշտոնական դիմում ներկայացնել, որից հետո գործընթացը մեկ-երկու ամսում կավարտվի: Ռուսական կողմը տեղեկացնում է նաև, որ գումարը Հայաստանին հատկացվելու է երեք տրանշով' գործարանի պարտքերը մարելու և այն արդիականացնելու համար:

«Նաիրիտում», սակայն, անելանելի իրավիճակ է ստեղծվել, քանի որ գործարանի ղեկավարությունը կուտակել է հսկայական պարտքեր: «Նաիրիտի» աշխատակիցներն արդեն 4 ամիս է' աշխատավարձ չեն ստացել: «Հայացք»-ի հետ զրույցում նրանք վրդովված նշեցին, որ գործարանի ղեկավարությունը մտադիր էլ չէ մարել պարտքերը: «Անորոշ վիճակ է մեզ մոտ, ոչ գիտենք աշխատում ենք, ոչ էլ ամեն ամիս փող ենք ստանում: Մարդիկ ինչքա՞ն կարող են պարտքով ապրել»,- հարցադրում արեցին նրանք: Արդեն 1,5 տարի է' «Նաիրիտի» աշխատակիցները հարկադիր պարապուրդի մեջ են: Գործարանի ղեկավարությունն այդ ընթացքում նրանց պետք է վճարեր աշխատավարձի երկու երրորդը, սակայն այդ պարտավորությունը ամիսներ շարունակ չի կատարվում: Աշխատակիցներն էլ բարկացել են և սպառնում են դարձյալ բողոքի ցույցեր անցկացնել:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից երեկ հետաքրքվեցինք, թե ինչ իրավիճակ է «Նաիրիտում»: «Հայացք»-ի հարցին ի պատասխան Ա.Մովսիսյանը բառացիորեն ասաց հետևյալը. «Աշխատավարձերը բան մասով տրվում են, էլի կտրվեն: Ինչ վերաբերում է իրականացվող ծրագին, ծրագիրն այս պահին գտնվում է էն ամենաբան քննարկման փուլում: Հրավիրել ենք դրսի մասնագետներ, որպեսզի այդ հարցերում մեզ օգնեն' ճիշտ ուղղություն ընտրելու համար, «Նաիրիտի» վերազինման, վերականգման, վերագործարկման համար»:

Երբ նախարարին տեղեկացրինք, որ գործարանի աշխատակիցները պահանջում են նախորդ ամիսների իրենց աշխատավարձը, նա պատասխանեց. «Ես չեմ տեսել տենց բան, ո՞վ ա ասել»,- ու շտապ հեռացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter