
Մի ցուցանմուշի պատմություն. Խաչատրյանի երկրպագուի կորզած ստորագրությունն ու պատմական դարձած դաշնամուրը
Աննա Բաբաջանյան
Հայ հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հերթական դաշնամուրի հանդիպելը սովորական մի բան է: Այցելուն, սակայն, անտարբեր չի անցնի դրանցից հատկապես մեկի կողքով, քանի որ ուշադիր զննելու դեպքում դաշնամուրի փակիչի վրա կնկատի հետևյալ գրությունը. «Արամ Խաչատրյան 18. 10. 57»: Ի՞նչը պետք է ստիպած լիներ կոմպոզիտորին իր անունը թողնել գործիքի վրա, և ինչո՞վ է նրա համար առանձնանում այդ ամսաթիվը: Ծանոթանալով ցուցանմուշի պատմությանը՝ պարզ է դառնում, որ ամսաթիվն առավել նշանակալից է Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուներից մեկի համար:
Երբ կոմպոզիտորը 1957 թվականին համերգային հերթական շրջագայությամբ մեկնել էր Հարավային Ամերիկա, ինչպես լինում էր սովորաբար, հայ համայնքը մեծ ջերմությամբ էր ընդունել սիրելի մաեստրոյին: Իսկ երբ նա Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում էր, տեղի հայերից մեկը՝ Տիրան Մոստիջյանը, Խաչատրյանի պատվին ընդունելություն է կազմակերպում իր տանը: Կոմպոզիտորի մեծ երկրպագուն, պարզվում է, մինչև նրա ժամանումը ծայրահեղ քայլի էր գնացել: Նա ֆրանսիական «Փլեյեր» մակնիշի դաշնամուր էր գնել զուտ միայն այն բանի համար, որ մաեստրոն գեթ մեկ անգամ դիպչեր դրա ստեղներին:
![]() |
![]() |
Մաեստորն Մոստիջյանի տանը | Ա. Խաչատրյանը, կողքին` Տ. Մոստիջյանը |
Եվ երբ Խաչատրյանը, չմերժելով տան տիրոջ կամքը, իր մի քանի ստեղծագործություններից հատվածներ է նվագում, Մոստիջյանն անսպասելի մի խնդրանքով դիմում է մաեստրոյին: Նա մի մեխ է տալիս Խաչատրյանին, որպեսզի վերջինս դրանով իր անունը փորագրի դաշնամուրի փակիչի վրա: Կոմպոզիտորը սկզբում հրաժարվում է կատարել խնդրանքը, քանի որ դաշնամուրն իր տեսակի մեջ եզակի էր, և նա ափսոսում էր քերծել այն: Ի վերջո, երբ տան տերը շատ է համառում, Խաչատրյանը վերցնում է մեխն ու թողնում գրությունը: Այդպիսով, Մոստիջյանը հասնում է իր ուզածին՝ մաեստրոյից գեթ մի ստորագրություն կորզելով:
Այս դեպքից հետո որոշ թերահավատներ սկսում են կարծիքներ հայտնել, թե Մոստիջյանը, ով անտիկվար իրերի խանութ ուներ, նպատակ ուներ վաճառել Խաչատրյանի ստորագրությամբ դաշնամուրը բավական թանկ գնով: Ժամանակը, սակայն, գալու էր հերքելու բոլոր այդ խոսակցությունները՝ ցույց տալով, որ Մոստիջյանը Խաչատրյանի իրական, նվիրյալ երկրպագուն էր: Երբ Մոստիջյանն ամուսնացնում է իր դստերը` Անահիտին, դաշնամուրը, որպես օժիտի մի մաս, նվիրում է վերջինիս: Աղջիկը մեկնում է բնակություն հաստատելու Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում՝ իր հետ տանելով պատմական գործիքը: Անահիտ Շիրինյանը, տարիներ անց իմանալով, որ Երևանում գործում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, թանկագին այդ մասունքը 1989 թվականին նվիրում է թանգարանին:
Մեկնաբանել