Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` Ռուսաստանի նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին։
Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները կարևորել են այս հարցում երկու երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ համագործակցությունը:
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։ Վլադիմիր Պուտինը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել