HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ալիկ Սարգսյան. «Ես զզվում եմ, որ իմ շորերի վրա թուք է թափվում, հետո չեմ կարում էդ շորը հագնեմ»

Կառավարության շենքի տարածքը երեկ առավոտից հսկում էր ոստիկանների մեծաքանակ մի բանակ: Հինգշաբթի էր, կառավարության հերթական նիստի օրը, իսկ իշխանությունները որոշել էին ցուցարարներին արգելել հավաքվել կառավարության շենքի դիմաց: Այս հրահանգի անմիջական հեղինակը ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էր, ում նախորդ հինգշաբթի ցուցարարները կոպիտ խոսքերով վիրավորել էին և, ոստիկանապետի խոսքով, վատ զգալու փոխարեն հրճվել: Ոստիկանության` կառավարության շենքը շղթայելու երեկվա գործողությունները, սակայն, միայն ցուցարարներին չէին վերաբերում: Այդ տարածքով իրավունք չունեին քայլելու նաև հասարակ անցորդները, իսկ լրագրողներին անցաթղթերով էին թողնում կառավարության շենքին հարակից տարածք: Մի խոսքով, սեփական երկրի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում տեղաշարժվելու համար մարդիկ երեկ պետք է ոստիկաններից թույլտվություն վերցնեին:

Կառավարության նիստից հետո ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, դեմքի խիստ վիրավորված արտահայտությամբ, սկսեց արդարանալ, թե ինչու է նման ծայրահեղ միջոցի դիմել: «Ինչպե՞ս կարող էին մի հայ տղամարդու, ոչ ավել, ոչ պակաս' մեր ժողովրդի գեներալ-լեյտենանտին, նման խոսքերով վիրավորել»,- հարցադրում արեց նա: Սակայն չպատասխանեց այն հարցին, թե ինչպե՞ս կարող էր մի հայ տղամարդ, ոչ ավելի, ոչ պակաս' մեր ժողովրդի գեներալ-լեյտենանտը, խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը սեփական երկրում: Եվ սա առաջին ու միակ դեպքը չէր: Ինչևէ, Ալիկ Սարգսյանը նաև «հաթաթա» տվեց. «Եթե բողոքի ակցիաներն ուղեկցվելու են պաշտոնյաների հասցեին ուղղված վիրավորանքներով, առաջարկում եմ կառավարության դիմաց չհավաքել»: Նրան բոլորից շատ վրդովեցրել էր այն, որ ցուցարարները վիրավորել են հենց իրեն: Ալիկ Սարգսյանը նեղացած նշեց, որ մշտապես համբերատար լսել է բողոքող զանգվածի խնդիրները: Բայց դե, ցուցարաներն ապերախտ դուրս եկան և վիրավորանքով փոխհատուցեցին իրեն:

«Նախորդ միջադեպի ժամանակ ես հասկացա, որ այս մարդկանց մոտ արդեն ձևավորվել է մի վիճակ, որ նրանք որևէ կերպ արդարամտության ու ճիշտ դատողության հետ եզրեր չունեն: Ես չեմ հեքրում, դա իմ հանձնարարականն է: Եթե նրանք շարունակեն նման վարքագիծ դրսևորել, ես ստիպված եմ... Ի պաշտպանություն իրենց եմ ես սա արել: Թե չէ' այսօր ես մեթոդներ պետք է կիրառեի, պետք է անպայման գործողություն ձեռնարկեի, որովհետև ես պարտավոր եմ թույլ չտալ, որ մարդկանց վիրավորեն»,- ընդգծեց նա:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ հնարավոր բախումից խուսափելու համար է նման հրահանգ տվել. «Նախատեսում էի այսօր, վիրավորանքի դեպքում, ոչ միան Վարդգես Գասպարիին, այլև շատ մարդկանց բերման ենթարկել և բոլորի նկատմամբ կազմել վարչական արձանագրություններ»:

Միաժամանակ նա նշեց, որ ոստիկանության գործողություններն օրինաչափ են, օրենքից դուրս ոչինչ չի կատարվում:

Հարցին, թե որքանով է օրինաչափ սովորական քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելը, ոստիկանապետը պատասխանեց. «Ցույցերի և երթերի մասին օրենքով, սա մասսայական միջոցառում է»: Նրա խոսքով' ոստիկանները ցուցարարների հետ բացատրական աշխատանքներ են տանում: Հենց այդ աշխատանքների շրջանակներում էլ ակտիվիստ Լալա Ասլիկյանը երեկ բերման էր ենթարկվել:

Ոստիկանապետը նշեց, որ հիմա արդեն հասկանում է այն պաշտոնյաներին, ովքեր կառավարության նիստերի օրերին շենքի հետնամուտքով են դուրս գալիս` նախընտրելով չշփվել ցուցարարների հետ: «Ես այդ օրը հասկացա, որ մարդիկ պատճառ ունեն չշփվելու հասարակության այս խմբի հետ: Մարդը, որը բանականություն չունի և ընդամենը աղմուկ բարձրացնելով է փորձում տպավարություն ստեղծել, թե ինքն ակտիվիստ է, սա հիվանդ երևույթ է»,- նշեց նա` ակտիվիստ Վարդգես Գասպարիին «չձևավորված» ու «կիսախելագար» անվանելով: Ալիկ Սարգսյանը, սակայն, հավանաբար չի էլ փորձել վերլուծել, որ հենց պաշտոնյաների խուսափողական վարքագիծն ու անգործությունն է ցուցարարի մեջ նման հակակրանք առաջացրել:

Իսկ բոլորից շատ ոստիկանապետին զայրացրել է այն, որ ցուցարարները «բերաններից թուք էլ են քցում»: «Մի պաշտոնյա խորհուրդ տվեց ինձ` գուցե չտանեինք ցուցարարներին, էս անգամ էլ թողնենք թող սենց շարունակվի: Ես ասեցի' արի նույն սցենարը քո համար կառուցեմ կառավարության դեմը: Վարդգես Գասպարիին էլ կբերեմ, նրա մոտ թքելը լավ է ստացվում, թող խոսի, բերանից էլ թուքը թափի վրեդ, և դու դրան նորմալ վերաբերվի: Ես զզվում եմ, որ իմ շորերի վրա թուք է թափվում, հետո չեմ կարում էդ շորը հագնեմ»,- նշեց Ալիկ Սարգսյանը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանություններ (1)

sofia
iroq ajdqan primitiv e mer naxarare vonc vor parizum e cnvel

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter