Ամեն տարի 3 միլիոն մարդու կյանք է փրկվում կանխարգելիչ պատվաստումների միջոցով
2004 թ.-ից ի վեր անցկացվող Իմունիզացիայի եվրոպական շաբաթն այս տարի կտևի ապրիլի 23-30-ը: Ամենամյա միջոցառման գերխնդիրներն են բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների մասին և պատվաստման ենթակա յուրաքանչյուր անձին պատվաստումների միջոցով զերծ պահել կառավարվող վարակիչ հիվանդություններից:
«Պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է»,- հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:
Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը, բնակչության տեղաշարժի աճն ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ դեպի արտերկիր, նպաստավոր պայմաններ են ստեղծում վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման համար: Շնորհիվ կանխարգելիչ պատվաստումների` ներկայում հանրապետությունում չեն արձանագրվում այնպիսի կառավարելի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, նորածնային փայտացումը, պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը:
Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի նվաճումներից է վերջին տարիներին կառավարելի վարակիչ հիվանդությունների պատճառով մանկական մահացության զրոյական մակարդակը:
Հայաստանում կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում յուրաքանչյուր երեխայի հաշվառվելուց հետո ծնողին տրվում է պատվաստման քարտ, որում մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, ներմուծման ժամկետները: Ծնողների համար քարտի մեջ գրառում է կատարվում երեխայի նախորդ և հաջորդ պատվաստումների մասին:
«Խստորեն հետևեք պատվասման օրացույցին, միայն ժամանակին արված պատվաստումը կպաշտպանի ձեր երեխային ծանր ու վարակիչ հիվանդություններից` առաջացնելով կայուն դիմադրողականություն»,- նշում է նախարարության կայքը:
Այսօր Հայաստանում կան բոլոր նախապայմանները պատվաստանյութերն առանց վնասելու պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերը տեղափոխվում են սառնարան-պայուսակներով, որտեղ 24-ից մինչև 48 ժամ պահպանվում է անհրաժեշտ 2-ից 8 աստիճան ջերմությունը: Սահմանված ջերմային նորմայից բարձր կամ ցածր ջերմաստիճանը կարող է վնասել պատվաստանյութը, ինչի արդյունքում այն կորցնում է իր հիմնական հատկությունը:
Բուժհիմնարկներում պատվաստանյութերը պահվում են հիմնականում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տված սառնարաններում: Նմանատիպ սառնարաններով ապահովված են մայրաքաղաքի բոլոր ծննդատներն ու պոլիկլինիկաները, մարզային կենտրոնական բուժհիմնարկները: Թե պետության, թե միջազգային կազմակերպությունների գնած բոլոր պատվաստանյութեն ունեն համապատասխան արտոնագրեր, որոնք փաստում են, որ տվյալ պատվաստանյութը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափորոշիչներին:
Իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետություն ունեցող ռազմավարություններից է: Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր պատվաստումներով կանխարգելվող վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի շնորհիվ կտրուկ նվազեցին և ընդհանուր կառավարելի հիվանդություններով հիվանդացությունը, և այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը:
Այս նվաճումը մարդկանց մեջ ձևավորեց կարծիք, թե այլևս անհրաժեշտություն չկա պատվաստումներ կատարել հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ: Այս կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ ծնողներին կարող է հետ պահել երեխային պատվաստման տանելուց:
Միշտ պետք է հիշել` քանի դեռ հիվանդության հարուցիչը գոյություն ունի բնության մեջ և շրջանառում է շրջապատում, պետք է զգոն ու պատրաստ լինել դիմակայելուն: Հիշենք 2010 թ. Տաջիկստանում պոլիոմիելիտի բռնկումը, որը տարածվեց նաև հարևան երկրներում և մոտ 500 մարդու հաշմանդամության ու 29 մարդու մահվան պատճառ դարձավ:
Այս օրերին Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա և այլն) լուրջ խնդիր է կարմրուկը: Միայն Բուլղարիայում վերջին երկու տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկից մահվան 24 դեպք: Այս հիվանդները կարմրուկի դեմ պատվաստում չէին ստացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` կանխարգելիչ պատվաստումների միջոցով ամեն տարի փրկվում է ավելի քան 3 միլիոն մարդու կյանք, միլիոնավոր մարդկանց մոտ կանխվում է վարակիչ հիվանդության և հաշմանդամության զարգացումը:
Յուրաքանչյուր ոք պատվաստման վերաբերյալ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի մեծ է, քան հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքի ռիսկը: Ըստ վիճակագրության` կարմրուկով հիվանդ մոտ 1000 մարդուց մեկի մոտ զարգանում է էնցեֆալիտ, մինչդեռ կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ մոտ մեկ միլիոն համակցված պատվաստումից մեկի մոտ կարող է զարգանալ հետպատվաստումային էնցեֆալիտ: Հայաստանում ամեն տարի կատարվում է մոտ 80.000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել