Անակնկալների թեժ աշունը
Երեկվանից Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյան հրաժարականի մասին շրջանառվող լուրերը դեռեւս չեն հաստատվել, սակայն դա ընդամենը «տեխնիկական հարց է»: Կարեն Կարապետյանը հեռանում է:
Շրջանառվում են երկու վարկածներ: Առաջինը, որ նրան Մոսկվայում պաշտոն են առաջարկել: Մյուսը, որը, ըստ երեւույթին հիմնականն է, նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած խնդիրներն են:
Նախագահը ընտրություններից առաջ հստակեցնում է հավատարիմների թիմը, իսկ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ համարվում էր Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ, նույնիսկ խոսվում է նրանց համատեղ բիզնեսների մասին: Հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր նրան նշանակել «ՀայՌուսգազարդի» ղեկավար: Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանը վերդառնա իր նախկին` «գազի» ոլորտ, բնականաբար, ոչ Հայաստանում:
Քաղաքական թեժ աշնան սկիզբը «հայտարարված է»: Եվ ինչպես միշտ, որոշումները նախագահ Սարգսյանը կայացնում է՝ առանց հանրապետականների հետ քննարկելու: Այդ իսկ պատճառով Ս.Սարգսյանի որոշումները միշտ անկնկալ են լինում նրա շրջապատի համար:
Կարեն Կարապետյանին «հեռացնելը» վերջին անակնկալը չէ Հայաստանի քաղաքական դաշտում: Սա ընդամենը սկիզբն է. նոյեմբերին Սերժ Սարգսյանը իր շրջապատին մատուցելու է բազմաթիվ անակնկալներ:
Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր Ազատության հրապարակում իր անակնկալներն է մատուցելու քաղաքական դաշտին: Երիտասարդների խումբը պահանջում է կտրուկ քայլերի գնալ: Հնարավոր է՝ այսօր այդ խումբը հայտարարի անժամկետ նստացույց:
Մնում է երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի որոշումը, իսկ «Բարգավաճ Հայաստանը» դեռ լռում է: Ամենավտանգավորը Սերժ Սարգսյանի համար Ռոբերտ Քոչարյանի թիմն է: Քոչարյանի որոշումից է կախված «Բարգավաճ Հայաստանի» ճակատագիրը: Կկանգնի՞ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի նախանշած «կոտրած տաշտակի» առաջ, թե՞ ոչ, հայտնի կդառնա շատ արագ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել