850 կգ թմրանյութ տեղափոխած Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19, Ավթանդիլ Մարտիաշվիլին` 17 տարի ազատարզրկման
Անահիտ Բաղդասարյան
Իրանից Հայաստան 850 կգ թմրանյութ տեղափոխած Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուն դատապարտվեց 19, Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին 17 տարի ազատարզրկման:
Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունից 850 կգ թմրանյութի տեղափոխման գործով վերջին դատական նիստը: Այս դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ Ավթանդիլ Մարտիաշվիլու վրացի պաշտպան Թեյմուրազ Մայսուրաձեն, որից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ընդմիջում հայտարարեց դատավճիռ կայացնելու համար:
Մոտ մեկ ժամ ընդմիջումից հետո դատավոր Դ. Գրիգորյանը հրապարակեց դատավճիռը, որով Օսման Ուղուրլուն մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետերով հանցագործությունների կատարման մեջ և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով դատապարտվեց 13 տարվա, իսկ 215 հոդվածի 2-րդ կետով 6 տարվա ազատազրկման ` գույքի և մաքսանենգության առարկայի 850 կգ 107գր 337մլ հերոին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ:
Քր.օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ որոշվեց 19 տարի ազատազրկում` մաքսանենգության առարկայի` հերոին տեսակի թմրամիջոցի և գույքի բռնագրավմամբ:
Ավդանթիվ Մակիշվիլին մեղավոր ճանաչվեց ՀՀ քր. Օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ամբաստանյալը դատապարտվեց ազատազրկման 12 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ, իսկ 215 հոդվածի 2-րդ մասով`ազատազրկել 5 տարի ժամկետով` գույքի և մաքսանենգության առարկայի 850 կգ 107գր 337մլ հերոին տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: Վերջնական պատիժ որոշվեց 17 տարի ազատազրկումը:
Բռնագրավումը տարածվեց նաև Ա. Մարտիաշվիլու 2 բջջային հեռախոսների, 70 դոլարի և 20 լարի գումարի և Օ. Ուղուրլուի 2 բջջային հեռախոսների, 6500 դոլարի, 2600 եվրոյի և 165 լարի գումարի վրա: Դատավճիռն օրինականացնելուց հետո այն կլինի ՀՀ սեփականությունը: Պատժի ժամկետի սկիզբը կհաշվի 2014 թվականի հունվարի 17-ը: Որպես դատական ծախս ամբաստանյալներից կբռնագանձվի նաև 1մլն 387 հազար 74 դրամ:
Մեկնաբանել