Կառավարությունն առաջարկում է 10 անգամ կրճատել տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման դեպքում, ըստ կառավարության, հարկային լրացուցիչ խթաններ կտրամադրվեն արտահանում իրականացնող ռեզիդենտ հարկ վճարողներին՝ նպաստելով տնտեսական աճի տեմպի արագացմանը:
Մասնավորապես, բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը առաջարկվում է նվազեցնել 10 անգամ՝ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:
«Սա կառավարության ոչ ստանդարտ քայլերից է, որով մենք փորձում ենք խթանել արտահանումը, - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Եթե մենք կարողանանք ունենալ նման գործընկերներ, ովքեր տարվա ընթացքում 50 մլրդ դրամի ապրանք կարտահանեն մեր երկրից, ապա դա իրոք և՛ աշխատատեղերի ստեղծում է, և՛ լրացուցիչ եկամուտներ կապահովի մեր պետական բյուջեում: Սա պետք է խրախուսենք և բոլորս խոսենք այս օրենքի նախագծի մասին, որպեսզի նաև տեղյակ լինեն մեր հայրենակիցները և բոլոր այն գործարարները, ովքեր կցանկանան կազմակերպել արտահանում: Մենք մի քանի անգամ քննարկել ենք այս խնդիրը, այն չի կարող վերաբերել հանքարդյունաբերության ոլորտին: Ես կարծում եմ, որ սա մեծ խթան կհանդիսանա արտահանումն ավելացնելու համար»:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը հրատապ է ճանաչել օրենքի այս նախագիծը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել