HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մի կույտ խնդիրներ եւ ոչինչ չասող քառամյա ծրագիր

Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի չամուսնացած տղաները չեն համարձակվում այլ համայնքներ խնամախոսության գնալ: 

Վերջերս երիտասարդներից մեկը ծնողների հետ գնացել է Տանձուտ համայնքից աղջիկ ուզելու, սակայն աղջկա ծնողները, իմանալով, որ տղան Լուկաշինում է ապրում, ասել են, թե այդ համայնք աղջիկ չեն ամուսնացնի, քանի որ ճանապարհները քարուքանդ վիճակում են եւ իրենք չեն կարող ավտոմեքենայով գնալ-գալ աղջկա տուն:

«Գյուղի ամենամեծ խնդիրը անմխիթար ճանապարհներն են: Եթե մտածում ենք համայնքի զարգացման մասին, ապա առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկվեն ճանապարհների խնդիրը կարգավորելու համար: Խոսքը միայն համայնքամիջյան ճանապարհների մասին չէ: Դաշտամիջյան ճանապարհները նույնպես կարեւոր են, հատկապես անձրեւոտ օրերին անանցանելի են դառնում»,- ասում է Լուկաշինի համայնքապետ Փանոս Խորոզյանը: Նրա հաշվարկով՝ մոտ 270 մլն դրամ է անհրաժեշտ համայնքի ճանապարհներն ամբողջությամբ վերանորոգելու համար:

Գլխավոր մայրուղուց Լուկաշին համայնքը հեռու է ընդամենը 3,5 կմ: Հենց այդ ճանապարհի վերանորոգումն էլ համայնքապետը համարում է անհետաձգելի: Նույն ճանապարհով են անցնում մոտակայքում գտնվող քարի հանքից եկող բեռնատար ավտոմեքենաները, որոնք ամեն անգամ 30-40 տոննա քար են տեղափոխում: Հենց այդ ավտոմեքենաներն էլ ամբողջությամբ փոսերի են վերածել երբեմնի ասֆալտապատ ճանապարհը:

«Այդպես չի, որ ճանապարհի անմխիթար վիճակը պետք է դիտենք սովորական երեւույթ: Մարդիկ մինչեւ իրենց բերքը շուկա են հասցնում, ճանապարհի անսարքության հետեւանքով որակազրկվում է, հետեւաբար ընկնում է շուկայական արժեքը: Այնքան բան կարող եմ թվարկել ճանապարհների մասին, որ ասեք՝ հերիք է»,-ավելացնում է համայնքապետը:

Լուկաշինի ճանապարհների խնդիրն ընդգրկված է համայնքի զարգացման 2009-2013 թթ. քառամյա ծրագրում, որը բաղկացած է ընդամենը 3 էջից: «Համայնքապետարանն իր ուժերով չի կարող այն ասֆալտապատել, սակայն 2009-2013 թթ. ընթացքում պետք է անպայման գոնե մասնակի ասֆալտապատման եւ հարթեցման աշխատանքներ կատարվեն»,- ահա այսքանն է գրված քառամյա ծրագրում: Ոչ մի խոսք չկա, թե համայնքապետարանն ինչպես է պատկերացնում այդ ճանապարհի վերանորոգումը եւ որտեղից է ակնկալում անհրաժեշտ ֆինանսական միջոցները:

Լուկաշինի բյուջեն կազմում է 15 մլն դրամ, 22 մլն դրամ էլ դոտացիան է, որը, համայնքապետի ասելով, գալիք տարի կրճատվելու է: Մեր այն հարցին, թե ինչ ֆինանսական հոսքերի, կանխատեսումների հիման վրա են քառամյա ծրագիրը մշակել, Փանոս Խորոզյանն ասում է, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առել տնտեսության ներուժը եւ մի շարք այլ հանգամանքներ եւս:

«Հաշվի ենք առել, որ համաֆինանսավորման պայմանով շատ միջազգային կազմակերպություններ են ներդրումներ անում համայնքներում: Նման մի ծրագրով էլ արդեն համագործակցության հուշագիր ենք ստորագրել ամերիկյան «Քաունթերփարթ ինթերնեշնլ» ընկերության հետ, որ գումարներ ներդրվեն խմելաջրի, համայնքի լողավազանի եւ հիվանդանոցի վերանորոգման համար»,- ասում է համայնքապետը: Ստորագրված հուշագիրն ուժի մեջ է մինչեւ 2012 թ. սեպտեմբերի 30-ը, եւ աշխատանքների մեկնարկը տրվելու է այս տարվա նոյեմբերի 1-ից:

Իր կարեւորությամբ Լուկաշինի հաջորդ խնդիրը 1966 թ. կառուցված խմելաջրի մաշված ցանցն է: Ջրագծի երկարությունը մոտ 25 կմ է, եւ ոչ մի անգամ չի վերանորոգվել: Խողովակների մաշվածության պատճառով լուկաշինցիներին մատակարարվող ջուրը համարվում է տեխնիկական եւ խմելու համար պիտանի չէ: Մաքուր ջուր լուկաշինցիները գնում են ցիստեռններով, որը բերվում է Թալինից, եւ մեկ դույլ ջուրն արժե 50 դրամ: Համայնքապետն ասում է, որ միայն տեխնիկական ջուր մատակարարելու համար շահագործում են 4 խորքային հորեր, որոնց համար ծախսվում է զգալի չափով էլեկտրաէներգիա: Ըստ Փ. Խորոզյանի՝ տարեկան 7-8 մլն դրամ է ծախսվում բնակչին տեխնիկական ջուր հասցնելու համար, մինչդեռ այն օգտագործվում է միայն լողանալու եւ լվացք անելու համար:

«Մենք մեր բյուջեի մոտ 50%-ի չափով գումար ենք ծախսում ջրամատակարարման համար, բայց չունենք որակյալ ջուր»,- ավելացնում է համայնքապետը:

Խմելաջրի խնդիրը նույնպես ներառված է քառամյա ծրագրում, եւ դարձյալ որեւէ հիմնավորում չունի, թե ինչ միջոցներով է խնդիրը կարգավորվելու: «Խմելաջրի ցանցը շատ հին է, եւ համայնքապետարանն ի վիճակի չէ այն փոխել, սակայն 2009-2013 թթ. պետք է մասնակի վերանորոգվեն խողովակները: Մեծ ուշադրություն պետք է դարձվի խորքային հորերի վրա, որպեսզի համայնքը չջրազրկվի»,- գրված է ծրագրում: Սա այն դեպքում, երբ Լուկաշինի բյուջեն 2008 թ.-ից կալանքի տակ է՝ սկզբում ամբողջությամբ, հետո արդեն մասնակի:

Փ. Խորոզյանը համայնքապետ է ընտրվել 2009 թ., եւ նրա ընտրվելուց հետո է միայն կալանքը տարածվել բյուջեի 50%-ի վրա: Այդ ժամանակ նորընտիր համայնքապետը պաշտոնը ստանձնել է 56 մլն դրամ պարտքով, որից 20 մլն-ը՝ սոցապահովության վճարներն են եղել, 25 մլն-ը՝ էլցանցի պարտքը, մոտ 16 մլն էլ աշխատավարձի պարտքն է եղել եւ այլն: Ամբողջ պարտքը գրեթե մարվել է եւ մնացել է միայն 3 մլն դրամը, որը մինչեւ դեկտեմբեր կմարվի, եւ բյուջեն կալանքից դուրս կհանվի: Սակայն, որեւէ երաշխիք չկա, որ գալիք տարում համայնքը պաշտպանված կլինի, ասենք, բնական աղետներից, եւ գյուղացիները 100%-ով կկատարեն իրենց հարկային պարտավորությունները:

Փանոս Խորոզյանն ասում է, որ նախկին համայնքապետը չի կարողացել հարկերը հավաքել, այդ իսկ պատճառով պարտքեր էին կուտակվել, իսկ վերջին տարիներին ինքը կարողացել է սեփական եկամուտների գծով բյուջեն կատարել 90-102%-ով:

Քառամյա ծրագրի հաջորդ կարեւոր խնդիրը Թամանյանի նախագծով կառուցված հիվանդանոցի շենքի վերանորոգումն է: Հսկայական շենքից այսօր օգտագործելի է միայն մեկ սենյակը, որտեղ էլ տեղակայված է համայնքի ամբուլատորիան:

«Մենք իր բոլոր հարմարություններով հիվանդանոց ենք ունեցել, իսկ հիմա, եթե մեկի մատը փուշ մտավ, պիտի գնա Արմավիր, որ կարողանան բուժել: Վերանորոգումը մեծ գումարների հետ կապված հարց է, մենք այդքան ֆինանսական միջոցներ չունենք, որ նման հարցեր լուծենք, անպայման կառավարության աջակցությունն է պետք»,- ասում է Փանոս Խորոզյանը եւ հիշեցնում, որ հիվանդանոցի վերանորոգումը նույնպես ներառված է համայնքի զարգացման քառամյա ծրագրում:

Լուկաշին համայնքը ստեղծվել է 1924 թ.: Գյուղում գրանցվել է 3160 մարդ, սակայն փաստացի ապրում է մոտ 2600 մարդ: Փանոս Խորոզյանն ասում է, որ վերջին երկու տարում համայնքում միգրացիան ակտիվ է. գյուղացիները եւ գնում են, եւ գալիս: Նրա կարծիքով՝ պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն են. մի տարի կարկուտն է ամբողջ բերքը փչացնում, մյուս տարի ցրտահարություն է լինում, գյուղացին էլ ստիպված գնում է արտագնա աշխատանքի, որ կարողանա գոյատեւել:

Գյուղում թեեւ խնդիրները շատ են, բայց կապիտալ վերանորոգված է համայնքապետարանի շենքը: Ավագանու համար աշխատասենյակ էր առանձնացված, տեղեկատվական ցուցանակը թարմացված էր որոշումներով եւ ավագանու նիստի մասին ծանուցումներով: Լուկաշինում գյուղացիները հաճախ են գրավոր դիմում համայնքի ղեկավարին եւ ավագանու անդամներին: 2009 թ. համայնքապետին դիմել է 126, իսկ ավագանուն՝ 21 քաղաքացի, 2010-ին՝ համապատասխանաբար՝ 86 եւ 18 քաղաքացի, իսկ այս տարեսկզբից մինչ օրս համայնքապետը քաղաքացիներից ստացել է 51 դիմում, իսկ ավագանին՝ 10-ը:

Փ. Խորոզյանն ասում է, որ ավագանու ինստիտուտի կայացումը կախված է հենց համայնքապետից: Եթե համայնքապետն իր թիկունքում զգում է ավագանու աջակցությունը, ապա հնարավոր չէ, որ այդ համայնքում ավագանին չաշխատի: «Եթե համայնքի ղեկավարը ավագանուն անտեսի, բնականաբար, ավագանին նորմալ չի աշխատի, եւ ավագանուն դիմող էլ չի լինի: Պարզ ասած՝ ավագանու հեղինակությունը կախված է տվյալ ավագանու նկատմամբ համայնքապետի վերաբերմունքից»,- ավելացնում է համայնքապետը:

Ըստ նրա՝ ինքը բոլոր հարցերը լուծում է ավագանու միջոցով, եւ հատկապես սոցիալական օգնությունների մասին քաղաքացիների դիմումներն առաջին հերթին քննարկում է ավագանին, հետո որոշում կայացնելու համար այն ներկայացվում է իրեն:

Լուկաշին համայնքի ղեկավարը կարեւորում է ավագանուն վճարելու խնդիրը՝ ասելով, որ ամեն ամիս ավագանու անդամն էլ պետք է աշխատավարձ ստանա, սակայն վճարումով չի պայմանավորում ինստիտուտի կայացումը: «Մարդը պիտի ունենա պատասխանատվության զգացում: Հնարավոր է՝ ավագանին վարձատրվի ու էլի չաշխատի, սա բացառված չէ»,- նշեց Փանոս Խորոզյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter