HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. Քարաշամբի գավաթը՝ հին արևելյան կիրառական արվեստի գլուխգործոցը

Աննա Բաբաջանյան

Վահան Հովհաննիսյանի համար հնագիտությունն աշխահի ամենալավ մասնագիտությունն էր: Ու թեեւ  «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի  նախկին անդամն ու Գերմանիայում Հայաստանի  նախկին արտակարգ եւ լիազոր  դեսպանը նաև պատմաբան էր,  իսկ առավել  մեծ ճանաչում  ձեռք  էր բերել որպես քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, հնագիտության ոլորտը  նրա համար  մի ուրիշ աշխարհ էր, ու նա շատ էր ափսոսում, որ քաղաքականությունն իրեն զրկել էր այդ աշխարհում լինելու հնարավորությունից:  

Վահան Հովհաննիսյանի երիտասարդ տարիների ընկերը՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այն եզակիներից է, ում բախտ է վիճակվել Վահան Հովհաննիսյան հնագետի հետ կիսել նրա  «աստեղային ժամերը»:

«80-ականներն էին, հերթական պեղումից հետո Վահանը գիշերով  եկավ մեր տուն, ասաց, որ հազարամյակների պատմություն ունեցող ոսկե գավաթ է գտել, որն իր մոտ է: Նա չէր գիշերել այդ գյուղում՝ վախենալով, որ միգուցե, գտածոն գողանան... Այդ օրը մենք նշեցինք առիթը, անգամ  գինի խմեցինք հենց  պատմական գավաթից,  որը հաջորդ օրը տարան թանգարան»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Ռ.Բաբայանը: 

Վահան Հովհաննիսյանի կատարած պեղումներից, սակայն, առանձնանում է մեկ այլ գավաթ, որն իր ինֆորմացիոն նշանակության առումով ոչ միայն արժեքավոր է, այլև՝ բացառիկ: Երբ նա 1987 թվականին հերթական պեղումներն էր անում, այս անգամ՝   Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրում, պատկերացում անգամ չուներ, որ  այնտեղի գտածոներից մեկը  հին արևելյան կիրառական արվեստի գլուխգործոց էր լինելու: Միջինբրոնզեդարյան իշխանական  մի դամբարանից կատարած պեղումների արդյունքում թաղման հարուստ գույքի մեջ Վահան Հովհաննիսյանը հայտնաբերել էր մ.թ.ա.  22-21-րդ դարերի  արծաթե  դրվագազարդ մի գավաթ, որի վրա պատկերված ասիական հագուստով արքայի պատկերը, մարտի, գլխատման տեսարանները վկայում են այն մասին, որ հազարամյակներ առաջ այս տարածքում  եղել է ասիական թագավորություն: Եվ պատահական չէ, որ Վահան Հովհաննիսյանն իրեն բախտավոր հնագետ էր համարում: Այս պարագայում ևս բախտը ժպտացել էր նրան,  և հաջողվել էր  գտածոն հայտնաբերել  հրաշալի վիճակում: Հայաստանում տեղական արտադրության գավաթի առկայությունն ապացույցն է այն բանի, որ մեր երկիրը  բավական լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել  խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ: Փաստորեն, այն ժամանակ Հայաստանի տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղեր:

Գավաթի իրանին արված վեց հորիզոնական դրվագազարդ գոտիների վրա ներկայացված է հնագույն հնդեվրոպական առասպելական սյուժե՝ հերոսի կողմից իրականացված վարազի որսի, դրա հետևանքով երկու ցեղերի միջև ծագած գժտության, մարտի և պարտված կողմի առաջնորդների մահապատժի տեսարաններով: Այդ սյուժեն  կապվում է հնդեվրոպական  դիցաբանական պատկերացումների հետ: Իսկ այս փաստը խոսում է միջին բրոնզի դարում  Հայաստանի եւ Կենտրոնական Անդրկովկասի տարածքը  բնակեցնող թռեղք-կիրովականյան մշակույթի կրողների հնդեվրոպական ծագման մասին:

Ու թեեւ Վահան Հովհաննիսյանն  այն կարծիքին էր, որ  ինքը  «վատ հնագետ չէ»,  հենց միայն այս գավաթը, որն այժմ իր կարեւոր տեղն ունի Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշների շարքում, գալիս է խոսելու  էլ ավելիի մասին՝ համարվելով  եզակի երևույթ Հայաստանի և Անդրկովկասի հնագիտության  պատմության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter