
Մի խումբ քաղաքացիներ պահանջներ են ներկայացրել Սերժ Սարգսյանին
Այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ քաղաքացիներ իրենց անձնական էջերում հայտարարություն են տարածել` հասցեագրված հանրությանը, որտեղ պահանջներ են ներկայացվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ հայտարարությունում նշված պահանջները նամակով Բաղրամյան 26` ՀՀ նախագահական նստավայր հանձնել է ռեժիսոր մուլտիպլիկատոր Արման Յարալյանը: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստը.
«ա. Գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունը կոնֆլիկտ է առաջացրել քաղաքի բնակիչների և Հայաստանում որպես հովանավոր ընկալվող ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ռազմաբազայի միջև, որը պատսպարել է հանցագործության մեջ կասկածվող զինվոր Վ. Պերմյակովին:
բ. Գյումրեցիները ցույց տվեցին, որ չեն պատրաստվում հանդուրժել ռուսական ռազմաբազայի ինքնիրավչությունը և պատրաստ են պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը: Նրանք պահանջեցին կասկածյալին փոխանցել հայկական իրավապահ մարմիններին:
գ. Հակառակ դրան, Հայաստանի պետական բարձրագույն մարմինները գործել են՝ ելնելով իրենց հովանավորող ռազմավարական դաշնակցի շահերից, արհամարհելով քաղաքացիների պահանջը: Փաստացի, նրանք ոտնձգություն են կատարել ՀՀ արդարադատական համակարգի դեմ: Այս արարքը ծանրագույն պետական հանցագործություն է` կատարված Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
դ. Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների մեծամասնությունն անտեսեց թե՛ քաղաքացիների պահանջը, թե՛ պետության և ժողովրդի նկատմամբ Հայաստանի ղեկավարության գործած հանցագործությունը:
ե. Փաստացի, հայ ժողովուրդը միայնակ մնաց իր ողբերգության և ճակատագրի առաջ. Հայաստանի քաղաքական դասը հետ քաշվեց նրա օրհասական խնդիրներից՝ գերադասելով ռազմավարական դաշնակցի նկատմամբ լուռ հնազանդությունը:
զ. Տեղի ունեցածը նոր ուժով ակտուալացրեց Հայաստանի անկախության, արժանապատվության և անվտանգության հարցերը, քանի որ վտանգ է ստեղծվել պետականության գոյության համար: Ստեղծված իրավիճակում ժողովրդի և պետության հանդեպ յուրաքանչյուրիս պատասխանատվության հարցը ձեռք է բերել վճռորոշ նշանակություն:
ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է առաջացել ստանձնել սեփական անվտանգության խնդիրը լուծելու պատասխանատվությունը: Հանրության համար հասունացել է լիարժեք ինքնորոշվելու և սեփական իրավունքները պաշտպանելու կամքի արտահայտման հրամայականը:
է. Ուստի պետության դեմ հանցագործություն կատարած և ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանից պահանջում ենք.
- չեղյալ հայտարարել Հայաստանի տարածքում Ռուսաստանի դատա-իրավական պրոցեսի անցկացման համաձայնությունը,
- վերադարձնել Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը,
- պատասխանատվության ենթարկել հանցանք գործած բոլոր գերատեսչությունների ղեկավարներին,
- բարձրացնել ռուսական ռազմաբազայի պայմանագրի վերանայման հարցը այնպես, որ այն չհակասի Հայաստանի պետական շահերին և զրոյացվի այդ ռազմաբազայից ՀՀ քաղաքացիներին սպառնացող հնարավոր վտանգը:
Եթե ի վիճակի չէ իրականացնել վերոնշյալ պահանջները, թող ազատի զբաղեցրած պաշտոնը»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել