Ասորեստանյան նավերը բարձրանում են հայկական լեռները
Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան
Մարդկության անվտանգության, բարեկեցության, առաջընթացի հիմքերը նույնն են արդեն հազարամյակներ շարունակ: Պետության ի հայտ գալուց մինչ օրս տարբեր վերնախավերի, ժողովուրդների, քաղաքացիական հանրույթների մոտ պետության միջոցով իրենց կյանքը պաշտպանելու եւ ապահովելու համար գործում են անփոփոխ սկզբունքներ: Մարդկությունը հազարամյակներ շարունակ ապրել է տեխնիկական առաջընթաց, բայց դա երբեք չի անդրադարձել պետությունների կենսագործունեության հաստատուն այդ սկզբունքների վրա: Եւ դա կապված է մարդու` հոգեմտավոր էակ ու պետության` բնական օրգանիզմ լինելու եւ կենսական պահանջմունքներ ունենալու հանգամանքների հետ:
Այսպես` հազարամյակներ շարունակ պետությունները պատերազմել են միմյանց հետ: Եւ «քաղաքակիրթ», մարդու իրավունքների գերակայությամբ շարժվող 21-րդ դարում նրանք պատրաստ են միմյանց կոկորդը կրծել, անգամ միջուկային պատերազմի դիմել, երբ խախտվում են իրենց անվտանգության հիմքերը:
Հարկ է նկատել, որ պետության անվտանգությանը միտված ժողովրդի պատերազմելու հանձնառություն-պարտավորությունը իբրեւ անփոփոխ սկզբունք ընկալելի է հայ հանրության համար: Այստեղ կարծես թե խաթարումներ չկան: Բանակը մեր սրբության սրբոցն է, իսկ զենքը ձեռքին հայրենիքը պաշտպանելը` քաղաքացու սրբազան պարտքը: Սակայն պետության կենսագործունեության մի քանի այլ սկզբունքներ չգիտես ինչու Հայաստանում երբեմն ապացուցման կարիքն ունեն:
Այսօր Հայաստանը գտնվում է լիակատար գործազրկության ճիրաններում: Երկրում գրեթե բացակայում է արդյունաբերական արտադրանքը: Խախտված է պետության մեջ կապիտալի ստեղծման հազարամյակների ողջ փիլիսոփայությունը: Տուրք տալով դարերի խորքից եկող առեւտրային ոգու մղումներին` հայությունը կապիտալի ստեղծման, կուտակման ու բազմապատկման համար ընտրել է ամենից հեշտ, բայց կործանարար ճանապարհը: Պետական բյուջեն ընդհանուր առմամբ լցվում է ոչ թե սեփական արտադրանքի վաճառքի հաշվին, այլ` օտար արտադրանքի շրջանառությամբ ձեւավորվող մաքսային ու հարկային մուծումների: Գործունյա եւ տնտեսվարության մեջ մասնագիտացած սոցիալական խավերը օտար ապրանքների պարզ առեւտուրը նախընտրում են մեծ ռիսկեր պարունակող ու ջանքեր պահանջող արտադրա-առեւտրային փոխհարաբերություններից: Երկրում չի ձեւավորվում առեւտրային մենատիրությանը դեմ գնացող եւ սեփական նյութական արտադրության համար պայքար ծավալող տնտեսվարողների խավը: Օտարերկրյա առանձին ապրանքների գծով առեւտրային այն պատուհանը, որը գտնվում է օլիգոպոլ տնտեսություններից դուրս եւ թողնված է գործունյա փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող սոցիալական շերտերին, կարծես թե ամբողջությամբ բավարարում է վերջիններիս:
Խոշոր, միջին, փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար, այսպիսով, առեւտուրը դարձել է սեփականության ձեռք բերման, կապիտալի ստեղծման, բարեկեցության հաստատման միակ գրավականը: Այս ամենից ելնելով է, որ խոսք է գնում մեր պետության մեջ խոր արմատները ձգած քրեաօլիգարխիկ վարչակարգի մասին: Վարչակարգ, որի հիմքը կազմում են չարչիական ոգով իրենց գործունեությունը ծավալող ու գոյությունը պահող տնտեսվարողների այն շերտերը, ովքեր դժգոհ են ոչ թե երկրում նյութական արտադրություն կազմակերպելու անհնարինությունից, այլ առավել խոշոր չարչիների հաստատած մենատիրության պատճառով առեւտրային գործունեություն ծավալելու իրենց սահմանափակությունից:
Բացի արտադրության կազմակերպումից, բոլոր ժամանակներում արտադրահարաբերություններում հիմնարար սկզբունք է եղել նաեւ աշխատանքի գործիքների կատարելագործման, իսկ պետության դեպքում` տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածության խնդիրը: Հանրային պարզ հարաբերություններից մինչեւ պետության կենսագործունեության ապահովում ընկած շղթայի մեջ, ընդհանրապես նյութական արտադրությունն է մշտապես խթանել տեխնիկական վերազինման եւ նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ ներմուծման գործընթացը: Վերջինս էլ դարձել է յուրաքանչյուր պետության զարգացման ու բարգավաճման գրավականը:
Որպեսզի պարզ դառնա, թե որքան հետ ենք հնադարյան մարդուց, ստորեւ կբերեմ մի հատված համաշխարհային պատմագրության հիմնադիր Հերոդոտոսի «Պատմություն»-ից: Ընդ որում այդ հատվածը հայերիս առաջին վկայությունն է համաշխարհային մատենագիտության մեջ եւ տարբեր քրիստոմատիաներում տեքստի հետ ծանոթանալիս մեր հայրենակիցները պետք է կենտրոնան ոչ թե Հայաստանի գինու հայրենիքը լինելու վիճահարույց թեզի վրա, այլ` այդ տեքստում ներառված` հանրույթների անվտանգությանը, բարեկեցությանը, առաջընթացին միտված տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներ գտնելու մարդկային մտածողության ու վարքի:
«Այժմ ես կպատմեմ այն մասին, ինչը ինձ այդ քաղաքից հետո թվում է ամենազարմանալին: Նավերը, որոնցով (ասորեստանցիները) նավում են գետն ի վար` դեպի Բաբելոն, կլոր են եւ ամբողջովին կաշեպատ: Արմենիայում, որը գտնվում է Ասորեստանից վերեւ, նրանք կտրում են ուռիներ, (որոնցով) պատրաստում են նավի կողերը եւ դրանք պատում կաշվե ծածկով, նավի հատակի նման: Նրանք ոչ նավի ետնամասն են լայնացնում, ոչ էլ նրա առաջամասը նեղացնում, այլ տալիս են դրան վահանի նման կլոր ձեւ: Ամբողջ նավը լցնում են ծղոտով, բեռնում այն եւ թողնում հոսանքն ի վար: Նրանք մեծ մասամբ փոխադրում են գինի կարմիր կարասներով: Նավերը վարում են երկու լայնաբերան թիակներով երկու կանգնած մարդ. նրանցից մեկը թիակը քաշում է դեպի իրեն, մյուսը` հրում իրենից: Այդ նավերը պատրաստում են ե՛ւ շատ մեծ, ե՛ւ առավել փոքր: Դրանցից ամենամեծերն ունեն հինգ հազար տաղանդ տարողություն: Յուրաքանչյուր նավի մեջ կա մեկ կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ մի քանիսը: Նավելով Բաբելոն հասնելուց եւ բեռը վաճառելուց հետո, նրանք վաճառքի են հանում նաեւ նավի կմախքը եւ ամբողջ ծղոտը, իսկ կաշիները բարձում են գրաստների վրա եւ վերադառնում արմենների մոտ: Քանզի գետն ի վեր ոչ մի կերպ հնարավոր չէ նավել` գետի արագության պատճառով: Այդ է պատճառը, որ նրանք նավերը պատրաստում են ոչ թե փայտից, այլ կաշվից: Նրանք գրաստները քշելով ետ են դառնում արմենների մոտ եւ նույն ձեւով պատրաստում ուրիշ նավեր»:
Ներկայացված հատվածում տրված է պետության բարգավաճման ու առաջընթացի ողջ փիլիսոփայությունը: Հնադարյան մարդու մոտ մենք տեսնում ենք թե աշխատանքի գործիքների ու միջոցների նշանակության գիտակցումը, թե արդյունաբերական արտադրության ու միջազգային առեւտրի փոխկապակցված շղթայի գիտակցումը, թե ապրանքի իրացման համար առաջարկի ու պահանջարկի նշանակության գիտակցումը, թե միջազգային առեւտրում հնարավոր ռիսկերի գիտակցումը եւ դրան գնալու մղումը, թե տեխնոլոգիական լուծումների գնալու եւ առաջադեմ տեխնիկական միջոցներ ստեղծելու գիտակցումը եւ այլն: Բոլոր ժամանակների բեռնափոխադրիչ տրանսպորտային կարեւոր միջոցը` նավը, Տիգրիսի միջին հովտում ապրող ասորեստանցիները վերակառուցել են այնպես, որ կարողանան Եփրատ գետով Տավրոսյան լեռներն ի վար իջնեն նախ իրենց երկրի` Ասորեստանի, արեւմտյան գավառները, որը տրանզիտ տարածք էր այս դեպքում ծառայում նրանց համար, ապա նավարկեն հարեւան պետության տարածքը եւ նրա մայրաքաղաք Բաբելոնում իրացնեն Հայաստանում ձեռք բերած ապրանքը: Կարելի է նկատել, որ ի տարբերություն տեխնիկապես առավել զինված 20-րդ դարի, երբ անգլիական նավերը չէին կարողանում բարձրանալ Հայկական լեռները, երեք հազար տարի առաջ ասորեստանցիները իրենց «քանդվող-հավաքվող» նավերը գրաստների վրա արդեն իսկ բարձրացնում էին Հայկական լեռները:
Կարելի է այսօր սնափառորեն խոսել Հայաստանի գինու հայրենիք լինելու մասին, մոռանալով, որ Ասորեստանը հենց վերը ներկայացված տեխնիկական մտածողության միջոցով է, որ տիրել է աշխարհին եւ դարձել հնադարի հզոր կայսրություններից մեկը: Բայց այսօր այդ խոսակցությունները, բացի մարդկանց «ուղեղները լվանալուց», չեն կարող ոչ պետական բյուջե լցնել, եւ ոչ էլ մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովել: Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է տեխնիկապես ու տեխնոլոգիապես վերազինված արդյունաբերական արտադրություն եւ դրա վրա կառուցվող համաշխարհային առեւտուր: Պետությունը զենքը ձեռքին պաշտպանելուց զատ, հարկ է, որ քաղաքացիները լինեն նաեւ բանվորներ ու մեխանիզատորներ եւ, հաստոցների առջեւ կանգնելով կամ տրակտորների մեջ նստելով, կարողանան մշակել ու լցնել մեր զբաղեցրած տարածությունը նոր արժեքներով ու բարիքներով: Այդ գործը մեզ ու մեր երկիրը ծնկի բերած չարչիները չեն կարող անել, դա տեխնիկական մտածողությամբ քաղաքացիների գործն է:
Մեկնաբանել