Քննարկելով Վարդան Պետրոսյանի նկատմամբ իրավապահների վերաբերմունքը
Երեկ հրապարակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դատավճիռը: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման եւ պատիժը պետք է կրի «բաց ռեժիմով»: Սակայն, քանի դեռ դատավճիռն ուժի մեջ չի մտնել, Պետրոսյանը կմնա կալանքի տակ:
Այլ կերպ ասած` եթե դատախազը, տուժող կողմը կամ ինքը` դերասանը, չբողոքարկեն դատավճիռը, ապա մեկ ամսից նա կլինի «կիսաազատ» (ցերեկը` ազատ, գիշերը` բանտում), բայց եթե որևէ մեկը բողոքարկի դատավորի դատավճիռը, ապա Վարդան Պետրոսյանը առնվազն մի քանի ամիս ևս կանցկացնի կալանքի տակ:
Հետևելով դատավարությանը` տեսանք, որ նախաքննություն իրականացնող մարմինն ի սկզբանե ունեցել է կանխակալ մոտեցումներ և վթարին հաջորդող օրվանից արդեն սկսել է խախտումներ անել ու նյութեր «նկարել»:
Համակարգն է այդպիսին
Եթե համարենք, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ չկա «իշխանական հալածանք», ապա հետաքրքիր պատկեր կստացվի: … Գործի քննության ընթացքում մենք տեսանք, որ քննիչը փորձել է անել ամենը, որ ապացուցի դերասանի մեղավորությունը (օբեկտիվ քննության փոխարեն), սակայն դժվարանում էինք հասկանալ, թե ի՞նչ դրդապատճառներով է նա այդպես վարվել:
Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում քննիչները հաճախ սովոր չեն օբյեկտիվ քննություն վարել ու դրա արդյունքում մեղավորներ պարզել: Նրանք սովոր են ի սկզբանե «հայավարի պարզել մեղավորին» ու նախաքննությամբ ապացուցել սեփական տեսակետը…
Եթե գումարենք այն, որ սովորաբար մարդիկ համարում են, որ «ետևից խփողը միշտ մեղավոր է», կարող է ստացվել, որ քննիչը արել է ամենը, որ հիմնավորի, որ ետևից խփողն է մեղավոր` անկախ բոլոր այլ հանգամանքներից: Իսկ երբ պարզվել է, որ բարդ գործ է, որ մեղադրյալը որակյալ փաստաբաններ ունի, որ ամբողջ հանրությունը ուշադրությամբ հետևում է, քննիչը փորձել է նաև կոծկել սեփական սխալները, բայց «տղամարդավարի» շարունակել պնդել իր տեսակետը:
Նախաքննության կարծիքը «տղամարդավարի» խոսք է
Առհասարակ, հայրենի իրավապահների շրջանում հանցագործության մեջ մեղադրվող անձի փոփոխությունը մոդայիկ չէ: … Համարվում է, որ եթե քննիչը գործի ընթացքում պարզում է, որ մեղավորը մեկ այլ անձ է, ապա սկզբից վատ է աշխատել ու պրոֆեսիոնալ չէ:
Ժողովրդի ու գլխավոր դատախազի լեզվով ասած` նախաքննության կողմից տեսակետի փոփոխությունը ու սեփական սխալի ընդունումը իրավապահների շրջանում «տղամարդավարի» չի համարվում, ի տարբերություն գործ «նկարելու», որը բացարձակ անպատեհ արարք չի համարվում… Ուստի ասե՞լ ես մի բան` ասածիդ տղամարդու պես տեր կանգնիր` թեկուզ «նկարչությամբ»:
Դատարանը հարց չի լուծում, միայն կնիք է դնում
Ասվածին հարկ է գումարել նաև այն հանգամանքը, որ Հայաստանում քրեական գործերի համարյա 100 տոկոս դեպքերում դատարանները վարվում են այնպես, ինչպես միջնորդում են քննիչն ու դատախազը… Միայն եզակի դեպքերում են դատավորները «շեղվում» դատախազի միջնորդության բավարարման «ուղուց»:
Այս իմաստով բացառություն չէ նաև Վարդան Պետրոսյանի դատավարությունը. գործի քննության ավարտից ընդամենը 2 աշխատանքային օր հետո հրապարակվեց դատավճիռը… Իսկ ահռելի ծավալների հասնող գործի նյութերին դատարանը չէր կարող ամբողջությամբ և բազմակողմանի անդրադառնալ և հասցնել դատավճիռը գրել այդպիսի սեղմ ժամկետում: Այսինքն` դատարանն առաջնորդվել է քննիչի «առաջարկություններով»` առանց դրանք խորությամբ ուսումնասիրելու:
Հ.Գ. Բողոքարկելու իրավունքը սահմանափակվեց
Գործի քննության ընթացքում, իհարկե, թե́ քննիչը, թե́ դատախազը, թե́ դատավորը հասկացան, որ մի մեծ գլխացավանք ունեն: Եթե այս գործը բողոքարկվի, ապա, վստահաբար, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան չի հասնի, քանի որ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանը քիչ է հետաքրքրված քննիչի պատվով:
Հենց դա է պատճառը, որ դատարանը դիմեց մի խորամանկության` դատավճռի բողոքարկման հավանականությունը նվազեցնելու համար: Մասնավորապես, ինչպես ասվեց, դատարանը ստեղծեց այնպիսի կոնյեկտուրա, որ դերասանը ստիպված է ընտրել` մնալ բանտում ու բողոքարկե՞լ դատավճիռը, թե՞ դուրս գալ բանտից ու «մաքուր օդ շնչել»:
Այսինքն` դատարանը յուրովի սահմանափակեց Վարդան Պետրոսյանի` դատավճիռը բողոքարկելու իրավունքը:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել