Դատավորը հետաձգեց Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը
Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում հունվարի 30-ին Արտակ Բուդաղյանի գործով դատաքննության ժամանակ ցուցմունք տալուց հրաժարվեց այս գործով վկա Տիգրան Խաչատրյանը:
Դատական նիստի հենց սկզբում վկան հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ ինքը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է իր և իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց:
«Սույն հայտարարությունը դատարանին հանձնելուց հետո չեմ արձագանքելու ինձ ուղղված որևիցե հարցի, լռելու եմ: Եթե դատարանը գտնի, որ իմ արարքներում կան քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ապա պատրաստ եմ կրել պատասխանատվություն»,-հայտարարեց Տ. Խաչատրյանը:
Դատավոր Ն. Օհանյանը մի քանի անգամ հիշեցրեց վկային, որ նա «պարտավոր է ցուցմունք տալ», սակայն վերջինս ասում էր՝ «ես կօգտվեմ իմ լռելու իրավունքից»:
Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն էլ նշեց, որ ոչ ոք իրավունք չունի ասելու, որ վկան պարտավոր է ցուցմունք տալ: «Հակառակ դեպքում դա կլինի հարկադրանք»:
Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս բանավեճը սկսվել է տուժողի հարցաքննությունից մինչև այժմ, և ամեն անգամ դատարանն էլ հստակ հայտարարում է իր դիրքորոշումը:
«Չեմ պատկերացնում, թե մինչև երբ պետք է նույն հարցի շուրջ վիճենք: Ուրիշ պատճառ ես չեմ տեսնում, քան ձգձգել էս դատական պրոցեսը: Էդպիսի վկա չկա, որ դեպքի մասին հարցաքննության ժամանակ որոշակի տեղեկություն չասել իր մասին: Վկան պիտի ցուցմունք տա: էնքան կսպասենք, մինչև կտա», -ավելացրեց Հ. Ալումյանը:
Եվ չնայած վկան շարունակում է պնդել, որ չի պատասխանի որևէ հարցի, բայց Հ. Ալումյանը նշեց, ինքը կօգտվի հարցեր տալու իր իրավունքից:
«Ես իմ հարցերն ունեմ և իմ հարցերն այնպես կտամ, որ լռելն էլ ինչ- որ բան կնշանակի», -ասաց ամբաստանյալի պաշտպանը:
Դատավորը նախ հարցեր տալու հնարավորություն տվեց մեղադրող և տուժող կողմերին, սակայն նրանք հայտարարեցին, որ հարցեր չունեն: Վկա Տիգրան Խաչատրյանին սկսեց հարցեր տալ Հ. Ալումյանը, սակայն վկան ամեն հարցից հետո ասաց, որ «հրաժարվում է պատասխանել»:
Հարցերը հնչեցնելուց հետո Հ. Ալումյանը հայտարարեց, որ վկան խախտեց օրենքի պահանջը. այն, որ յուրաքանչյուր վկա պարտավոր է ցուցմունք տալ, և որ դատարանը պետք է դատախազին վկայի քրեական պատասխանատվության վերաբերյալ միջնորդություն ներկայացնի: «Ես գտնում եմ, որ նման պայմաններում դատարանը պիտի շահագրգռված լինի, որ վկայի գործողությունները ստանան համապատասխան գնահատական: Ցուցմունք տալուց հրաժարվելը արդարադատության դեմ հանցագործություն է: Դատարանը պետք է միջնորդություն ներկայացնի ոչ թե դատավարությունն ավարտելուց հետո, այլ հենց հիմա»:
Այս հայտարարության կապակցությամբ Ռ. Սահակյանն ավելացրեց. «Ես նույնպես հորդորում եմ, որ եթե գտնեք, որ Տ. Խաչատրյանի գործողություններում կան Քր. օրենսգրքով նախատեսված հատկանիշներ ցուցմունքից հրաժարվելու վերաբերյալ, ապա հարուցեք քրեական գործ»:
Դատավորը հայտարարեց, որ դատարանն արձանագրում է, որ վկա Տ. Խաչատրյանը նախազգուշացվել է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու, խուսափելու կամ կեղծ ցուցմունք տալու համար կենթարկվի քրեական պատասխանատվության: Սակայն միայն ապացույցները գնահատելիս, համադրելիս, հետազոտելիս կարելի է որոշել, թե արդյոք վկայի կողմից ցուցմունք տալը, ինչպես նաև հարցերին պատասխանելուց հրաժարվելը կարո՞ղ է օգտագործվել իր կամ մերձավոր ազգականների դեմ, թե՞ ոչ: «Եթե դատարանը հիմնավորի, որ դա չի վերաբերում իրեն և իր մերձավոր ազգականներին, ապա միջնորդություն կներկայացնի համապատասխան մարմիններին, այսինքն՝ դատախազություն, քրական գործ հարուցելու վերաբերյալ»,-նշեց դատավորը:
Մեկնաբանել