
Մի ցուցանմուշի պատմություն. մոխրից հառնած նախշազարդ խորանագորգը
Աննա Բաբաջանյան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում հայ ժողովրդական արվեստի նմուշներ են պահպանվում: Այստեղ կարելի է տեսնել դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի գործեր: Դրանց թվում, սակայն, առանձնանում է մի գորգ, որն առաջին հայացքից այնքան էլ արտասովոր չէ: Դժվար է հավատալ, որ այն գործվել է հրաշքով փրկված ընդամենը մի փոքրիկ պատառիկի հիման վրա: 18-րդ դարի խորանագորգի այդ հատվածը գտնվել է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց հայկական տաճարից: Գորգի նախնական տարբերակը վնասվել է, և 1731թ. գործված արվեստի այս նմուշից մնացել է ընդամենը մի կտոր: Թե ինչու է այն այդ աստիճան տուժել, կարող ենք կարդալ Սերիկ Դավթյանի «Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության» գրքում, որտեղ նշված է, որ այն այրված է եղել, իսկ թե ինչպես եւ ինչ պայմաններում՝ չի հաղորդվում: Մենք, իհարկե, ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կարող ենք տեսնել վերականգնված և երկրորդ կյանք առած նմուշը՝ պատկերացում կազմելով, թե ինչպիսին է եղել դրա նախնական տեսքը: Շնորհիվ նկարչուհի Միլետա Վարդանյանի՝ գորգի հորինվածքը վերականգնվել և գործվել է հենց Ժողովրդական արվեստի պետականթանգարանում: Սակայն, մեզ կարող են օգնության գալ նաև որոշ պահպանված տեղեկություններ, որոնք հուշում են իր նկարների հորինվածքով առանձնահատուկ այս նմուշի մասին:
Հայտնի է, որ գորգը գործվել է Աղվանից Ներսես կաթողիկոսի համար: Եթե մենք հնարավորություն ունենայինք տեսնելու դրա նախնական տարբերակը, կնկատեինք դրա վրա կողք-կողքի շարված հինգ կամարաձևերը, ամեն մի կամարից կախված կանթեղը՝ նման այն կանթեղներին, որոնք զարդարել են Երուսաղեմի, Էջմիածնի, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները: Աչքի կզարնեին նաև կամարների գագաթին եզրագործված կեռերը և այդ կամարների արանքում վերից վար իջնող կեռավոր նախշերը: Մեր առջևով կանցնեին խաչազարդ կենաց ծառերի շարքերն ու հավասարաթև խաչերը: Անհնար կլիներ չնշմարել գորգի մակերեսին երկու անգամ նույնությամբ կրկնվող նվիրաբերման մակագրությունը. «Յիշեցեք ի մաքրափայլ յաղոթս Ձեր Նէրսես մեղապարտ կաթողիկոս Աղուանից է պատճառ սմին (այրված) լույսընկալ Չարեքու սբ. անապատին ՌՃՉ թվին»: Թե ինչպես է պատահել, որ գորգի այդ մի հատվածը փրկվել է, ոչ մի աղբյուր մեզ չի հուշում: Մի բան, սակայն, անժխտելի է. երուսաղեմյան գորգի պատառիկի վերածնունդը հայ ժողովրդի կրկնաչափվելու ու եռաչափվելու, վերընձյուղման խորհրդանիշն է: Եթե գորգագործը մի նախշազարդ մոխրից կարող է ստանալ ամբողջական գորգի պատկեր, մենք էլ կարող ենք վեր հառնել մոխիրներից՝ ձգտելով հարատև կյանքի:
Գորգի արխիվային նկարը՝ Սերիկ Դավթյանի «Դրվագներ հայկական միջնադարյան կիրառական արվեստի պատմության» գրքից
Փաստական տեղեկությունները՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդականստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանի և աշխատակցուհի Կարինե Միրզոյանի
Մեկնաբանել