
Ճամբարականները կմնան մինչև վերջ
Ժաննա Սարգսյան
Արդեն մի քանի օր է` Թռչկան ջրվեժի տարածքում վրանային ճամբար է տեղակայված: «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» հասարակական նախաձեռնությունը այսկերպ շինաշխատանքներից պաշտպանում է ջրվեժի տարածքը: Միմյանց հերթափոխելով` մշտապես այստեղ գիշերում են տասնմեկ-տասներկու հասարակական ակտիվիստներ:
Չնայած շինտեխնիկան դեռ շինհրապարակ դարձած ջրվեժի ակունքին է, աշխատողներն էլ ամեն օր գալիս են «գործի», սակայն աշխատանքները կասեցվել են: Շինարարները հրաման են ստացել հավաքել ողջ տեխնիկան մի տեղ, հիմա սպասում են հրահանգի. գուցե հենց այսօր էլ հեռացնեն «ծանր հեծելազորը»:
Երեկ «Ռոբշին» ընկերության ղեկավար Ռոբերտ Օխանյանը այցելեց տարածք: Նա նախ զրուցեց շինարարների հետ, ապա մեքենայով մոտեցավ ճամբարին: Ակտիվիստները ենթադրեցին, որ հասել է բանակցությունների պահը և շտապեցին ընդառաջ: Սակայն, մինչ նրանք կմոտենային, «Ռոբշին»-ի տնօրենը հեռացավ տարածքից:
Ճամբարականներից Մարիամ Սուխուդյանը ասաց, որ իրենց լուրեր են հասել, թե այսօր Մեծ Պարնի համայնքում հանրային լսումներ են լինելու. գուցե Օխանյանի այցը կապված էր դրա հետ:
Հիշեցնենք, որ «Ռոբշին» ՍՊԸ-ն 2010 թ. ապրիլի 7-ին ձեռք է բերել Թռչկան ջրվեժի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու լիցենզիա: Սակայն հասարակական նախաձեռնության անդամները վստահ են, որ բնապահպանության նախարարության որոշումներում և փորձաքննական եզրակացություններում առկա են մի շարք խախտումներ: Ըստ նրանց` խախտվել է նաև հանրային լսումների անցկացման կարգը, որն այսօր փորձում են շտկել` նոր լսումներ անցկացնելով:
«Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնությունը վճռական է գործում: Ակտիվ են գործում նաև նախաձեռնության անդրջրվեժային թևում: Արդեն իսկ ստորագրահավաք է իրականացվում «Թռչկան» ՀԷԿ-ի լիցենզիան կասեցնելու պահանջով:
Օրենքի խախտումների նշումներով գրավոր դիմումներ են ուղարկվել բոլոր պատկան մարմիններին` անօրինական լիցենզիան կասեցնելու պահանջով: Այդ խախտումների հետևանքով, ըստ բնապահպանների, փաստի առաջ են կանգնել և’ կառուցողը, և’ հասարակությունը:
Ասուլիսներ, ցույցեր, ակտիվ հանրային քննարկումներ` նաև սոցիալական ցանցերում. բոլոր ուղղություններով պայքարը շարունակվում է: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոստացել է շատ արագ լուծել Թռչկան ջրվեժի անձնագրի հարցը և գտնել օպտիմալ լուծում, որպեսզի չվնասվի բնության ջրագրական հուշարձանը:
Գյումրու «Օրհուս» բնապահպանական կենտրոնի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը գրավոր դիմումով խնդրել է ‹‹Բնապահպանական փորձաքննություն›› ՊՈԱԿ-ին ` իրեն տրամադրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախագիծը` պարզելու համար, թե ինչ է ներկայացրել նախաձեռնողը, որ դրական եզրակացություն է տրվել:
Դիմումի պատասխանի համար սահմանված ժամկետը լրացել է, իսկ պատասխան դեռ չկա: Երեկ ԲՆ-ից զանգահարել են Գևորգ Պետրոսյանին և ասել, որ քանի որ նախարարը նախորդ օրը քննարկում էր կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ, ամեն բան ասվել է:
«Օրհուս»-ի Գյումրու կենտրոնի ղեկավարը պնդել է պատասխանել իրեն գրավոր: Այսօր նրան ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ ՇՄԱԳ նախագիծն ուղարկվել է նախարարություն` հաստատման, և երկուշաբթի կուղարկեն դիմումի պատասխանը:
Նշենք, որ ՇՄԱԳ-ում պետք է ներկայացված լինեն շրջակա միջավայրի կենդանական, բուսական աշխարհի բիոէկոլոգիական ուսումնասիրություններ:
Նախաձեռնությանն միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ: Շոշափելի աջակցություն է ցուցաբերում Վայրի բնության պահպանության (WWF) հայաստանյան մասնաճյուղը: Ակտիվ մասնակցում են Երևանի և Գյումրու քաղաքացիները: Երեկ միացան նաև Լոռու մարզի բնակիչներ:
Այստեղ կշարունակվեն տարբեր իրավական դաշտին առնչվող միջոցառումներ, իսկ Թռչկանում, անկախ եղանակից ու պայմաններից բնասեր երիտասարդները կմնան մինչև հարցի դրական լուծումը:
«Մենք այստեղ ենք, որպեսզի ՀԷԿ-ը չկառուցվի, և գետն ու ջրվեժը չոչնչացնեն: Արդեն փոխել են գետի հունը, հատվել են կյանքը մեջը ծառեր: Ցեղասպանության է նման այս ամենը,-ասում է Գոռը:-Բայց չենք թողնելու, որ կպնեն մեր ջրվեժին: Կփրկենք Թռչկանը: Եվ սա թող դաս լինի անօրինություններ կատարողներին»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել