HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Բերձորյան ազգային խայտառակություն. սթափվելու ժամանակը

Հունվարի 31-ին Բերձորում  «Հարյուրամյակն առանց ռեժիմի» քաղաքացիական շարժման՝ դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների բռնության երթակվելու միջադեպի մասին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ ԼՂՀ ոստիկանությունը ուղղակիորեն իր վրա է վերցրել կատարվածի լիակատար պատասխանատվությունը: Ոստիկանությունը հաստատել է, որ ակցիայի մասնակիցների նկատամբ «համապատասխան գործողությունները», որոնց արդյունքում մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել «Հիմնադիր խորհրդարան»-ի փաստացի ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Նոյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը և այլք, իրականացվել է հենց իր ուժերի կողմից:

Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին ծեծելու և նրանց ավտոմեքենաները ջարդուփշուր անելու «համապատասխան գործողությունը» իրականացրել է այն հիմնավորմամբ, թե քանի որ ավտոարշավը  բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և դրա «մի ստվար զանգված» որոշած է եղել կանխել ավտոերթի մուտքը ԼՂՀ, իրենք միջոցներ են ձեռնարկել հասարակական կարգի խախտումներ թույլ չտալու համար: Մինչդեռ այն կադրերը, որոնք «Հիմնադիր խորհրդարան»-ը հրապարակեց միջադեպի հաջորդ օրը, պարզորոշ ցույց են տալիս, որ մահակներով զինված ոստիկանները ոչ թե կանխում էին ավտոարշավի մասնակիցների և դրան դեմ հանդես եկող արցախցիների միջև հնարավոր բախումները, այլ հարձակումներ են գործում ավտոմեքենաների, դրանցում նստած ուղևորների նկատամբ: Այդ գործողությունները ոչ թե որևէ աղերս չունեն հասարակական կարգ պահպանելու ոստիկանության գործառույթի հետ, այլ բնույթով, բառի բուն իմաստով, խուլիգանական էին:

Որևէ մեկը չի կարող մինչ այս պահը հրապարակված տեղեկություններից և տեսագրություններից եզրակացնել, որ ակցիայի մասնակիցների կողմից իսկապես սադրանքներ չեն եղել: Այն լոզունգները, որոց ներքո կազմակերպվել էր ավտոարշավը դեպի ԼՂՀ, մի քանի կողմով սադրիչ ենթատեքստ ունեին: Դրանք ոչ թե «Հիմնադիր խորհրդարան»-ի քաղաքական պահանջների մեջ են, այլ՝ մարտավարության. մի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապելու, մյուս կողմից՝ ԼՂՀ-ի հասարակությանը, սահմանային իրավիճակի գերլարման այս օրերին ներհայաստանյան քաղաքական պայքարի հորձանուտ ներքաշելու մտադրությունների: Սակայն, եթե նույնիսկ սադրանքներ եղել են, ապա գետնին ընկած մարդկանց մահակներով ծեծելը, փախչող ավտոմեքենաներին հարվածներ հասցնելը, դիմապակիները փշրելը, մեքենաներում նստածներին բաց  պատուհաններից հարվածներ հասցնելը և ներկայիս սերնդի համար ազատամարտիկի իրական կերպարը մարմնավորող հերոսին ծեծելով նվաստացնելը ոստիկանության գործողությունների իրավաչափության հետ որևէ պարագայում առնչություն ունենալ չեն կարող: Ոստիկանության պրոֆեսիոնալիզմը հենց այն է, որ երբևէ չտրվեն նման սադրանքների, կարողանան սադրիչներին զանազանել և մեկուսացնել: Մինչդեռ ոստիկանության և նրանց շուրջը վխտացող խառնամբոխն իրենց վարքագծով շատ պարզ ցույց էին տալիս, որ նպատակը ոչ թե սադրիչներին մեկուսացնելն էր, այլ ակցիայի մասնակիցներին ծեծելով այդտեղից այնպես վտարելը, որ նրանք իսպառ մոռանան ԼՂՀ-ում երբևէ ակցիա անցկացնելու մտադրության մասին:

Այդ նպատակով գործադրված դաժանությունները որպես հասարակական կարգի պահպանանն ուղղված գործողություններ ներկայացնելը զուտ ոստիկանության դերի, պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացումների խեղաթյուրվածության նշան չէ: Այլ հավաստումն այն բանի, որ ոստիկանությունում ԼՂՀ-ի անկախություն ձեռք բերելուց հետո անցած 24 տարիներին ընդամենը կարողացել են  ընդօրինակել սովետական ՕՄՕՆ-ի խայտառակ գործելակերպը:

Հակառակն ապացելուցելու համար ԼՂՀ ոստիկանությունն ընդամենը մեկ ճանապարհ ունի` հետաքննություն սկսել Բերձորի միջադեպում ներգրավված ոստիկանների գործողությունների իրավաչափությունը գնահատելու և ի պաշտոնե իրենց դերն ու նշանակությունը չգիտակցող բաշիբոզուկներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի հարաբերական սահմանագծին, համակողմանի իրավական և քաղաքական գնահատական չստանալու դեպքում հղի է Հայաստան-Արցախ հարաբերություններում ծանրագույն հետևանքներով: ԼՂՀ ոստիկանների գործողություններին իրավական, զուգահեռ քաղաքական գնահատական չտալը նշանակելու է, որ նրանք գործել են ԼՂՀ-ի իշխանության եթե ոչ հրահանգով, ապա գոնե լուռ համաձայնությամբ: Ուզեն հայկական երկու պետությունների իշխանությունները, թե ոչ, կատարվածը գնահատվելու է հենց այս լույսի ներքո և հանգեցնելու է Հայաստանի ու Արցախի հասարակական հարաբերություններում նոր, խոշոր սեպ խրելուն, քանի որ միջադեպը հանրային՝ մակերեսային տիրապետող ընկալումներում կրկին Արցախից և արցախցիներից հայաստանցիների խորթացման հերթական պրոցեսի հիմք է ստեղծում:  Այս իմաստով անհասկանալի է նաև Ժիրայր Սեֆիլյանի՝ միջադեպից հետո անցած երկու օրերին որևէ հայտարարություն չանելու հանգամանքը: Որքան հասկանալի է ծեծի ենթարկվելուց, ծանր ֆիզիկական և հոգեբանական տրավմա ստացած լինելու հանգամանքը, Սեֆիլյանը, թերևս, բոլորից լավ է ըմբռնում և շատերից ավելի մեծ կամք ունի ըմբռնելու, թե ինչ հետևանքներով է հղի ոստիկանի հագուստ կրող ինչ-որ երևույթներին նույնիսկ ԼՂՀ ողջ իշխանությանը, ընդհանուր ղարաբաղցիների հետ նույնացնելը: Առավելևս, երբ նա առաջնորդվում է ԼՂՀ-ն Հայաստանի, հետևաբար նաև ղարաբաղցիերին հայաստանցիների անքակտելի մաս համարելու գաղափարով: Հիմնադիր խորհրդարանից տեղեկացրել են, որ առաջիկայում Սեֆիլյանը մամլո ասուլիսով է հանդես գալու: Որքան էլ մարդկայնորեն պատկերացնելի է նրա վիճակը, որքան էլ մարդու ուղեղում չի տեղավորվում՝ ինչպես կարելի է ձեռք բարձրացնել նման կերպարների վրա, Սեֆիլյանը, թերևս, կարող է մի պահ մոռանալ խոցված արժանապատվության մասին և ժողովրդի երկու հատվածների միջև հետագա օտարման պրոցեսը կանխելուն ուղղված հստակ ուղերձներ հղի հասարակությանը:

Նման բաժանարար գծերի անցկացումը երկու հայկական պետությունների նկատմամբ դավադրության նշանակություն ունի: Ընդամենը օրեր առաջ միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազակերպություններից մեկը ԼՂՀ-ն ավելի ժողովրդավար ճանաչեց, քան Ադրբեջանը: Բերձորում կատարվածն այս արձանագրումը հերքելուն էր ուղղված: Եվ եթե ԼՂՀ իշխանությունները, «Հիմնադիր խորհրդարան»-ը, յուրաքանչյուրն իրենցից կախվածն անելու հարցում հապաղեն, ապա դա այլ կերպ, քան այդ դավադրությանը տուրք տալու մղում հնարավոր չի լինելու որակել:

Մեկնաբանություններ (4)

թաթուլ
Մարդիկ վաղուց արդեն որոշել են ծեծի ու բռնության միջոցով իշխելու ամբողջ ազգի վրա, իմաստ ունի արդյոք սրանց բարոյախոսության կոչ անել հիմա:
Hayk
Հարգելի Ա. Առաքելյան: Այն, որ Ձեր թերթը շատերի նման օգտվում է «Բաց հասարակություն.....» օտարերկրյա գրանտից,արդեն կորցնում է իր անկախ ու ճշմարիտ լինելու ստատուսը ընթերցողի մոտ: Համաձայնեք--- ով վճարում է, նա էլ պատվիրում է: Ես նոր տեսա ու այլևս չեմ կարդալու: Շատ ցավում եմ, որ մեր ԶԼՄ-ների շատ մեծ մասը վաճառվել են: Կարող եք չտպագրել գրածս: Բայց ձեզ մի՛ համարեք լրագրող, ձեզ ուրիշ անունով են կոչում: Հազար ափսոս, որ Հայրենիքին ծառայելու փոխարեն, օտարին եք ծառայում: Ու մի՛ նեղացեք, երբ ձեզ հինգերորդ շարասյուն են ասում.
ազգանունով ՀԱՅ լինելը դեռ քիչ է
Իշխանությունները տանում են նրան, որ մի փոքր ազգի մեջ իրարից տարբերվելու համար արդեն ժապավեն են կապում թևերից, ունենալօվ большевик и меньшевик մտածելակերպը, իսկ դա չարիք է մեր պես ազգի համար, աղբը հանել է պետք մեր մեջից։
Վեհարի
Սերժի կողմից կազմակերպված դավադիր դավաճանություն: Եթե դավադիր դավաճաններին դավաճան դատավորները չեն կարող դատապարտել, ապա շատ շուտով նրանց հախից կգան հայրենասերները և ամբոխները խելագարված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter