
Օգտվեք անվճար բուժօգնությունից` առանց զուգարան մտնելու
Երեւանի պետական պոլիկլինիկաներում մարդիկ ստանում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնություն: «Հետքը» շրջել է քաղաքի բոլոր պոլիկլինիկաներով` տեսնելու, թե ինչ սանիտարահիգիենիկ պայմաններ են պետության կողմից երաշխավորված բուժօգնություն ցուցաբերող հաստատություններն առաջարկում մարդկանց:
Իրավիճակին ծանոթանալու համար լուսանկարել ենք պոլիկլինիկաների սանհանգույցները: Սեղմելով քարտեզի` վայր խորհրդանշող պատկերի վրա` կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր պոլիկլինիկայի սանհանգույցի սանիտարահիգիենիկ իրավիճակին:
Երեւանի պոլիկլինիկաները գտնվում են քաղաքապետարանի եւ առողջապահության նախարարության վերահսկողության ներքո: Երեւանի քաղաքապետարանը պատասխանատու է բժշկական հաստատության շենքային պայմանների, բժշկական սարքավորումների որակի եւ անձնակազմի կառավարման համար: Պոլիկլինիկաների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը վերահսկում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը:
[gallery id=286]
Լուսանկարներում պարզ երեւում է, որ Երեւանի պոլիկլինիկաներից գրեթե ոչ մեկը չի համապատասխանում 2013թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված բուժկանխարգելիչ հիմնարկում հասարակական զուգարանի սանիտարահիգիենիկ նորմերին: Հարց է առաջանում` ինչո՞ւ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը չի արձանագրում պոլիկլինիկաների սանհանգույցների անհամապատասխանությունը սանիտարահիգիենիկ նորմերին:
Ծանոթացում` բուժկանխարգելիչ հիմնարկում հասարակական զուգարանի սանիտարահիգիենիկ նորմերը`
«Հետքի» հարցին, թե Երեւանի պոլիկլինիկաներում գրանցվե՞լ են, արդյոք, սանիտարահիգիենիկ վիճակի պահպանման խախտումներ 2013-2014թթ., եւ կա՞ն, արդյոք, պոլիկլինիկաներ, որոնք ենթարկվել են տույժի, Առողջապահության նախարարությունից պատասխանել են. «Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ եւ համաճարակային հսկողությունը, այդ թվում` պոլիկլինիկաների նկատմամբ, իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը:
2013թ. «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում իրականացվել է թեմատիկ ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի պահանջների խախտումներ, ինչի համար «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական տույժի»:
Փաստորեն, վերջին երկու տարիների ընթացքում խախտման ընդամենը մեկ դեպք է հայտնաբերվել, այնինչ իրավիճակը նույնն է գրեթե բոլոր պոլիկլինիկաներում:
Քաղաքացիների հարկերից գոյացող պետական բյուջեից 2013թ. առողջապահության նախարարությունը 3 մլրդ 67 մլն 275 հազար 900 դրամ է հատկացրել հանրային առողջապահական, այդ թվում` հիգիենիկ եւ համաճարակային ծառայությունների համար:
2015-2017թթ. նախարարության կողմից իրականացվող ամփոփ ծախսերում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների անցկացման, թունավորումների եւ այլ հիվանդությունների կանխարգելման համար նախարարությունը նախատեսում է հատկացնել`
Ո՞րն է սանիտարահիգիենիկ միջոցառումներին ուղղված պետբյուջեից կատարվող հատկացումների նպատակը, եթե առողջապահության նախարարությունը չի հայտնաբերում եւ տույժի չի ենթարկում նորմերը խախտող բոլոր հաստատություններին:
Քաղաքապետարանի գործառույթը
Պոլիկլինիկաները սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, մատուցված ծառայությունների որակը վերահսկում է Երեւանի քաղաքապետարանը: 2014թ. Երեւանի բյուջեից առողջապահությանը հատկացվել է 165 մլն դրամ, որից 100 մլն-ը` «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում», 50 մլն-ը՝ «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» և 15 մլն-ը՝ «Բնակչությանը կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայության տրամադրում» ծրագրերի իրականացման համար:
«Հետքի» հարցին, թե որքան գումար է 2014թ. հատկացվել յուրաքանչյուր պոլիկլինիկայի` շենքային պայմանների բարելավման եւ սարքավորումների ձեռքբերման համար առանձին-առանձին, Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է, որ «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Սարի Թաղ պոլիկլինիկա» ՓԲԸ-ներում անցկացվել են ջեռուցման համակարգեր, «Կարմիր բլուր» պոլիկլինիկա ՓԲԸ-ում փոխարինվել են պատուհանները, որի համար հատկացվել է ընդամենը 41 միլիոն 52 հազար 480 դրամ:
«Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռք բերում» ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը բուժհաստատություններին տրամադրելու նպատակով ձեռք է բերել 14 անուն բուժսարքավորում` 2 ռենտգեն ապարատ, 5 ուլտրաձայնային հետազոտման սարք՝ կարդիոտվիչով, 1 ուլտրաձայնային հետազոտման սարք (դոպպլեր), 2 կոլպոսկոպ և 4 իմունոֆերմենտային անալիզատոր՝ ընդամենը 75 մլն 886 հազար 400 դրամ արժողությամբ: Արդյունքում` տնտեսվել է 24 մլն 114 հազար դրամ:
«Բնակչությանը կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայության տրամադրում» ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը պոլիկլինիկաների համար ձեռք է բերել կոմպյուտերային տոմոգրաֆիային ծառայություն՝ 14 մլն 500 հազար դրամ արժողությամբ, որից մինչ 2014թ. դեկտեմբերի 10-ը ներառյալ օգտվել է 209 քաղաքացի:
Անցյալ տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երեւանի պոլիկլինիկաներ է այցելել ընդհանուր առմամբ 466 հազար 535 մարդ, ովքեր հնարավորություն ունեն օգտվելու նոր սարքավորումներով անվճար բուժօգնությունից, սակայն պետք է խուսափեն բուժհաստատությունների զուգարաններ մտնելուց, քանի որ նման պայմաններ առաջարկող պետական բուժօգնությունը ոչ միայն չի կարող հիվանդությունների կանխարգելիչ գործառույթ կատարել, այլ նաեւ կարող է նպաստել հիվանդությունների առաջացմանը եւ տարածմանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեկտեմբերի 3-ին շրջայց են կատարել վերոնշյալ պոլիկլինիկաներում, ծանոթացել շենքային պայմաններին, լուսանկարվել եւ հրապարակել դրանք իրենց գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Նրանք, սակայն, մոռացել են բացել այդ պոլիկլինիկաների զուգարանի դռները:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել