HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

ՊԲ փոխգնդապետ․«Մեր զինվորի ոգին բարձր է, քան երբևէ»

Հունվարյան արևոտ օր էր, երբ հասանք ԼՂՀ ՊԲ N զորամասը։ Ձմռանը ոչ հատուկ կիզիչ արևից պաշտպանող արևային ակնոցներով անգամ կկոցած աչքերով զորամասի բակում ներսուդուրս անող զինվորներին էի զննում։ Մինչ մարզահրապարակում նորակոչիկները երգելով, համաչափ քայլել են սովորում, արդեն փորձառու զինվորները զենք են մաքրում ու պատմում առաջնագծի իրենց հերթապահությունների մասին։

Ավագ լեյտենանտ Անդրանիկ Սարգսյանը արդեն հինգերորդ տարին է, ինչ երկու եղբայրների հետ Ապարանից տեղափոխվել են Արցախ ծառայության։ Հունվարին սահմանին ամենալարված օրերին նա իր զինվորների հետ առաջնագծում էր։ Անդրանիկը պատմում է, որ հունվարին ավելի շատ դիրքերում էր, քան զորամասում։ Օրեր առաջ է իջել դիրքերից։ Ամենավերջին մարտական հերթապահության ժամանակ զինվորների դիրքերից մեկը թշնամուց հեռու էր 90-100մ, իսկ մյուսը՝ ընդամենը 50մ։ Անցած ամիս առաջնագծի լարվածությունն այսպես է բացատրում ավագ լեյտենանտը:

«Հակառակորդը վախից գիշերները աջ ու ձախ կրակում է։ Երբ նայում ենք հեռադիտակով, երևում է, որ նա առանց հաշվարկի, անկանոն կրակահերթ է բացում անգամ այն ուղղություններով, որտեղ դիրքեր չկան: Բնական է, մենք անիմաստ փամփուշտ չենք փչացնում, միայն հարկ եղած դեպքում բավականին կոշտ պատասխան ենք տալիս»,- ասում է Անդրանիկը:

Շարքային Ալեքսանդր Թադևոսյանը 1 տարի երկու ամիս է ծառայության մեջ։ Նա այս ընթացքում հասցրել է տասնյակ մարտական հերթապահություններ իրականացնել առաջնագծում։ Ընկերները կողքից հուշում էին, որ Ալքսանդրը զորամասի լավագույն զինվորներից է, ու որպես ապացույց բոլորը միաբերան հուշում էին ուշադրություն դարձնել զինվորի կրծքին կպցրած «Քաջարի մարտիկ» կրծքանշանին։ 19-ամյա Ալեքսանդրը վստահեցնում է, որ թշնամու կողմից դիվերսիոն գործողությունները և կրակոցներն իրենց ստիպում են ավելի զգոն լինել դիրքերում։

«Ամենակարևորն այն է, որ առաջնագծում կանգնած յուրաքանչյուր զինվոր գիտակցի, որ իր թիկունքում ոչ միայն իր ընտանիքն է ու հարազատները, այլ հարյուրավոր խաղաղ բնակչություն, ում հանգիստ քունը իրեն է վստահված հսկել»,- ասաց Ա․Թադևոսյանը։

Տղաների հետ խոսել ենք առաջնագծում զոհերի մասին:

«Երևի բոլորի մտքով էլ անցում է, որ զոհվածի տեղը կարող էր  ինքը լինել։ Բայց շատ շուտ ցավին փոխարինում է վրեժի զգացումը և աշխատում ես հնարավորինս ուշադիր լինել հերթապահության ժամանակ, իսկ հարկ եղած դեպքում` արժանի հակահարված տալ թշնամուն»,- ասում է զինվորներից Հովհաննես Խաչատրյանը։

Ընդհանրապես, առաջնագծում զինվորների բարոյահոգեբանական վիճակը, ըստ ավագ լեյտենանտ Անդրանիկ Սարգսյանի, մեծապես կախված է սպայական կազմից։

«Այս 5 տարիների ընթացքում ինչ ծառայում եմ Արցախում, բարեբախտաբար, ոչ մի զինվոր չեմ կորցրել։ Ուղղակի փորձում եմ ինձ դնել այդ ծնողների տեղը և անում եմ ամեն ինչ, որ ինչպես ծնողներն իրենց որդիներին ողջ ու առողջ ուղարկում են ծառայության, զորացրվելուց հետո էլ նույն զինվորը իրա ոտքով վերադառնա տուն»,- ասում է Ա․Սարգսյանը։

Այսօր էլ առաջնագծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արա Քամալյանի կարծիքով լարվածությունը կթուլանա միայն փետրվարի կեսերին։

«Տխմար կլինեն, եթե այսքանից հետո էլ հետևություն չանեն։ Ամեն դեպքում` հակառակորդի կողմից առաջնագծում կտրուկ ակտիվությունը, ըստ իս, կապված է Եղեռնի 100-ամյա տարելիցի հետ և երկրորդ, ինձ թվում է՝ իրենք օգոստոսյան դեպքերից հետո ինչ-որ ջոկատներ են վերապատրաստել և ուզում են գործի մեջ ստուգել, թե ինչի են ընդունակ։ Դե արդյունքում ինչպես տեսնում եք, իրենց բոլոր փորձերը վերջում փորձանք են դառնում իրենց իսկ գլխին»,- ասաց Ա․Քամալյանը։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը` Արա Քամալյանն ասաց, որ չի կարծում, թե Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի։

«Ավելի շուտ նա կփորձի դիվերսիոն հարձակումներով փորձեր անել ապակայունացնել մեր դիրքերը և ազդել զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Բայց այսօր նա արդեն համոզվել է, որ մեր ոգին չի ընկել, հակառակ, վստահ ենք ինչպես երբևէ»,- եզրափակեց Արա Քամալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter