HY RU EN

Վահե Սարուխանյան

Պարտքերի տակ կքած «Արմավիան» Հայաստանի 11-րդ հարկատուն է, կամ Բաղդասարովի պլանը տապալվու՞մ է

Միխայիլ Բաղդասարովի «Արմավիա» ընկերությունը, որն անցյալ տարվա հոկտեմբերին դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց, պարզվում է՝ նույն 2014 թ.-ին ՀՀ 11-րդ հարկատուն է եղել: Ընկերության վճարած ընդհանուր հարկերը կազմել են մոտ 7,2 մլրդ դրամ: 

Ահա ֆինանսների նախարարության անցյալ տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին 20-յակը՝ վճարած հարկերի չափով:

Հիշեցնենք, որ «Արմավիա-Ավիաընկերություն» ՍՊԸ-ի փայատերերից մեկը՝ «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, 2014-ի սեպտեմբերին դիմել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով սնանկ ճանաչել ՍՊԸ-ին: Հատկանշական մի փաստ. «Միկա Լիմիթեդ» անունով հայաստանյան ընկերություն չկա, այն գրանցված է Միացյալ Թագավորության Ջերսի կղզում, որն օֆշորային գոտի է, սակայն datalex.am կայքում «Միկա Լիմիթեդ»-ի հասցեն նշված է Երեւան, Բելյակովի 5, որտեղ գտնվում են «Միկա Քորփորեյշն» եւ «Ավիաֆին» ընկերությունները:

«Արմավիայի» փայատերերը

Օֆշորային ընկերությունը դատարանում նշել էր, որ ավիաընկերությունն իրեն 38.378.000 դոլարի պարտք ունի, որի մարման վերջնաժամկետը 2014-ի ապրիլի 30-ն էր: Պարտապանը չի վիճարկել իր դեմ ներկայացված հայցադիմումը: Դատավոր Լիլիթ Կատվալյանը հոկտեմբերի 6-ին սնանկ է ճանաչել ավիաընկերությանը: Նշանակվել է սնանկության գործով կառավարիչ: Սնանկ ճանաչվածի հանդեպ սկսել են պահանջ ներկայացնել պարտատերերը: Ավիաընկերության գույքի վրա արգելանք է դրված:

Նախնական ցուցակով պարտատերերի թիվը 153 է: Հաստատվել է 8 հերթ, այսինքն՝ ավիաընկերությունը նշված հերթականությամբ պետք է մարի պարտքերը: Առաջին հերթում են «Յունիբանկ» ՓԲԸ-ն (պարտքը՝ 6.666.310 ԱՄՆ դոլար), «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ն (680.258.591 դրամ), «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (1.250.244 դոլար), «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն (10.427.224 դոլար եւ 17.835 եվրո), որոնց գումարները ապահովված են եղել երաշխավորությամբ կամ գրավով: Պարտատերերի թվում են նաեւ «Ղ-Տելեկոմ»-ը, «Կարկոմավտո»-ն, «Հայաէրոնավիգացիա»-ն, ՀՀ ֆիննախը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ»-ը, «Աէռոֆլոտ-Ռուսական Ավիաուղիներ»-ը, «Ուրալական Ավիաուղիներ»-ը, «Դոմոդեդովո օդանավակայանի առեւտրային գործակալություն»-ը եւ այլն:

Հատկանշական է, որ սնանկության հայց ներկայացրած «Միկա Լիմիթեդ»-ն ընդգրկվել է վերջին՝ 8-րդ հերթում: Իսկ Բաղդասարովի հիմնած այլ ընկերություն՝ «Միկա Քորփորեյշն»-ը՝ 7-րդ հերթում: Վերջինիս ավիաընկերությունը ավելի քան 28 մլն դրամի եւ 792.014 դոլարի պարտք ունի: Ըստ datalex.am-ի՝ առարկություն է ներկայացվել դատարան, որի պատճառն ու ներկայացնողը չեն նշվում, սակայն, ըստ էության, այն կապված է հերթի հետ:

Երբ Միխայիլ Բաղդասարովի մի ընկերությունը մյուսին որոշեց դատարանում սնանկ ճանաչել, մամուլն արձագանքեց, որ սա, ըստ էության, փողը մի գրպանից մյուսը դնելու միջոց է, ու գործարարն ուղղակի բիզնեսը հանում է Հայաստանից: Փաստորեն, եթե «Միկա Լիմիթեդ»-ը մնա վերջին հերթում, ապա «Արմավիայի» ունեցվածքը դժվար թե բավականացնի 153-րդ տեղում հայտնված օֆշորային ընկերության պարտքը փակելու համար: Այսինքն՝ Բաղդասարովի ենթադրյալ մտահղացումը կտապալվի:

Հ.Գ. «Արմավիայի» պատմությանն ու տխուր ճակատագրին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք: