
Սուրիկ Հակոբյանը վիրավորված է իշխանություններից. «Իրանք թքում են մարդու հոգու մեջ»
«Սուրիկի լավաշ» ՍՊԸ-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանի երկու որդիները եւ հարսը դեռեւս գտնվում են կալանավայրում: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ որդիներից Արտյուշը սեպտեմբերի 23-ին Երեւանում վնասազերծված ավազակախմբի պարագլուխն է:
Սուրիկ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ խիստ նեղացած է իշխանությունների վերաբերմունքից: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ զրույցն ամբողջությամբ:
Պարոն Հակոբյան, ո՞ր փուլում են գտնվում ձեր երկու որդիների` Արտյուշի եւ Անդրանիկի, ինչպես նաեւ Արտյուշի կնոջ դեմ հարուցված քրեական գործերը:
Ոչ մեկին էլ բաց չեն թողել, տղա ջան: Հարսիս էլ պահում են, որ մի անմեղ մարդ` Արտյուշը խոստովանի:
Վերջերս հանդիպել էիք ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, ի՞նչ եք քննարկել:
Հանդիպել եմ, սովորական խոսակցություն է եղել: Ասել եմ, որ իմ որդիները մեղավոր չեն, ես իմ ընտանիքով մեղավոր չեմ, մեղքեր չենք գործել, ոչ մի բան չենք արել: Այսքան ժամանակ պահում են, 3 դատապաշտպաններ ունենք, գնում-գալիս են: Ընենց բան չկա, ախր, ո՞նց ասեմ` անմեղ տեղը տարել են քաղաքական հարցեր են լուծում: Երեւի ինքս եմ մեղավոր:
Չէ, ես սխալ չեմ, որ երկար տարիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն եմ եղել Գառնիում: Դրա համար երեւի իմ որդիների միջոցով ուզում են ինձ խեղճացնեն: Հիմա էլ «Բարգավաճի» անդամ եմ:
Կարող եք փաստաբաններից հարցնել, թե ովքեր են իմ տղերքը: Ամեն մեկը մեծ հայրենասերներ են: Արտյուշը Շահումյանի կռիվներին կռվել է, ես ինքս կռիվներին մասնակից եմ եղել: Այն ժամանակ իմ հնարավորությունները մի քիչ մեծ են եղել: «Սասունցի Դավթի», «Սասնա ծռերի»,Մալաթիայի մեր Զատիկյանի ջոկատին օգուտներ եմ տվել: Հիմա ի՞նչ ա, ես մեծացել եմ, գիտեն՝ դրանով մեզ կհաղթեն, էլի: Ես շատ վիրավորված եմ:
Ումի՞ց եք վիրավորված:
Այսօրվա ղեկավարությունից: 2000 ստորագրություն ունեմ: Ոնց ասում են` ամբողջ Գառնիի 2000 հասուն մարդիկ ստորագրել են, պիտի տանեմ տամ: Ասում են` ստեղ մի տուր, ընդեղ մի տուր, էսի Ազգային ժողովին մի տուր, նախագահին մի տուր: 2000 հոգի իրենց պասպորտի տվյալներով ստորագրել են, թե ես այս գյուղի համար ինչ եմ արել: Եթե 2000 հոգի մի մարդու համար ստորագրում է, երեւի մեծ հարգանք է, չէ՞:
Հիմա էլ թոռներս մնացել են երեսիս: 10 տղա թոռ ունեմ հայրենիքի համար, որ այսօր ոչ ոք չի գնում ծառայելու, բայց իմ թոռնիկին ուղարկել եմ ծառայության: Ուզում եմ ասեմ, որ իրանք թքում են մարդու հոգու մեջ: Ես շատ վիրավորված եմ մեր պրեզիդենտից, վարչապետից: Ըտենց մարդ չկա, որ բացի իրենց հարստությունից ուրիշ բանի մասին մտածեն:
Սկզբում ասում էիք, որ այս ամենն ուղղված է Ձեր բիզնեսի դեմ: Հիմա ի՞նչ վիճակում է այն գտնվում:
Դե, բիզնես է, էլի: Ես շնորհակալ եմ իմ ժողովրդին, որ գնահատում է մեր հացը, մեկը, մյուսը: Բիզնեսին խանգարող բան չկա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մեկնաբանել