
Արտակ Բուդաղյանի գործով վկաների դատաքննական ցուցմունքները հակասում են նախաքննական ցուցմունքներին
Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում փետրվարի 4-ին Արտակ Բուդաղյանի գործով դատաքննության ժամանակ Սուրիկ Խաչատրյանի տան աշխատակցուհի, այս գործով վկա Կարինե Հարությունյանի ցուցմունքը հակասում էր նախաքննության ընթացքում` դեպքից 2 օր անց տված ցուցմունքին:
Վկան դատարանին հայտնեց, որ Արտակ Բուդաղյանը դեպքի օրը «ժիգուլի» մակնիշի մեքենայով եկել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ ու սկսել սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնել, իսկ Լորետա Բարսեղյանը փորձել է հետ պահել նրան: Այդ ժամանակ Ա. Բուդաղյանին է մոտեցել նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, ով մի ձեռքով հրել է եղբորը, որ չկրակի, իսկ մյուս ձեռքով զենքն է պահել ու գոռացել` «չմոտենաք կկրակեմ»:
Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նախաքննության ընթացքում դեպքից 2 օր անց տրված առաջին ցուցմունքը, որտեղ վկան չի նշել Ավետիք Բուդաղյանի տված սպառնալիքների ու զենքի մասին: Պաշտպան Հ. Ալումյանը հարցրեց վկային, թե ինչպես է ստացվում, որ հիմա այնպիսի փաստեր է ներկայացնում, որը դեպքից անմիջապես հետո չի նշել: Կ. Հարությունյանը պատասխանեց, որ միգուցե քննիչը չի հարցրել, հետո ասաց, որ «կարող է ասել եմ, չեն գրել. իմ փոխարեն քննիչն ա գրել»:
Դրանից հետո մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց հրապարակել նաև նախաքննության ընթացքում տրված մյուս ցուցմունքը, որտեղ վկան գրել էր այդ մասին: Այդ ցուցմունքում գրված էր նաև, որ Արտակ Բուդաղյանի ընկնելուց հետո Ավետիք Բուդաղյանը զենքը պահել է Տիգրանի վրա, իսկ Տիգրանն էլ փախչել է:
Հ. Ալումյանը հարցրեց, թե դեպքից անմիջապես տրված ցուցմունքում ինչու ոչինչ չի ասվում Տիգրանի հանդեպ տրված սպառնալիքներ մասին, բայց 2 ամիս 20 օր հետո ասվում է, վկան պատասխանեց. «Չեմ հիշել, չեմ ասել»:
Այդ մասին վկան ոչինչ չասաց նաև այս անգամ տրված ցուցմունքում, չնայած, որ ամբաստանյալի պաշտպանը բազմաթիվ անգամ հարցրեց Արտակ Բուդաղյանի ընկնելուց հետո Ավետիք Բուդաղյանի քայլերի մասին:
Հ. Ալումյանը հատվածներ կարդաց նաև խոհանոցում տեղի ունեցած խոսակցության վերծանումներից և հարցրեց, թե արդյոք նման խոսակցություն հիշում է, վկան պատասխանեց, որ չի հիշում:
Այս դատական նիստին, որպես վկա, քննվեց նաև այս գործով տուժող ճանաչված Լ. Բարսեղյանի քույրը՝ Լարիսա Բարխուդարյանը, ով միջադեպի օրը գտնվում էր Ս. Խաչատրյանի առանձնատանը: Վկան նկարագրեց Արտակ Բուդաղյանի գալը, սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը, տուժող Լ. Բարսեղյանի խոչընդոտելը: Թե ով էր Արտակ Բուդաղյանի թիրախը, պատասխանեց, որ Սուրիկ Խաչատրյանն էր, քանի որ նրան էին ուղղած հայհոյանքներն ու սպառնալիքները: Հետո շարունակեց պատմել, որ 2 կրակոց է լսել, վախեցած գնացել է տուն ու երբ վերադարձել է, տեսել է Ավետիք Բուդաղյանին ընկած ու գնացել է հարևանի տնից շտապ օգնություն կանչելու:
Թե ով էր կրակել, տեղյակ չէր: Թե արդյոք Արտակ Բուդաղյանն է զենքով կրակել, ասաց, որ չի տեսել, իսկ թե Ավետիք Բուդաղյանի ձեռքին զենք կար, պատասխանեց, որ չգիտի: Հ. Ալումյանը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, որտեղ պնդել է, որ տեսել է Արտակ Բուդաղյանին կրակելիս:
Նա նաև նշել է, որ երբ կրակոցներ լսվեցին, Տիգրանը տնից դուրս եկավ` փայտե պոչով հրացանը ձեռքին, ինքը փորձել է վերցնել այն, Տիգրանը այդ պահին մեկ անգամ օդ է կրակել, հետո Անժելան խլել է ձեռքից: Հրապարակելուց հետո վկա Լ. Բարխուդարյանը նշեց, որ ինքը «Տիգրանից զենք չի վերցրել»:
Կրակոցները Տիգրանի զենքը վերցնելուց առա՞ջ են եղել, թե՞ հետո, պատասխանեց, որ չի հիշում: Թե նախաքննության ընթացքում ինքն է գրել ցուցմունքը, պատասխանեց. «Ես պատմել եմ, հետո թելադրել, ու քննիչը գրել ա»:
Իսկ վկա Արման Հակոբյանի հարցաքննությունը հետաձգվեց մինչև մյուս դատական նիստ, քանի որ նա ցանկացավ հարցաքննվել փաստաբանի ներկայությամբ:
Մեկնաբանել