HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

19 տարվա մեջ մեկ օր ինձ դատապարտյալ չեմ համարել. ես պատանդ եմ

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Օրեր առաջ դարձա երրորդ կուրսի ուսանող 

Բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի 20-ամյա ուսանող էի, երբ չարածս հանցանքի համար հանուն Հայաստանի Հանրապետության ինձ դատապարտեցին մահապատժի: 19 տարի անց՝ 39 տարեկանում տեղափոխվեցի հայ-ռուսական սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 3-րդ կուրս: Օրեր առաջ բուհի քրեական, քաղաքացիական ու վարչական իրավունքների դասախոսները եկան «Նուբարաշեն» մահվան տուն, որտեղ հանձնեցի քննություններս: Եվ շնորհիվ «Հետք» ինտերնետային թերթի ղեկավարության, որն ինձ աշխատանքով է ապահովել, կարողանում եմ ինքս վճարել բուհի ուսման վարձը: 

Սակայն այս ամենը զրո է համակարգի համար. այն չի խրախուսում ստեղծագործական աշխատանքը, գրքերի հրատարակումը, բուհում ուսանելը, աշխատելը: 

- Քո համար ես սովորում ու աշխատում,- հաճախ եմ լսում այս արտահայտությունը: 

- Այդ դեպքում ինչո՞ւ են խրախուսում, օրինակ, շախմատիստին, երբ նրանք հաղթում են խաղը կամ ստեղծագործողին ինչո՞ւ են մրցանակ տալիս: Նույն տրամաբանությամբ, նրանք էլ ամեն ինչ իրենց համար են անում,-հակազդում եմ ես:

Ու բոլորովին չզարմացա, երբ օրեր առաջ ստացա իմ վարքի գնահատման թերթիկը, որտեղ «ուղղման աստիճանի» դիմաց գրված է՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ: Հիշեցի, որ Ամանորը տանը դիմավորած Յուրի Վարդանյանի որդին, ով մեղադրվել էր մաքսանենգության ու օգտագործելու նպատակով հաշիշ ձեռքբերելու մեջ, պայմանական ազատվել էր, քանի որ բնութագրվել էր ԴՐԱԿԱՆ: Բնական է, որ Դավիթ Վարդանյանը մի քանի ամսում ո՛չ սովորել էր, ո՛չ աշխատել. նա պարզապես դեսպանի տղա է, իշխանության մարդը, թիկունքին «պապա» ունի: Ուրեմն՝ «վերևից» ինչպիսի բնութագիր պատվիրեն, այնպիսին էլ կստանան ՔԿՀ-ից: 

Իմ կարգապահությունը, կապը ընտանիքիս ու արտաքին աշխարհի հետ գնահատված է ՄԻՋԻՆ: Սա այն դեպքում, երբ մշտապես բարձրացնում եմ հավելյալ տեսակցությունների խնդիր և չունեմ տույժեր: Բարձրացնում եմ նաև բարձր ռիսկայնության խմբից ինձ հանելու հարցը, քանի որ 2 փախուստների պատճառով Սողոմոն Քոչարյանին ու ինձ հաշվառել են այդ խմբում: Սակայն օրենքը թույլ է տալիս հաշվառման վերցնելուց  2 տարի անց, եթե դատապարտյալը դրական առաջընթաց է ունենում, հանել ռիսկային խմբից: Եվ միայն կրթական ու մշակութային ծրագրերում իմ ներգրավվածությունն է գնահատվել բարձր: Մինչդեռ այս կլոր գերեզմանոցում որևէ կրթական, մշակութային միջոցառում չկա, որևէ վերականգնողական ծրագիր չի գործում: Ամեն ինչ թողնված է անհատական նախաձեռնությունների վրա: Բանտի աշխատակիցները, ճիշտ է, ընդունում են, որ ունեմ դրական վարքագիծ, բարեխիղճ եմ ուսման նկատմամբ, չունեմ տույժեր, սակայն ասում են. 

- Վախենում ենք, որ նորից փախուստի կդիմես. այդ պատճառով անձնական գործում գրում ենք՝ ուղղման աստիճանը՝ բացասական: 

Ինձ ուղղել փորձելու փոխարեն՝ ուղղե՛ք դատական սխալը 

2010 թ-ի հունվարի վերջն էր: Երկրորդ փախուստից հետո կատարած ինքնասպանության փորձից նոր էի ապաքինվում: Հսկիչը, թե. 

- Մհե՛ր, արդարադատության նախարարն ա եկել, պատրաստվի՛, քեզ պետի սենյակ ենք իջացնելու: Հագի՛ էն, ինչ կտանք, թե չէ՝ մեր վրա խոսակցություն կգա, եթե քո ունեցածով տանենք: 

Բերեցին սև «սպեցովկան», որը հրաժարվում եմ հագնել, քանի որ ինձ դատապարտյալ չեմ համարում: Ինձ մեկնեցին մի երկու համար մեծ բանտային կոշիկներ: Վիճելն անօգուտ էր: Բոմժի տեսքով, ինքս ինձնից ամաչելով, ստորացված վիճակով մտա բանտապետի սենյակ: Արդարադատության նախարարն այդ ժամանակ Գևորգ Դանիելյանն էր. 

- Ներողությո՛ւն, պարո՛ն նախարար, մի պահ կարո՞ղ եք պատկերացնել, որ Դուք սպանություն չեք արել, բայց Ձեզ մեղադրել են սպանության մեջ ու դատապարտել մահապատժի,-նայելով նախարարին՝ ասում եմ ես,- Ես շատ եմ պայքարել, որ վերաբացեն գործը, բայց որևէ մեկը իմ ձայնը չի լսում: Ես փախչում եմ, որովհետև անմեղ եմ. այլ ելք չկա: Տեղի է ունեցել դատական սխալ, իսկ պետությունն ինձ հնարավորություն չի տալիս վերադառնալու: 

Իմ առջև նստած էր 19 տարվա մեջ ինձ հանդիպած այն եզակի պաշտոնյաներից մեկն, ով լսեց ինձ, ընդունեց դատական սխալի հավանականությունը և խորհուրդ տվեց շարունակել պայքարել, բայց միայն օրինական մեթոդներով: 

- Մի՛ վտանգիր կյանքդ փախչելով, ելքեր միշտ կան,-ասաց նա: 

Հետևում եմ նախկին նախարարի խորհրդին, պայքարում գործի վերաբացման համար: Ու վստահ եմ, որ մի օր կգտնեմ ելքը դեպի ցմահ Ազատություն:  

Գևորգ Դանիելյանից հետո այլ նախարար չի այցելել ցմահ դատապարտվածների հարկաբաժին: Իսկ ես միշտ տեսնում եմ, որ բանակի ղեկավարությունն, օրինակ, զինվորական խոհանոցում զինվորների հետ հաց է կիսում: Սակայն չեմ մտաբերում, որ համակարգի որևէ պաշտոնյա կերած լինի բանտի հացը: Խորհուրդ էլ չեմ տա… խնայեք ինքներդ Ձեզ: 

Արդարադատության նախարարի այս կեցվածքը ինձ համեմատության եզր չթողեց: Հիշեցի հորս պատմածը, երբ առաջին փախուստիս օրերին, ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը զենքը ձեռքին մտել էր մեր տուն ու ծնողներիս ահաբեկելով՝ ասել. 

- Էսօրվանից Հայաստանով մեկ ես եմ որս սկսում: Հենց տղուդ գտնեմ, ես եմ գնդակահարելու: 

Դատախազության շենքից դուրս գալով՝ հայրս ուղեղի կաթված է ստացել 

Այդ օրերին հայրս հադիպել էր մի բարձրաստիճան դատախազի՝ հարցնելով: 

- Ի՞նչ կարելի է անել, որ տղայիս գործում վերջապես արդարությունը վերականգնվի, և նա ստիպված չլինի իր կյանքը վտանգելով՝ հուսահատված փախչել: 

- Ի՞նչ ասեմ… երբեք ոչ ոք դուրս չի գա ցմահներից, այդպիսին է մեր երկրի քաղաքականությունը այս հարցում՝ անկախ նրանից , որ ամբողջ աշխարում ընդունում են դատական սխալի հավանականությունը և գործեր վերաբացում: Հաշտվե՛ք այն մտքի հետ, որ այդ գերեզման մտնողը հավերժ կմնա այնտեղ,-ասել էր դատախազը: 

Այդ օրը դատախազության շենքից դուրս գալուց հետո հայրս ուղեղի կաթված է ստացել, մի քանի տարի անց կաթվածը կրկնվել է: Եվ հիմա նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Հատուկ խնամքի կարիք ունի: Նրան գրկած են բերում այստեղ՝ տեսակցության. մի քանի ժամից ավելի չի կարողանում բանտային պայմաններում գտնվել: Դիմել եմ «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, որ տարեկան մինչև երեք օր տրվող երկարատև տեսակցությունը բաշխվի տարվա մեջ 1-ական օրերով: 

Ֆիլմի սցենարն ավարտում եմ 

Այս բոլոր տեսարաններն ընդգրկել եմ ֆիլմի սցենարում: Իմ անձնական պատմության միջոցով ֆիլմում փորձելու եմ վեր հանել անհատ-հասարակություն-կրոն-պետություն-իշխանություն հարաբերություններում առկա խնդիրները: Ես միակը չեմ, ով այստեղ պատիժ է կրում՝ լինելով դատական սխալի զոհ, պատանդ համակարգի ձեռքին: Սցենարում փորձում եմ առաջ քաշել նաև հնարավոր լուծումներ: Հերոսները գիտության զարգացման միջոցով նոր գործիքներ են ստեղծում, որ անմեղ մարդիկ չդատապարտվեն: Սա լուծումներից մեկն է միայն: Կարծում եմ՝ հետաքրքիր է ստացվում: Շուտով սցենարը կուղարկեմ Ողջերի աշխարհ:

Մեկնաբանություններ (2)

ՀԱՅՈՒՀԻ
Մհեր, որդիս, ի վերջո բոլորս էլ այս անմարդկային ռեժիմի պատանդներն ենք։ Հայաստանում պատանդ չեն միայն օլիգարխներն ու նրանց շրջապատը, որոնց ամեն ինչ կարելի է
Ռուզաննա
Սիրելի Մհեր կցանկանամ միայն չհուսահատվեք ես հավատւմ եմ որ մոտ է այն օրը որ դուք ազատ կլինեքքքքքքք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter