HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. հազարամյակները` գարու հատիկի մեջ

Աննա Բաբաջանյան

Մարդկանց պատկերացումներում թանգարանը մի վայր է, որտեղ պահվում է արտասովորն ու եզակին, թանկարժեքն ու տպավորիչը:

Նրանք այնտեղ են գնում հիանալու և զարմանալու, տեսնելու և ճանաչելու համար: Ու եթե որևէ մեկին առաջարկեք այցելել թանգարան` տեսնելու մի սովորական գարու հատիկ, նա հազիվ թե հավատա, որ գարին պահվում է թանգարանում և դժվար թե ցանկություն ունենա ընկերակցել ձեզ: Իսկ ահա Էրեբունու պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանում ցուցադրվող գարու հատիկն ավելին է, քան ցուցանմուշը: Այդ փոքրիկ սերմնահատիկի մեջ հազարամյակների պատմությունն է ամփոփված:

Թանգարանում, որտեղ հավաքվել ու պահվում են ավելի քան 12 հազար ցուցանմուշ, գարու հատիկներն առանձնահատուկ տեղ են գրավում: Դրանք հայտնաբերվել են Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ: Երևանի հարավ-արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին է գտնվում Կարմիր Բլուր հնավայրը,  որը կործանվել է մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին՝ սկյութների և բնիկ ցեղերի հարձակումներից: Մեզ հասել են պատմություններ այն մասին, որ գրավելով բնակավայրը, թշնամին ապշել է տեղի բարիքների առատությունից ու անգամ չի հասցրել իր հետ տանել ամբողջ ավարը: Կործանելով ու կրակի մատնելով այդ ծաղկուն վայրը` ոսոխը հեռացել է` իր ետևից թողնելով բլուրը, որը «կոնսերվացվել է» ավերակների տակ և այդպիսով պահպանել  ամբողջ «ունեցվածքը» մինչև մեր օրերը: Նույն բախտին են արժանացել նաև թանգարանում պահվող գարու հատիկները, որոնք մնալով հսկայական կարասների հատակում, 6-7 մ խորության  վրա, որտեղ ջերմաստիճանի տատանումը նվազագույն է եղել, զերծ են մնացել արտաքին ազդեցություններից և հաղթահարել են կորուսյալ ժամանակի ուժը, որպեսզի այսօր վկայեն հազարամյակների պատմության, ավանդույթների ու սովորույթների մասին:

Իսկ նրանք շատ բան ունեն պատմելու: Սակայն այդ բոլոր պատմություններից առավել հետաքրքրականն այն է, որ հատկապես Կարմիր Բլուրից պեղած սերմնահատիկներն են վկայում դեռևս մեր թվարկությունից առաջ հայերի կողմից  գարեջուր պատրաստելու փաստը: Այս  հատիկներն ապացուցում են նաև, որ հայերն այն հնագույն ազգերից են, ովքեր պատրաստել և օգտագործել են այս ըմպելիքը:  Մեզ են հասել տեղեկություններ, համաձայն որոնց անգամ նեոլիթի դարաշրջանում մարդիկ օգտագործել են գարեջուրը: Իսկ եթե Ուրարտուն դիտարկենք որպես հայկական պետություն, ապա կարող ենք պնդել, որ հայերս պատրաստել և ըմպել ենք  գարեջուր դեռևս մ.թ.ա. 8-7-րդ դարերից:  

Այն, որ հայերը գարեջուր են գործածել դեռևս  հնագույն ժամանակներից, վկայում է նաև  հին հույն զորավար, գրող, փիլիսոփա Քսենոֆոնը, ով լինելով Հին Հայաստանի գյուղերից մեկում (ի դեպ` որոշ աղբյուրների համաձայն այդ գյուղը գտնվում էր  Արցախի տարածքում) իր «Անաբասիս» աշխատության 5-րդ գլխում  գրել է. «Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն և կավե ամանների մեջ գարու գինի: Կավե ամանների կողքերով գինու մեջ լողում էին գարու հատիկներ, ու նրանց մեջ դրված էին փայտե ձողիկներ՝ մեծ և փոքր չափերի, և ով ուզում էր խմել, պետք է բերանը վերցներ այդ ձողիկները: Առանց ջրի հետ խառնելու այդ գինին շատ թունդ էր, բայց դրան սովոր մարդկանց համար այն շատ հաճելի խմիչք էր»: Քսենոֆոնը մ.թ.ա. 5-4 դարերում իր ճանապարհորդությունների ժամանակ պատկերավոր նկարագրել է նաև հայի տունը. «... Տներում էին գտնվում այծերը, ոչխարները, կովերը ու թռչունները` իրենց ձագերով: Այնտեղ պահվում էին ցորեն, գարի, բանջարեղեն, կավե կարասներում գարու գինի` երեսին լողացող գարեհատիկներով: Ծարավելիս այն խմում էին մեջը դրված եղեգնյա փողերով»:

Ահա այսպես, մի աննշան գարեհատիկ մեզ տանում է դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակները, երբ քաջ ու ազնիվ մարդկային մի ցեղ մարտնչում ու արարում էր այս հողի վրա, շունչ ու ոգի էր տալիս այն լեռնաշխարհին, որ հետո պիտի կոչվեր Հայք, պիտի քաղաքամայր ունենար Էրեբունի-Երևան անունով և այդ երկրի դաշտերում պիտի ծփային գարու արտերը, որոնց նախահայր-հատիկն այսօր լուռ հանգրվանել է թանգարանում` իբրև վկա-ցուցանմուշ:

Մեկնաբանություններ (2)

Զարզանդ
Ադրբեջանցիներն ասում են հարսան, տոլման, լավաշը իրենցն է, սա էլ դրա շարունակությունն է։ Ինչո՞ւ է հեղինակը դա շեշտում։ Էս Հայաստան աշխարհում ոչ մի բան չի՞ ստեղծվել։ Ամեն ինչ վերագրվում է Ղարաբաղին՝ զարմանալիորեն։ Դե՛ ասեք Աղվանական երկիր է էլի՜ կամ ել վերջ տվեք տարանջատումներին, ամեն ինչ վերագրելով Ղարաբաղին։
Զարզանդ
Ադրբեջանցիներն ասում են հարսան, տոլման, լավաշը իրենցն է, սա էլ դրա շարունակությունն է։ Ինչո՞ւ է հեղինակը դա շեշտում։ Էս Հայաստան աշխարհում ոչ մի բան չի՞ ստեղծվել։ Ամեն ինչ վերագրվում է Ղարաբաղին՝ զարմանալիորեն։ Դե՛ ասեք Աղվանական երկիր է էլի՜ կամ ել վերջ տվեք տարանջատումներին, ամեն ինչ վերագրելով Ղարաբաղին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter