Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Փետրվարի 6-ին Մյունխենում մեկնարկել է անվտանգության հարցերով 51-րդ համաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, պաշտպանության նախարարներ, խոշոր կորպորացիաների և հետազոտական կենտրոնների նախագահներ։
Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտգործնախարարությունը:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։
Զրուցակիցները անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերը անհանգստություն են հայտնել՝ վերջերս իրավիճակի սրման կապակցությամբ, և ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել