Անկեղծության և ազնվության քննությունը Ծառուկյանը դեռ չի հանձնում
Որակյալ իշխանություն՝ ձևական կոալիցիայո՞վ
Իր նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական ուժերի և քաղաքացիական շրջանակների խորհրդաժողովում ունեցած ելույթով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զարգացրեց այսպես կոչված «մենաշնորհային իշխանությունից» ձերբազատվելու գաղափարը՝ դա փաթեթավորելով «նոր որակի իշխանության ձևավորման» միջոցով: Այսինքն՝ որպեսզի ունենանք որակյալ իշխանություն, այն չի կարող ամբողջությամբ պատկանել մեկ կուսակցության:
Սա ԲՀԿ-ի հեղինակային տեսակետը չէ: Այս գաղափարը սկսեց ակտիվորեն տիրաժավորվել այն պահից, երբ ՀՀԿ-ն մնաց իշխանությունը կրող միակ ուժը: Թեև ՕԵԿ-ը դեռ ՀՀԿ-ի հետ էր, սակայն դա եղանակ չէր փոխում, քանի որ բոլոր որոշումները ՀՀԿ-ն, ավել ճիշտ վերջինիս նախագահ Սերժ Սարգսյանը կայացնում էր միանձնյա: Որքան էլ իշխանության մոնոպոլիայի «տեսությունը» առաջին հայացքից թվա տրամաբանական, իրականում քաղաքագիտական որևէ հիմք չունի և որպես այդպիսին՝ ավելին չէ, քան շարքային սոփեստությունը:
Պետական կառավարմանն այս տեսանկյունից մոտենալու դեպքում պետք է համարենք, որ, օրինակ ԱՄՆ-ում իշխանությունը միշտ մոնոպոլիզացված է: Որովհետև կամ հանրապետականներն են միայնակ գալիս իշխանության, կամ՝ դեմոկրատները: Այնտեղ, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում իշխանական կուսակցությանը մեղադրել մենաշնորհ ունենալու մեջ: Երկրորդ՝ ՀՀԿ-ն իշխանության մեջ լինելու ողջ ընթացքում կառավարման ամբողջական «փաթեթին» իրականում սկսել է տիրապետել այն պահից, երբ ՕԵԿ-ը նախորդ տարի մարտին հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: Մինչ այդ իշխանությունը դե ֆակտո, զուտ կառուցվածքի իմաստով, եղել է կալիցիոն: Բայց արդյո՞ք այդ իշխանությունը եղել է որակյալ, կամ կոալիցիոն լինելու հանգամանքը բարձրացրել է իշխանության որակը: Պատասխանն ակնհայտ է. գնալով իշխանությունը որակազրկվել է:
Այսինքն զուտ կոալիցիոն իշխանության ձևավորումը դեռ որակյալ իշխանություն ունենալու նախադրյալ չէ: Իրական նախադրյալը կառավարման կուլտուրան է, իշխանության հավակնող քաղաքական կուսակցությունների ներքին ժողովրդավարության մակարդակը և ամենակարևորը՝ գործող ընտրական համակարգ ունենալը:
Խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային կոալիցիայի ձևավորումն է: Դա հնարավոր է միայն գործուն ներքին հակակշռիների, որոշումների կայացման մեջ կոալիցիայի մաս կազմող բոլոր ուժերի մասնակցության հնարավորության առկայության պարագայում, որտեղ մարդկային գործոնը, ցանկությունները դառնում են երկրորդական: Հայաստանում կոալիցիաները արդյունավետ չեն եղել այն պատճառով, որ դրանք ձևական բնույթ են ունեցել: ՀՀԿ-ն, ունենալով բացարձակ մեծամասնություն՝ անկախ դրա լեգիտիմ լինել չլինելուց, իր շուրջը այլ ուժերի հավաքել է բացառապես իր իրական պատասխանատվությունը, այլ ոչ թե դրան զուգահեռ նաև իրավունքները նրանց հետ կիսելու համար: Այսինքն որոշումները կայացվել են Բաղրամյան 26-ի կողմից, իրականացվել ձևական կոալիցիայի մաս կազմող ուժերի մասնակցությամբ ու պատասխանատվությամբ: Վերջիններս իրավիճակի վրա ազդել չեն կարողացել, որովհետև ՀՀԿ-ն իրենցից ոչնչով կախվածության մեջ չի եղել: Պատահական չէ, որ թե ՀՅԴ-ն, թե ԲՀԿ-ն և թե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալուց իրենց այդ որոշումը պատճառաբանել են հենց նրանով, որ կոալիցիայում իրենց լինելը եղել է ձևական: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ էիք մտնում նման կոալիցիայի մեջ և արդյոք մտնելիս չգիտեի՞ք, որ բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն ընդամենը ձեր թիկունքում պատասպարվելու և ձեր միջոցով իր լեգիտիմությունն ապահովելու խնդիր է լուծում:
Հիմա էլ ԲՀԿ-ն է ակտուալացնում այդ հարցը. Ի՞նչ տիպի կոալիցիա ստեղծելու մասին է խոսում Ծառուկյանը. բնակա՞ն, թե՞ արհեստական: ԲՀԿ-ն, որպես հեգեմոն ուժ, այդ կոալիցիայում ունենալու է բացարձա՞կ մեծամասնության տեսակարար կշի՞ռ, թե՞ ոչ: Իսկ որպեսզի ապացուցի, որ բնական կոալիցիա է ուզում, ապա այլ տարբերակ, քան «50-1» բանաձևին գնալը, այսինքն որոշումների կայացման հսկիչ փաթեթից հրաժարվելը, չունի: Որովհետև միայն այդ դեպքում տվյալ կոալիցիայում կգործի որոշումների ընդունման կոնսենսուային մեթոդաբանությունը: Կոալիցիա, վերջին հաշվով, նշանակում է կոնսենսուս: Դրան ԲՀԿ-ն պատրա՞ստ է: Եթե այո, ապա առնվազն տարօրինակ է, որ գործելով նման մի յուրօրինակ կոալիցիայում՝ «եռյակ.-ի ձևաչափում, ԲՀԿ-ն և նրա ղեկավարը, առանց հաշվի առնելու մյուս գործընկերների, մասնավորապես ՀԱԿ-ի կարծիքը, ոչ միայն որոշեց ինքնուրույն նման խորհրդաժողով հրավիրել, այլև գործնականում չեղյալ հայտարարել համաժողովրդական շարժումը «եռյակ+ՀԺԿ»-ի միջոցով առաջնորդելու՝ ի սկզբանե ձեռք բերված համաձայնությունը: Նման վարքագծով կոալիցիա չեն ձևավորում: Եվ եթե նրա խորհրդաժողովին շտապած զրոյական արժեքով ուժերը պատրաստ են, հանուն մարգինալ վիճակից դուրս գալու, համակերպվել իրենց վերապահվող մարիոնետային կարգավիճակին, դա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն ձևավորում է որակյալ իշխանություն:
Մյուս կողմից նույնքան անբնական է գնալ կոալիցիայի ստեղծման, եթե ԲՀԿ-ն վստահ է, որ ի զորու է իր ռեսուրսներով ու պոտենցիալով ընտրությունների միջոցով խորհդարանում բացարձակ մեծամասնություն ձևավորել: Եթե նման կարգավիճակ ձեռք բերելուց հետո ԲՀԿ-ն գնա կոալիցիա ձևավորելուն, ապա նաև այս իմաստով ոչնչով չի տարբերվելու ՀՀԿ-ատիպ կոալցիայից, որովհետև միևնույնն է՝ որոշումները կայացվելու են մեկ կենտրոնից և այդ մեկ կենտրոնն է որոշելու՝ ինչպես բաշխել պորտֆելները: Սա ոչ թե որակական իշխանափոխություն է կամ որակյալ իշխանության ձևավորում, այլ ընդամենը դրա մանիպուլյացիաներով նույն տիպի իշխանության վերարտադրում: Եթե նպատակը կոալիցիայի անվան տակ իշխանությունը վերցնելն է, ապա այն, ինչի մասին հիմա խոսում է Գագիկ Ծառուկյանը, պարզունակ մանիպուլյացիա է:
Մինչդեռ բնական կոալիցիան այն, էլ երբ նորմալ, թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող ուժ չի լինում և համեմատաբար ավելի շատ տեղեր զբաղեցրած կուսակցությունը, Կառավարություն ձևավորելու համար, բանակցություններ է սկսում այլ ուժերի հետ ու նրանք պայմանավորվում են թե պորտֆելների բաժանման և թե ամենակարևորը՝ համագործակցության սկզբունքների ու առաջնահերթությունների: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է, որ նորմալ ընտրություններն անցկացվեն, պահպանվեն խաղի բնական կանոնները, որ ընտրակեղծիքներ չարվեն և որ որևէ ուժ, այդ թվում նաև ԲՀԿ-ն, խուսափեն փող, բարեգործությունների անվան տակ ընտրակաշառքներ բաժանելուց, թաղային հեղինակությունների ռեսուրսը ընտրողներին ահաբեկելու համար չօգտագործելուց, այսինքն՝ գործեն օրինականության սահմաններում: Ահա այս երաշխիքների ապահովումն է բերում բնական կոալցիաների ձևավորմանը: Իսկ առհասարակ խաղի կանոնները պահպանելու, պետական կառավարման համակարգի կենսունակ լինելու և իրավական ու քաղաքական պատասխանատվության մեխանիզմների կիրառման դեպքում ոչ մի տարբերություն չպետք է լինի՝ իշխանությունը կոալիցիո՞ն է, թե՞ ոչ:
Եթե Ծառուկյանի խնամին լիներ նախկին վարչապետը…
Բայց ԲՀԿ-ն միայն այս հարցում չէ, որ պետք է ավելի անկեղծ ու ազնիվ լինի: Նույն խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանը իշխանության վարած տնտեսական քաղաքականության քարը քարին չթողեց: Ընդ որում, հիմնավորված էին ոչ միայն դիտարկումներն ու գնահատականները, այլև եզրակացությունները: Զորօրինակ՝ անդրադառնալով դեկտեմբերի կեսերին արձանագրված ֆինանսական շուկայի ցնցումներին, Ծառուկյանն ասում է. «Մենք տեսանք, թե որքան արագ տարածվեցին խուճապային տրամադրությունները մեր ժողովրդի և գործարարների մեջ: Սա խոսում է տնտեսական սխալների և լրջագույն խնդիրների մասին` այն, ինչի մասին ես ահազանգում էի դեռևս 4-5 տարի առաջ: ...Բայց սա զուտ ֆինանսա-տնտեսական խնդիր չէր: Ակնհայտ էր ժողովրդի և գործարարների մոտ անվստահությունը իշխանության քայլերի հանդեպ: Սա, ինչ-որ իմաստով, վստահությա՛ն ճգնաժամ էր»: Կամ, խոսելով նախորդ տարի Կառավարությանը ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված և փաստացի մերժված 12 պահանջներից՝ ԲՀԿ ղեկավարն արձանագրում է. «Այսօր երկրում կա ոչ թե 12, այլ 112 հարց և ավելի: Սակայն մենք առաջ քաշեցինք ամենահրատապ և արագ լուծում պահանջող խնդիրները, որոնց ուշացումը հղի է նոր պայթյուններով»:
Ինչպես հայտնի է, տնտեսական քաղաքականության պատասխանատուն Կառավարությունն է և վարչապետը: ԲՀԿ-ում այդ մասին գիտեն: Երբ նախորդ տարվա մարտին հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԲՀԿ-ն ոչ իշխանական քառյակի շրջանակներում հայտարարեց, թե դա իրենց հաղթանակն էր, քանի որ գործող վարչապետին հեռացնելու որոշումը նախագահ Սերժ Սարգսյանը կայացրել էր իրենց պահանջով: Եվ իսկապես՝ հաշվի առնելով, որ վարչապետը հրաժարական տվեց միայն նրան հեռացնելու պահանջով ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքի նախօրեին, ԲՀԿ-ն իրավունք ունի մտածելու, որ տնտեսական քաղաքականությունը ձախողած վարչապետի հեռացումը իր գործադրած ճնշման արդյունքն էր:
ԲՀԿ-ի այս հաղթանակը թույլ է տալիս եզրակացնելու, որ կուսակցությունը հաջողում է տնտեսական վիճակի վատթարացման դեպքում իրական պատասխանատուին «հայտնաբերելու» և հեռացնելու հարցում: Հետևաբար այս տրամաբանությամբ առաջնորդվելիս ԲՀԿ-ը ղեկավարն իր ելույթում, տնտեսության ներկայիս վիճակին տրվող նման սուր գնահատականներից ու եզրակացություններից անմիջապես հետո պետք է հայտարարեր արդեն ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը պահանջելու մասին: Թե չէ իսկապես ոչ ազնիվ, ոչ էլ սկզբունքային է ստացվում: Այն, ինչ ներելի չէր Տիգրան Սարգսյանին, ներելի է Հովիկ Աբրահամյանի՞ն: Իսկ որ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ձախողվել է, հաստատում են ոչ միայն Ծառուկյանի այս գնահատականները, այլ փաստը, որ 2014թ. բյուջեն կառավարությունը չի կատարել թե մուտքերի և թե ծախսերի մասով, ոչ մի առանցքային ծրագիր այս կառավարությունը չի իրականացրել և առավելագույնը, ինչի ընդունակ է, խոշոր բիզնեսի և օլիգոպոլիաների շահերն ատամներով պաշտպանելն է:
Այս «տարօրինակ» հակասությունը ԲՀԿ-ն պետք է ինչ-որ կերպ հիմնավորի: Հակառակ դեպքում ստացվում է, որ չցանկանալով գործադրել ձախողված այս վարչապետներին հեռացնելու հարցում իր արդյունավետությունը ապացուցած մարտավարությունը, ԲՀԿ-ն պաշտպանում է թե տնտեսության քայքայման ներկայիս քաղաքականությունը և թե դրա հիմնական պատասխանատուին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ կամ Ծառուկյանն է իրավիճակին ոչ ադեկվատ, կամ էլ նա պարզապես թե իրեն շրջապատող քաղաքական ուժերի և թե առավելևս հասարակության հանդեպ մեղմ ասած ազնիվ չէ: Առավելևս, որ անգամ հիմա, երբ մեկ տարի շարունակ վարչապետի պաշտոնն իր խնամունն է, ԲՀԿ-ն դեռ նախկին վարչապետին, ավելի ճիշտ արդեն նրա «ուրվականին», հանգիստ թողնել չի ցանկանում: ԲՀԿ-ին հավանաբար թվում է, որ ինչքան համառորեն մատը տնկի նախկին վարչապետի կերպարի ու ավերումների ուղղությամբ, այնքան համոզիչ ու աննկատ են լինելու ներկայիս տապալումների պատասխանատվությունը Հովիկ Աբրահամյանից հեռացնելու փորձերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել