HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկ ինչու Ղարաբաղի հարցը չլուծել... ասորիներով

Վարազ Սյունի

Կան վեճեր, որոնք պարզապես լուծում չունեն: Ղարաբաղի հարցն այսպիսի վեճերից  է կարծես դառնում. կողմերը պատրաստ չեն  երկկողմանի փոխզիջումների. փոխադարձ վստահության մթնոլորտ չկա, ու այս ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում: 

Հայաստանում (և Ադրբեջանում) արդյո՞ք գիտակցում են, որ այս հակամարտությունը տասնյա՜կ տարիներ կարող է ձգձգվել: 

Երևի ամենաառաջինն էլ հենց ես կցանկանայի գոնե գետից-գետ (Արաքս-Քուռ)  Հայաստան տեսնել, բայց... հայ զինվորի կյանքը հայի հողի չափ թանկ չէ՞:   

Կամ արդյո՞ք ավելի ճիշտն այն չէ, որ օգտագործվող ռեսուրսների գոնե կեսը ծախսվի Վիլսոնյան Հայաստանի (գոնե մասնակի) ձեռքբերման իրականացմանը, քանի որ  Հայաստանը ներկա սահմաններով (ու դեպի ծով  ելք չունենալով)  երկարաժամկետ ապահով ապագա  հեշտությամբ չի կարող երաշխավորել: 

Արդյո՞ք  (նման պետական կառավարման համակարգով)  Հայաստանը տասնյակ տարիներ կարող է ձգել «ոչ խաղաղություն-ոչ պատերազմ» իրավիճակը: Ո՞ւմ է սա ձեռնտու: Ունի՞  հայը /հայաստանցին (և արցախցին)  այդպիսի մարդկային, քաղաքական, ռազմա-տեխնիկական  և ֆինանսական ռեսուրսներ: Արդյո՞ք հայկական կողմն արցախյան հարցի լուծման հստակ ու իրագործե՛լի ռազմավարություն /ճանապարհային քարտեզ ունի: 

Կամ արդյո՞ք իրատեսական է հույսը (առավելապես) դնել նավթի պաշարների անկման, գնի կամ «Ադրբեջան» պետության ապագա հնարավոր (կամ ենթադրական) մասնատման վրա: 

Նույնիսկ ԼՂՀ-ի «միջազգային ճանաչումը» Արցախի խնդիրը վերջնականորեն չի լուծելու, որովհետև  առաջին հերթին  հենց Ռուսաստանը  ԼՂՀ-ին թույլ չի տա ՄԱԿ-ի անդամ դառնալ (2-րդ հայկական պետություն Անդրկովկասում նրան բացարձակ պետք չէ): Իսկ առանց այս անդամակցության  ոչ մի երկիր չի կարող դառնալ միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ու լիարժեք կերպով  գործել միջազգային հարաբերություններում: Այսինքն՝ կհայտնվի այն իրավական գորշ տիրույթում (legal limbo), որտեղ այսօր հայտնվել են Պաղեստինն ու Կոսովոն.  էլ չեմ խոսում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին: 

Այսինքն՝ անկախ ու միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ  ԼՂՀ ունենալու  հավանականությունը մեծ չէ, անգամ եթե  X թվով երկրներ պաշտոնապես ճանաչեն այն. թեև սա ուրիշ բանի կարող է օգնել, որի մասին քիչ հետո: 

Ղարաբաղի խնդրի  լուծման թերևս  2  իրագործելի տարբերակ կա՝ 

ա)  ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է ԼՂՀ-ն  և 2 երկրները (նորից) միավորվում և դառնում են մե՛կ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որը շարունակում է մնալ ՄԱԿ անդամ: Այս դեպքում  ՀՀ  սահմանների  արցախ-ադրբեջանական մասն էլ (միջազգային իրավունքի տեսանկյունից)  կդառնա de jure  չհաստատված. այսինքն՝ դեռ չի լինի  սահմանների պաշտոնական  ճանաչում՝ «delimitation». հայ-թուրքական ներկա սահմանագծի նման  այն կմնա  «demarcation», այսինքն՝ ժամանակավոր: Այսօր կան բավականին ՄԱԿ անդամ երկրներ, որոնց սահմանները դեռ այսպիսին են: Ղարաբաղի խնդրի  լուծման այս տարբերակի դեպքում  դրական (թեև ոչ որոշիչ)  գործոն կարող է լինել այն, թե արդյոք  այլ (հատկապես մեծ) երկրներ էլ  պաշտոնապես  ճանաչել են   ԼՂՀ-ն, որի մասին կարճ հղում եմ կատարել վերևում: Այսինքն՝ Արցախի «միջազգային ճանաչումը» պիտի լինի միջազգայի՛ն հանրությանն ուղղված քայլ (ֆասադ)՝ Հայաստանի հետ Արցախի  (կրկին) միավորումը էլ՛ ավելի ուժեղացնելու համար: 

բ)  պարզապես ոչինչ չանել, քանի որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին  «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշում են կայացրել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդն ու  Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը:  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից սա չի ընդունվել, բայց դա արդեն որոշիչ չէ, քանի որ՝  1)  ԽՍՀՄ-ը  այլևս գոյություն չունի, և  2)  23.08.1990 -ի  Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը հիմք է ընդունել վերոհիշյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը:  1995 թվի (ու 2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրությունն էլ է հիմք ընդունել  Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները.  այսինքն՝ ըստ ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության , Ղարաբաղն արդե՛ն ՀՀ մաս է: Այս տեսանկյունից որոշիչ չէ նաև այն, որ Արցախն անկախության հանրաքվե է արել ու  նախագահ, պառլամենտ ու նման այլ կառույցներ ունի: Ոչ մի երկիր (Հայաստանը ներառյալ)  դա չի ճանաչել/ճանաչում. նաև այն, որ այսօր Հայաստանը de facto և՛ de jure Արցախի ներկայացուցիչը (օրինակ՝ Մինսկի խմբում), հովանավորն ու  անվտանգության երաշխավորն է (օրինակ՝  ՀՀ զինվորականների ներկայությունը Արցախում՝ առանց երկկողմանի պայմանագրի): 

Վերոհիշյալ 2  տարբերակի դեպքում էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը (նույն ձևով ու  ձևաչափով) կարող է շարունակել իր միջնորդական առաքելությունը՝ նույն նպատակներն իրագործելու համար. այսինքն՝ հակամարտության խաղաղ կարգավորում: 

Անկախ ամեն ինչից՝  պարզ ու կարևոր մի բան էլ պիտի հասկանալ. քանի դեռ ազատագրված տարածքներում (հատկապես Քաշաթաղի շրջանում. տարածքը՝  3376 քառ.կմ)  գոնե  100 հազար մարդ չի  բնակվում, Արցախի հարցի լուծումը (հատկապես միջազգային տիրույթում) անորոշ է մնալու: Անցած  20 տարիների ընթացքում այս հարցը չի լուծվել և այսօր էլ կարևոր ռազմավարական այս  շրջանում նույնիսկ 10 հազար մարդ էլ չի  բնակվում, թեև շրջանն ունի լավ կլիմա ու բերրի հողեր (հատկապես Արաքսի ափին): 

Միլիոնավոր դոլարներ ծախսվեցին՝ երկիմաստ ծրագրերի, կոնֆերանսների,  նոր եկեղեցիներ ու խաչերի վրա, բայց այդպես էլ (գոնե Քաշաթաղի շրջանը) պատշաճ  կերպով չվերաբնակեցվեց՝  ա)  բնակելի տներ չլինելու պատճառով,  և  բ)  (սփյուռքա)հայերը  (որոնք Արևմտյան Հայաստան են պահանջում)  արդե՛ն ազատագրված տարածքներում չեն ցանկանում ապրել և/կամ լրջորեն ներդնել, որի հիմնական պատճառը  թերևս արցախ-հայաստանյան  կառավարման համակարգին չվստահելն է: 

Սա  կարճատես ու նույնիսկ վտանգավոր քաղաքականություն է: 

Իսկ ի՞նչ անել այս հաշվով: Ես առաջարկում եմ (ազատագրված տարածքների վերաբնակեցումը պետականորե՛ն  ավելի արդյունավետ կազմակերպելուն զուգահեռ) ազատագրված տարածքներից մի փոքր մաս  (մոտ  հազար քառ. կմ)  տրամադրել կամ վաճառել ասորիներին՝ այնտեղ նոր ասորական պետություն  (կամ գոնե ասորական ինքնավար մարզ) հիմնելու համար: Այսինքն՝ սահմաններն ամրապնդել բարեկամ ազգերով: 

Նույնը, իմիջիայլոց, կարելի է միգուցե անել նաև եզդիների հանդեպ (ավելի փոքր մասշտաբով թերևս): Նախկինում Իրաքի Շանգալի երկրամասում և Շեխանում շուրջ մեկ միլիոն եզդի էր բնակվում, իսկ այսօր եզդիների թիվն այնտեղ մոտ 100 հազար է դարձել՝ հայտնի իրադարձությունների պատճառով: Բայց ցանկանում եմ կենտրոնանալ ասորիների վրա: 

Թե կոնկրետ ինչքան տարածք, որտեղ և ինչպիսի սահմաններով կարելի է տրամադրել, դա արդեն պիտի որոշեն և հետագա մշակման ենթարկեն համապատասխան մարմինները: 

Սա, իհարկե, պիտի անել քողարկված (հատկապես Արցախի տարածքի դեպքում), ասորական սփյուռքի հետ միասին ու «պատերազմից փախած փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու»  անվան տակ. ու ծախսերը,  լավ կլինի, որ հոգա ասորական կողմը: 

Մինչև 2003 թ.-ը  Իրաքում ապրում էր մոտ  1.4 մլն ասորի: 2003 թ.-ին սկսած իրաքյան պատերազմից  ի վեր՝  մոտ կես մլն ասորի  (այլ  փոքրամասնությունների հետ միասին) դարձավ փախստական՝ հիմնականում հարևան երկրներում, որտեղ դժվար ու անհույս կյանք է վարում՝ մեծագույն մասը նույնիսկ աշխատելու իրավունք չունենալով: 

Ներկայումս փորձեր են արվում  ասորիների պատմական հայրենիքի մի մաս կազմող  Նինվեի դաշտավայրում (Nineveh Plain, գտնվում է Իրաքի հյուսիսային Մոսուլի նահանգում՝ Մուսուլ քաղաքից հյուսիս-արևմուտք) քրիստոնյաների համար ինքնավար  տարածքային մի միավոր ստեղծել (Nineveh Plain Province),

բայց այս ծրագրի ապագան  դեռ վերջնականորեն  երաշխավորված չէ՝  կախված նաև «Իսլամական պետություն» տեռորիստական խմբի գործողությունների հետ:  

Քրիստոնյաների (ու այլ մի քանի փոքրամասնությունների) համար ինքնավար  տարածքային այս միավորը պիտի ունենա  4.2 հազար քառ. կմ տարածք և մոտ 500 հազար բնակչություն, որի մոտ 40%-ն են  ասորիներ: 

2014 թ-ի ամռանը  այստեղ ստեղծվեց  ասորական քրիստոնյա ֆիդայական խումբ՝ «Դվեխ Նոշան», որի նպատակը Նինվեի դաշտավայրի քրիստոնյա (ինչպես նաև  եզդի ու շաբաք)  բնակչության  պաշտպանությունն  է ՝ հիմնականում  «Իսլամական պետության»  հարձակումներից ( Dwekh Nawsha (The Sacrifiers), an Assyrian Christian paramilitary force -operating in the Nineveh Plain): 

Այս ջոկատը ներկայումս ունի մոտ մի քանի հարյուր ֆիդայի, բայց ոչ բոլորն են զինված՝  համապատասխան բավարար զենք-զինամթերք չունենալու պատճառով.  ուստի ստիպված են ( որպես կրտսեր եղբայր)  համագործակցել  քրդական «Փեշմերգա» զինված ուժերի հետ, որը նույնպես հարցականի տակ է դնում Նինվեյի դաշտավայրում  քրիստոնյաների համար ինքնավար  տարածքային միավորի ստեղծումը, քանի որ քրդերը նույնպես ցանկանում են այս տարածքը կցել իրաքյան Քրդստանին:: 

Շատ լավ կլիներ, որ  Հայաստանը (ուղղակի կամ անուղղակի)  օգներ ասորական այս ֆիդայական խմբին, որովհետև՝ ա) Նինվեի այս դաշտավայրում ապրում են նաև հայեր (ու հայ փախստականներ),  և  բ) այն կարող է դառնալ ապահով վայր (safe haven) ՝ իրաքի քրիստոնյաների (այդ թվում այնտեղ գտնվող հայերի ) համար: 

Ասորիները թերևս  միակ ազգն են, որոնք (ժամանակ առ ժամանակ) ձուլվել են  հայերին և ունեն շատ ընդհանուր հատկանիշներ: Չմոռանանք նաև, որ հայերի հետ միասին եղեռնի են ենթարկվել  մոտ  կես մլն  ասորիներ ( ասորիներն  իրենց եղեռնը՝ Sayfo-ն, (թարգ.՝ «սուր»)  նշում են օգոստոսի 7-ին): 

Ես նույնիսկ ՀՀ  տարածքում մոտ 500- 1000 քառ.կմ տարածք կտրամադրեի ասորիներին՝ իրենց պետական միավորը  (վերա)ստեղծելու համար: 

Նախ՝ ա) մի քանի միլիոն ասորական սփյուռքը (հատկապես ԱՄՆ-ում ու Շվեդիայում ապրող)  արդեն իսկ Հայաստան այցելելով կնպաստի Հայաստանի (և Արցախի) տնտեսության զարգացմանը, բ) միջազգային հարաբերություններում Հայաստանը կունենա բարեկամ ձայն, և գ)  կփրկվի հին ու հարուստ մի քաղաքակրթություն: 

Երկու եղբայր ազգով՝ ավե՛լի ուժեղ: Աստված սա կսիրի: 

Ամստերդամ, 09.02.2015

Մեկնաբանություններ (19)

Hayk
.Վարազ լավ բան էս ասում , բայց հհկ-ն խժրում ու հափշտակում է ամեն բարիք .եթե այդպես չլիներ,չլինի. գումարները դրվեն ու զարգանա գյուղը ,կարուցվեն գործարաներ, պղինձը վորպեզ հումք չվաճառվի,այդ հումքը ամբողդովին պղինձ չի,միխոսքով զատվի մշակվի հայաստանում .գործիտեղեր բացվեն: Հումք կա հայաստանում վորով կարող են զարկ տալ րազմական արդունաբերությանը: Ինչ մնում է ասորին, նրաք ֆիդաիների հետ արվմտյան հայաստանում կռվել են թուրքի դեմ,Անդրանիկի Ասլան սպիտակ ձին ՛,ասորի շէյխն է նվիրատ լինում ,ու իր որդուն տալիս է Անդռանիկին ,որ լավ զինվոր սարքի նրանից :Միանշանակ հայաստանի կառավարությունը տեր լինելով դսի հային չպետք է անտեսի ասորուն ել եզիդի էլ ,նրաք մեզ հետ դաշնակից են:
Հայկ Կարապետյան
Վարազ Սյունի, ինչու՞ ինքներդ Ամստերդամից չեք գալիս և բնակեցնում այդ հողերը: Կարծում եք ասորիները Ձեզանից ավելի հայանպա՞ստ են լինելու: Չեք հավատում սեփական ուժերին ու հույս եք դնում ասորիների վրա (դեռ Նժդեհի նկարն էլ օգտագործում եք): Մեզ այսքան դարեր պահել են էդ 1-2 լեռները, որ հաճույքով ուզում եք նվիրել ասորիներին, փոխարենը ինչ-որ դաշտավայրեր եք երազում: Հետո էլ կասեք մենք հող չենք մշակում դաշտավայրերն էլ տանք ուրիշներին: Վատ չի, բայց Ամստերդամում շատ տեղ կա՞, կարող ենք Ձեր պլանի իրագործումից հետո բոլորս գալ:
Չարեկացի
Ամեն ինչ ցնորքից է սկսվում…
Վարազ
Ցաւալի իրականութիւն: Չկարաղացանք գէթ հարիւր հայ ընտանիք սփիւռքից Արցախ տեղափոխել, հիմա պիտի փորձենք խեղճ ասորիներին համոզել մեզ փոխարէն գնալ ու ապրել այնտեղ: 100,000 սորի կայ Շվեդիայում. Թող ընկեր Վարազը գնա այնտեղ եւ իր լօլօները քարոզի: Ասորին իր հայրենիքը պիտի ազատագրի, ոչ թէ մեր ազատագրած ամայի հողերը բնակացնի:
խարազ
ա պյալա մունք հշտէղ իրար օտալական ինք ասորին ալ պիրանք թա հինչ անի՜
Մ.Կ.
հետաքրքիր առաջարկ. կարելի է մտածել
Hayk
Վատ գաղափար չէ, բայց անիրականալի է: Ազատագրված հողերն ռիսկային են, ինչու՞ պիտի ասորին իր երկարաժամկետ ապագան կապի այս հողերի հետ:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(13) - Եթե սա «մանկամտություն» է ու իմ առաջարկը «անիրագործելի» է, ապա (կամուրջներ ծախելու փոխարեն) ինձ ու ընթերցողներին պատճառաբանվա՛ծ բացատրիր, թե սա ինչու է «մանկամիտ/անիրագործելի»: Ու մեկ էլ բարի եղիր ու հայ ազգին ասա, թե 50-100 ՏԱՐԻ հայն ԻՆՉ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ է դիմակայելու/հակազդելու Ադրբեջանին,երբ արդեն ամե՛ն շաբաթ է հայ զինվոր զոհվում սահմանին. նա՛ էլ մեկի որդին ու եղբայրն է:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hayk(8) - Գաղափարն իրականալի է. այն մաս-մաս և մշակված պիտի իրականացնել: Ասորին իր երկարաժամկետ ապագան կկապի այս հողերի հետ,որովհետև այսպիսով պետականություն կվերականգնի, ալտերնատիվը ազգի վերացումն է:Ու հայի հետ եղբայր ազգ է: Նաև այն,որ տասնյակ հազարավոր անթուղթ ու անապագա ասորի փախստականներ (մի կերպ) գոյատևում են հարևան (մահմեդական) երկրներում: Հարկ եղած դեպքում կարելի է այնպես անել,որ ապագա ասորական միավորը 4 կողմից սահմանակից լինի հայկական տարածքով (այսինքն՝ enclave): Հայի սխալն այն է,որ (իրենից) մեծ ազգերից է միշտ օգնություն հայցում,որոնցից,ի վերջո,կախվում է: Օրինակ՝ ռուսը: Ասորիներն այսօր հայից փոքր ազգ են: Հետո՝ ռիսկային է նաև ներկա իրավիճակը՝ չվերաբնակեցված/ամայի ազատագրված տարածքներով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինձ թվում է Հայաստանում լավ ու լրիվությամբ չե՛ն հասկանում իրավիճակը, որովհետև գտնվում են իշխանակա՛ն լրատվական պրոպագանդայի ներքո: 1) ԹՎԵՐԸ չեն ԽԱԲՈՒՄ: Նայեք Ադրբեջանի ռազմական ու պետական բյուջեին ու նայեք Հայաստանինը: 2) Նայեք Ադրբեջանի բնակչությանն ու ծնելիության ցուցանիշին ու նայեք Հայաստանինը: 3) ՀԱՊԿ-ը պա՛րզ ասում է,որ չի միջամտելու Ղարաբաղի հաշվով, իսկ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների արդի զենք է վաճառում Ադրբեջանին. այսինքն՝ Ռուսաստանն էլ վստահելի չէ՛: 4) ՀՀ իշխանությունները օր ու գիշեր պիտակներ են կպցնում Ալիևին.բայց նա իր հորից էլ խորամանկ է: Հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների գիտակցվա՛ծ (դեռ) թողնում է,որ ապրեն ժանգոտած գնացքներում,որ Արցախի ապագա «հանրաքվեի» (Մադրիդյան սկզբունքներ) ժամանակ բոլորին քշի Արցախ կամ հենց այդ ԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ հանրաքվեին մասնակցեն. ու Ղարաբաղը «քվեարկի», որ միանում է Ադրբեջանին. 10 մլդ դոլարով հարցը կսարքեն: Իսկ Հայաստա՞նը: Սփյուռքի տելեթոններով հազիվ հավաքված 20 մլն դոլարով Ի՞ՆՉ պիտի անես: Այսօ՛ր բարեկամ ազգիդ մի փոքր չտաս,վաղը հակառակորդիդ շատ ավելին ստիպված կլինես տալ: Ի՞նչ. իբր «սխա՞լ եմ»:
Կորյուն
Հետաքրքիր ու հիանալի գաղափար է թվում, գոնե համեմատած ներկայիս իշխանությունների, մեր սուրբ հանրապետական կուսակցականների ջայլամային գործելավոճի, գոնե մեր խեղճուկրակ, անուժ, անհեռատես արտաքին քաղաքականության համեմատ
Հայկ Կարապետյան
Վարազ Սյունի, ինչու՞ ինքներդ Ամստերդամից չեք գալիս և բնակեցնում այդ հողերը: Կարծում եք ասորիները Ձեզանից ավելի հայանպա՞ստ են լինելու: Չեք հավատում սեփական ուժերին ու հույս եք դնում ասորիների վրա (դեռ Նժդեհի նկարն էլ օգտագործում եք): Մեզ այսքան դարեր պահել են էդ 1-2 լեռները, որ հաճույքով ուզում եք նվիրել ասորիներին, փոխարենը ինչ-որ դաշտավայրեր եք երազում: Հետո էլ կասեք մենք հող չենք մշակում դաշտավայրերն էլ տանք ուրիշներին: Վատ չի, բայց Ամստերդամում շատ տեղ կա՞, կարող ենք Ձեր պլանի իրագործումից հետո բոլորս գալ:
Վարազ
Իրագործելի ծրագի՞ր.....Ե՛կ քովս այ մանկամիտ բարեկամս, Նիւ Եօրքի կամուրջ մը ունիմ քիզի ծախելու:
Աննա
Բոլոր ազնիվ հայերը ելք են որոնում այս վիճակից դուրս գալու համար: Այս մարդն էլ այս ելքն է գտել:
Ոսկան
Սովետական միության ժամանակ ադրբեջանցին էլ էր համարվում բարեկամ... Ադրբեջանցու գլխին, եթե զենք պահեիր, սրանից ավելի վատ տարբերակ հայերիս համար, չէր կարող ասել: Էնպես, որ մնա քո Ամստերդամում ու քիչ խոսա:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ամե՛ն ինչ է վաճառվում. այդ թվում հողը: Հարցն այն է,թե դրա դիմաց ԻՆՉ ես (հետ) ստանում: Եթե 1000 եվրոդ դնես բարձիդ մեջ ու վրան քնես, փողդ նու՛յնն է մնալու (դեռ երևի արժեզրկվի): Արևմտյան Հայաստանի դաշտավայրերի համար կարելի է 1-2 լեռ ու ժայռ տալ ասորիներին (Ղարաբաղում): Խոսքս Քաշաթաղի շրջանի մասին չէ: Ադրբեջանի հետ 100 տարի նու՛յնը շարունակելը հային չի՛ ուժեղացնելու. միայն ռեսուրսներն է խժռելու: Իսկ մնացածը գրել եմ հոդվածում. հուսով եմ (ուշադիր) կարդացել եք:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ ասորի չեմ: Երկրորդ՝ երբ ժամանակին որոշ մարդիկ ասում էին,որ մարդը կարող է թռչել, ասում էին՝ «ցնորք» է: Նայեք այսօրվա ինքնաթիռներին: Երրորդ՝ խոսքս Իրաքի ու հարևան երկրներ փախած փախստակա՛ն ասորիների մասին է: Ասորիները, որովհետև հարազատ ազգ է ու հային վնաս չի տա: Հարցը (առաջին հերթին) քրիստոնյա լինելը չէ, այլ ասորի լինելը: Ու՝ շատ բարդ է լինելու ասորիների համար,որպեսզի իրենց հայրենիքը ազատագրեն Իրաքում. այդ ռեսուրսները նրանք (այսօր) պարզապես չունեն:
Karen
Իսկ միգուցե դու ասորի ես? Հողը չի վաճառվում: Էդ երգը ուրիշ տեղ գնա երգիր, Ամստերդամում օրինակ:
Վարազ
Ի՛նչ ցնորք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter