Վարչապետն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի անդամներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Անթթի Հարթիկայնենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նպաստել խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը:
«Խորհրդատվական խումբը պետք է օգնի մեզ՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների իրականացման գործում: Մենք ակնկալում ենք ձեր մասնագիտական և տեխնիկական խորհրդատվությունը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ԵՄ խորհրդատվական խմբի անդամները վարչապետին են ներկայացրել Հայաստան-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, ինչպես նաև ասոցիացման համաձայնագրերի շուրջ ընթացող երկկողմ գործողությունների ընթացքն ու արդյունքները:
Կողմերը քննարկել են նաև արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության, սահմանների համալիր կառավարման և այլ ուղղություններով իրականացված համատեղ միջացոռւմները:
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը կարևորել է խորհրդատվական խմբի և Հայաստանի պետական կառավարման մարմինների միջև համագործակցության զարգացումը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությանն անհրաժեշտ են հստակ լուծումներ՝ կոնկրետ խնդիրների վերացման համար: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդատվական խմբի հետ աշխատանքները կտան իրենց դրական արդյունքները: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել