
Ումի՞ց եւ ինչպե՞ս պաշտպանել փոքր եւ միջին դեղագործական բիզնեսը
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, մտահոգված լինելով դեղագործական ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի տնտեսական գործունեությանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներով, գրավոր հարցում է ուղարկել Կառավարությանը: Ձեզ ենք ներկայացնում նամակում առկա հարցադրումները:
«Հայաստանի Հանրապետության եւ «Սզնի» ՍՊԸ-ի միջեւ կնքվել է «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիր», որը երկրորդ անգամ ուժը կորցրած է ճանաչվել 2011թ. հուլիսի 18-ին: 2011թ. հուլիսի 21-ին «Սզնի» ՍՊԸ-ի հետ կնքվել է «Դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիր», որը մինչ օրս չի գործում:
- Ո՞ր որոշումներով են «Դեղորայքի ձեռք բերման նախնական պայմանագիրը» ուժը կորցրած ճանաչվել եւ ինչո՞ւ «Դեղորայքի եւ պատվաստանյութերի գնման շրջանակային համաձայնագիրը» մինչ օրս չի գործում, ի՞նչ իրավական հիմնավորմամբ: Խնդրում եմ տրամադրել այդ որոշումների պատճեները:
- Դեռ ապրիլ ամսին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի նկատմամբ ՏՄՊՊՀ-ը հարուցել է վարչական վարույթ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը սահմանված է 90 օր, սակայն մինչ օրս քննության վերաբերյալ որեւէ որոշում չի կայացվել: Ե՞րբ է վերջապես կայացվելու սույն խնդրի վերաբերյալ համապատասխան որոշումը եւ տրվելո՞ւ է արդյոք այս երեւույթի իրավական գնահատականը` դեմպինգ:
- Մրցույթներն օրենքով սահմանված կարգով բաց եւ թափանցիկ չանցկացնելու պատասխանատվությունը կրում են ՀՀ ֆինանսների նախարարությունը, մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը, որոնց ենթակայությամբ գործող բուժհիմնարկների նկատմամբ պատշաճ վերահսկողություն չիրականացնելու պատճառով, ամենուրեք խախտվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Կառավարության վերահսկողության ծառայությունն այս ոլորտում իրականացրե՞լ է արդյոք «Գնումների մասին» ՀՀ օրենքի եւ մրցույթների անցկացման ընթացակարգերի համապատասխանության վերաբերյալ ստուգումներ կամ ուսումնասիրություններ: Խնդրում եմ տրամադրել արդյունքները:
- 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող սուբյեկտներից դրամական արտահայտությամբ որքա՞ն դեղագործական եւ դեղորայք ներկրող դեղամիջոցներ են գնվել պետական գնումների միջոցով:
- Խնդրում եմ տրամադրել 2010-2011թթ. ընթացքում տնտեսավարող այն սուբյեկտների ցանկը, որոնք պետական գնումների մրցույթային կարգով հաղթող են ճանաչվել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել