Ականից տուժած սակրավորը
Հերմինե Վիրաբյան
Կապան քաղաքի բնակիչ 57-ամյա Մանվել Նավասարդյանը նախկին ականազերծող է: Հայ-ադրբեջանական պատերազմի տարիներին Սյունիքի մարզում աշխատում էր որպես ինժեներական ծառայության պետ: Մեկն էր նրանցից, ովքեր ականներ էին տեղադրում ադրբեջանական ուժերը թուլացնելու համար: Մանվելը, սակայն, խոստովանում է՝ բացի զինվորականներից տուժում էր նաև խաղաղ բնակչությունը:
«Ականների օգտագործումն արդարացված է, բայց վնասն էլ շատ է: Զոհվում են խաղաղ բնակիչները, իրենց կերակրող անասունները: Չնայած դրան` պատերազմական շրջանում ականին ոչինչ չի փոխարինի, մարդիկ ամենաշատը վախենում են ականից. այն չի երևում»:
Մանվելն ինքը տուժել է ականից: Պատահարը շրջադարձային էր Նավասարդյանների ընտանիքի համար: Մանվելի հետ պատահածը մի շարք հոգեբանական, ֆինանսական խնդիրներ առաջացրեց: Մանվելը զրկվեց մեկ ոտքից, ձեռք բերեց կոնտուզիա:
Այն ժամանակ Մանվել Նավասարդյանը ընտանիքի միակ կերակրողն էր, ուներ կին եւ երկու անչափահաս երեխա:
«Սկզբից ասում էի՝ կրակեք, մեռնեմ-պրծնեմ: Բայց հետո հասկացա, որ կյանքը շարունակվում է, ու քիչ-քիչ սկսեցի վերադառնալ բնականոն կյանքիս: Մեկ տարի չաշխատեցի, բայց շուտով նորից սկսեցի աշխատել»,- ասում է նա:
Այժմ Մանվելը աշխատում է Սյունիքի մարզի N զորամասում որպես կենցաղ-շահագործման ծառայության պետ: Մանվելի կինը՝ Արմեդա Մելիքսեթյանը, հիշում է թե ինչ ծանր օրեր են անցկացրել նախ հիվանդանոցներում, հետո` տանը, իրենց չորս պատերի մեջ, երբ բացի հարազատների, ընկերների օգնությունից` ոչ մի աջակցություն չէին ստանում. «Պետության ոչ ներկայացուցիչ մինչ օրս չի այցելել մեր տուն, դուք առաջին մարդն եք, որ մեր դուռը թակել եք»:
Դեպքից հետո տիկին Արմեդայի առողջությունն էլ վատացավ՝ շաքարային դիաբետ ունի: Մանվելը ունի հաշմանդամության 2-րդ կարգ, բայց ասում է, որ իրեն հաշմանդամ չի զգում. «Հիմնական խնդիրը, որ ինձ անհանգստացնում է, ոտքով երկար քայլելն է, ապրում ենք 6-րդ հարկում, հաճախ վերելակը չի աշխատում, մինչև վերանորոգում են, դե արի ու այդքանը ոտքով բարձրացի»:
Հաշմանդամության կարգի համար ընտանիքը 2005 թվականից հաշվառված է բնակարան ստանալու համար, խոստացել են, որ կլինի, ե՞րբ՝ հայտնի չէ: Այն բնակարանը, որտեղ ապրում են, շատ փոքր է և չի բավականացնում վեց անձի համար: Բնակվում են զավակի, հարսի, երկու թոռների հետ: Մանվելը չի դժգոհում, ասում է. «Բան չկա. ես իմ աշխատանքը ունեմ, քչից-շատից ընտանիքս պահում եմ»:
Տիկին Արմեդան ասում է, որ կյանքը ինքնին ծանր ու թանկ է Հայաստանում, իսկ երբ կան նաև առողջական խնդիրներ, այն ավելի է բարդանում: Նա ասում է, որ իշխանությունները կարող էր ժամանակ առ ժամանակ հիշել, գոնե օգնել բուժում ստանալու հարցում. «Այդքան առողջարաններ, հանգստի տներ կան, գոնե ուղարկեին»:
Ըստ Մանվելի` իր առողջությամբ հետաքրքրվում են միայն «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերությունում, որտեղ անվճար տրամադրում են կոշիկներ, ձեռնափայտ, պրոթեզն են փոխում, ժամանակ առ ժամանակ զանգահարում եւ հետաքրքրվում. «Շատ ուշադիր են»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել