HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդդեմ»-ի եւ «հանուն»-ի որոնումներում

Վերջերս Ազատության հրապարակում մի խումբ ընդդիմադիր երիտասարդների կողմից Քաղաքացիական ֆորումի ռազմավարության ձեւավորման շրջանակներում կազմակերպվեց երկու բանավեճ-քննարկում: Առաջին հանդիպման բանախոսներն էին Աշոտ Մանուչարյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Նիկոլ Փաշինյանը, երկրորդինը՝ դարձյալ Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Փորձագիտական տեսանկյունից հանդիպումները հատկապես հետաքրքրական էին, քանի որ համեմատաբար կարճ ժամանակամիջոցում ժողովրդավարության հաստատմանն ուղղված ընդդիմադիր պայքարի դաշտում գոյություն ունեցող մոտեցումներն ու առկա հակասությունները, որոնց վերաբերյալ խառնիճաղանջ, չհամակարգված տեղեկատվության կարելի է ժամանակ առ ժամանակ հանդիպել լրատվական դաշտում, տարբեր սեմինարներում, ժողովներում, սոցիալական ցանցերում եւ այլուր` համախմբված ու ցայտուն կերպով հնչեցին այդ քննարկումների ժամանակ: 

Հիմնվելով նշյալ բանավեճ-քննարկումների վրա, վերը հիշատակված պայքարին աղերսվող առկա տեսակետները կարելի է միավորել ընդամենը երկու խմբի մեջ:

Ըստ առաջին խմբի` պայքար մղելու համար նախեւառաջ անհրաժեշտ է հստակ պատկերացում ունենալ, թե հանուն ինչի է մղվում պայքարը: Կա համոզմունք, որ ընդդեմ իշխանությունների եւ վարչակարգի պայքար մղելու գաղափարը բավարար չէ, քանզի «ընդդեմ»-ը չի կարող գրավիչ լինել հասարակության լայն շերտերի համար: Ի դեպ, հանուն սահմանադրական կարգ հաստատելու պայքարի գաղափարը չի բավարարում այս մոտեցման ջատագովներին: Նրանք գտնում են, որ միայն արդար եւ ազատ ընտրություններ ունենալը հարցի լուծում չէ, քանզի կարծում են, որ դրանց արդյունքում իշխանության կարող են գալ այնպիսի ուժեր, որոնք ոչնչով չեն տարբերվի ներկայիս իշխանություններից, ինչի արդյունքում ժողովրդավարացում չի լինի: 

Այս մոտեցման համաձայն` հասարակությունը պետք է նախապես համոզված լինի, որ իր կողմից չսիրված ու անընդունելի մարդիկ եւ քաղաքական ուժերը, իր համար անարդար սոցիալ-տնտեսական ծրագրերը տեղ չեն գտնի ապագա համակարգում: Բնական է, որ այդ դեպքում պայքարողների բանակը, հատկապես նրա ղեկավարությունը, պետք է բաղկացած լինի հասարակության համար ընկալելի ու կառավարման առումով պիտանի մարդկանցից` հիմնված սոցիալ-տնտեսական կուռ հայեցակարգի եւ արդար կառավարման այնպիսի մոդելի վրա, որն ընդունելի է հասարակության լայն շերտերի համար: 

Երկրորդ խմբի հայացքով` «հանուն»-ը, իհարկե, կարեւոր է, բայց այն կարող է ներամփոփվել սահմանադրական կարգ հաստատելու գաղափարի շրջանակում: Այս մոտեցման կողմնակիցները համարում են, որ նախ պետք է ազատվել ներկայիս իշխանություններից, Հայաստանում դե ֆակտո հաստատված հակաժողովրդավարական վարչակարգից: Նրանք համոզված են, որ այդ գաղափարը բավարար է համախմբվելու եւ պայքար մղելու համար` գտնելով, որ եթե մարդիկ չեն խոսում գործող վարչակարգից ազատվելու անհրաժեշտության մասին, ուրեմն ակամայից ծառայում են նրան: 

Այժմ տեսնենք, թե ինչ պահանջներ են միմյանց ներկայացնում տարբեր մոտեցումներ ունեցող սուբյեկտները: Դա կարելի է անել հենց վերոհիշյալ ֆորումների ժամանակ հնչած հիմնական տեսակետները վերլուծելու ճանապարհով: 

ՀԱԿ-ի կողմնակիցները հասկանալ են տալիս, որ ժողովրդավարական պայքարի առաջին գիծը ՀԱԿ-ի ակցիաներն են, եւ բնական է` ակնկալել, որ այստեղ լինեն հանուն ազատության ու ժողովրդավարության բոլոր պայքարողները՝ անկախ նրանց քաղաքական համոզմունքներից, այս կամ այն գործչի, կուսակցության նկատմամբ համակրանք կամ հակակրանք տածելուց: Նրանք գտնում են, որ ՀԱԿ-ին խստորեն քննադատողները ջուր են լցնում իշխանության ջրաղացին եւ խոչընդոտում հասարակության զորաշարժին:

Նշված գաղափարի ընդդիմախոսները բերում են հակափաստարկներ, որոնց ընդհանրացված պատկերը հիմնականում հետեւյալն է.

ա) հարթակում կանգնած որոշ, հասարակության համար անընդունելի մարդիկ արժեզրկում են պայքարը, խոչընդոտում առողջ ուժերի միավորմանը.

բ) ՀԱԿ-ը չունի այն հայեցակարգը, որի համար արժե պայքարել եւ որը կարող է համախմբել մարդկանց, լուծել նրանց խնդիրները, արդարություն հաստատել երկրում: Նրանց կարծիքով` ՀՀ սահմանադրությունը չի կարող լինել այդ կոնցեպցիան, քանզի իրենք անհամաձայնություններ ունեն նաեւ Սահմանադրության տեքստի հետ.

գ) ՀԱԿ-ը վերածվել է բյուրոկրատական եւ փակ համակարգի, որտեղ մարդիկ հնարավորություն չունեն հավասար հիմունքով մասնակցելու որոշումների կայացմանը: Ակնարկվում է նաեւ այն, որ սա, փաստորեն, ժողովրդավարական ձեւաչափ չէ եւ, բնականաբար, չի կարող ժողովրդավարական պայքարի առաջին գիծ համարվել.

դ) ՀԱԿ-ի ղեկավարությունն իրականացնում է քայլեր, անում հայտարարություններ, ներկայացնում գաղափարներ, որոնք ընդունելի չեն իրենց համար.

ե) ցանկություն չկա ապագա իշխանության կազմում տեսնել ՀԱԿ-ի ղեկավար կազմի մի շարք գործիչների, ովքեր որակական առումով որեւէ կերպ չեն տարբերվում գործող իշխանություններից:

ՀԱԿ-ի կողմնակիցները ընդդիմադիր դաշտի իրենց ընդդիմախոսներին հիմնականում հակադարձում են` ասելով, որ պարտադիր չէ, որ Ազատության հրապարակում կանգնած մարդիկ լինեն մեկ քաղաքական ուժի, մեկ առաջնորդի հետեւորդներ: Այստեղ պետք է գան մարդիկ, ովքեր ժողովրդավարական փոփոխություններ են ցանկանում, ազատ եւ արդար ընտրություններ, որպեսզի ամեն ոք ընտրի իր նախասիրած թեկնածուին: Սակայն ընդդիմախոսներին այդ գաղափարը որեւէ կերպ չի համոզում: 

Այս վերլուծությունից երեւում է, որ ընդդիմադիր դաշտի ներկայիս դասավորության պայմաններում ավելորդ է սպասել վարչակարգին ընդդիմացող ժողովրդավարական ուժերի համախմբմանը եւ հասարակության բավարար զորաշարժի հասնելուն: Սակայն իրավիճակի փոփոխությանը կարող է նպաստել ստորեւ ներկայացվող կետերից առնվազն մի քանիսի կատարումը.

  • ՀԱԿ-ը վերանայում է իր կառուցվածքը եւ որոշումների կայացման գործիքակազմը՝ նպատակ ունենալով գործուն եւ արդար մեխանիզմ ստեղծելու միջոցով բոլոր շահագրգիռ ընդդիմադիր խմբերին եւ անձանց հավասար պայմաններով ներգրավել որոշումների կայացման գործընթացում.
  • ՀԱԿ-ը դադարեցնում է իշխանության գալու նպատակի հետապնդումը եւ կենտրոնանում բացառապես ազատ ու արդար ընտրությունների ապահովման նախադրյալներ ստեղծելու աշխատանքի վրա.
  • այլ ընդդիմադիր հասարակական-քաղաքական ուժերը հրաժարվում են այս փուլում մեկ սոցիալ-տնտեսական հայեցակարգ, կառավարման մոդել ձեւավորելն իբրեւ համախմբող գործոն դիտարկելուց եւ բավարարվում ժողովրդավարական պետության նվազագույն հիմքերի ստեղծման գաղափարով.
  • այլ ընդդիմադիր քաղաքական ուժերը հրաժարվում են իրենց որպես ապագա իշխանության միակ կրողներ դիտարկելուց.
  • ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքացիական գործուն խմբերն ու անհատները ստանձնում են երկրում համեմատաբար կարճ ժամկետներում ժողովրդավարության նվազագույն հիմքերի, գործիքակազմերի հաստատման հիմնական պատասխանատվությունը, ստեղծում պայքարը համակարգող ինստիտուտ, որը որդեգրում է որոշումների կայացման կոլեգիալ սկզբունքը եւ դառնում բոլոր ժողովրդավարական քաղաքական-հասարակական ընդդիմադիր ուժերի ու անհատների միջեւ գործակցության համակարգողը:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter