HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում ՌԴ Հասարակական պալատի անդամների հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ հասարակական պալատի պատվիրակությանը` ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկու գլխավորությամբ: ՌԴ Հասարակական պալատի անդամները Հայաստանում են գտնվում ՀՀ Հանրային խորհրդի հրավերով: 

Տիգրան Սարգսյանը նշել է.«Ուրախ ենք, որ մեր երկրների հասարակական խորհուրդների միջև ձևավորվում են արդյունավետ փոխհարաբերություններ: Մենք ուշադիր հետևում ենք այդ գործընթացին, քանի որ այն նոր ինստիտուտ է Հայաստանում և աջակցում կայացման գործում»: 

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման մակարդակով երկխոսությունը կնպաստի երկկողմ գործակցության ու կապերի ամրապնդման ուղղությամբ նոր գաղափարների մշակմանը:
ՌԴ Հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Միխայիլ Օստրովսկին տեղեկացրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի համանման կառույցների միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ համաձայնագիր, որը կարելի է դիտարկել որպես «Քաղաքացիական հասարակության եվրասիական կոնսորցիումի» ստեղծման առաջին քայլ:

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ ՌԴ հասարակական պալատի գործընկերների հետ քննարկումների ընթացքում արծարծվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են երկու երկրներում քաղաքացիական հասարակության ձևավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում կազմակերպել Հայոց ցեղասպանության թանգարանի 70 նմուշի ցուցադրություն: 

Հանդիպման ընթացքում կողմերի միջև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն քաղաքացիական հասարակության ձևավորման հեռանկարների շուրջ: Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է, որ քաղաքացիական հասարակության կայացման կարևոր գործոնը միջին խավի ձևավորումն է` ի դեմս փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման: 

Ամփոփելով վարչապետ Սարգսյանը ողջունել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը և ընդգծել, որ նման ձևաչափով գործակցության ծավալումը լավ հնարավորություն է հասարակական խորհուրդների միջև փորձի փոխանակման և կապերի սերտացման համար: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter