
Հայաստանն առաջադիմել է 5 տեղով մյուսների նահանջի շնորհիվ
Երեկ ՖԻՖԱ-ն հրապարակեց ազգային հավաքականների դասակարգման փետրվար ամսի ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է 5 տեղով ու հիմա 470 միավորով 74-րդ տեղում է:
Մեր թիմը հաշվետու ժամանակահատվածում խաղ չի անցկացրել, փոխարենը նրա հաշվից դուրս է եկել 4 տարի առաջ՝ 2011-ի փետրվարին տեղի ունեցած Հայաստան-Վրաստան (1-2) ընկերական խաղը, որը մեզ միավոր չէր բերել: Այսինքն՝ առաջընթացի պատճառը մյուս թիմերի նահանջն է: Հիշեցնենք, որ այս ընթացքում կայացան Ասիայի եւ Աֆրիկայի գավաթների խաղարկությունները:
Համաշխարհային դասակարգման ցուցակի առաջին 7 հորիզոնականներում փոփոխություններ չկան. Գերմանիա, Արգենտինա, Կոլումբիա, Բելգիա, Հոլանդիա, Բրազիլիա, Պորտուգալիա: 10-յակում են նաեւ Ֆրանսիան, Ուրուգվայը, Իսպանիան:
«Եվրո-2016»-ի ընտրական I խմբի մեր մրցակիցներից լավագույնը, ինչպես տեսնում ենք, Պորտուգալիան է: Ոչ հաշվարկային մրցակից Ֆրանսիան հաջորդում է նրան: Դանիան 2 տեղով առաջադիմել է ու հիմա 28-րդն է: Սերբերը նահանջել են մեկ տեղով ու այժմ 39-րդ հորիզոնականում են: Նահանջել են նաեւ ալբանացիները. -5 քայլը նրանց բերել է մինչեւ 63-րդ տեղ:
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույնը Ուկրաինան է (27), հաջորդում է Ռուսաստանը (33), Ուզբեկստանը 71-րդն է, իսկ մյուս ընտրանիները զիջում են Հայաստանին:
Տարածաշրջանում ամենաբարձր արդյունքն ունի Իրանը (41, +10), Թուրքիան 52-րդն (-4) է, Վրաստանը 126-րդն է (0), իսկ Ադրբեջանը՝ 131-րդը (+5):
Մեկնաբանել