HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական համագործակցության ընդլայնում` առողջապահության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:

Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց հայ-ռուսական երկարամյա համագործակցությունն առողջապահական ոլորտում, ինչի  վկայությունն է նաև 2014 թվականին Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակության ժամանումը Հայաստան: Նախարարը պատահական չհամարեց, որ Վերոնիկա Սկվորցովան բազմիցս նշել է Ռուսաստանում երկար տարիներ բնակվող և առողջապահության համակարգի տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող անվանի բժիշկների տեղի և դերի կարևորությունը:  

«Մենք մշտապես պատրաստ ենք նոր ծրագրեր կյանքի կոչելու ռուս գործընկերների հետ` ընդլայնելով համագործակցությունը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Որպես Ռուսաստանի հետ համագործակցության  լավագույն օրինակ` նա մատնանշեց համատեղ իրականացվող  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակում ռուսական կողմը Հայաստանին տրամադրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, ինչպես նաև շարժական բժշկաախտորոշիչ համալիր`  մոբիլ կլինիկա:

«Նման մոբիլ կլինիկաները նպաստում են հատկապես հեռավոր մարզերում, բարձրլեռնային գոտիներում, բնակչության անհրաժեշտ բժշկական օգնության ապահովմանը»,- ընդգծեց  առողջապահության նախարարը:

Նրա գնահատմամբ`  BRICS երկրների աջակցությամբ ՀՀ լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունների արդիականացման խնդիրը լուծելը կարևոր ծրագրային մոտեցում է առողջապահության բնագավառի համար:

Արմեն Մուրադյանը  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության հետ համագործակցության ընդլայնում է տեսնում նաև շտապ բուժօգնության ծառայության զագացման և արդիականացման,  դեղագործության  բնագավառում համատեղ կլինիկական հետազոտություններ իրականացնելու, տեղեկատվության միասնական էլեկտրոնային  համակարգի ուղղություններում: Որպես հեռահար նպատակ նախարարն առաջարկեց  ռուս-սլավոնական համատեղ բժշկական կենտրոնի հիմնումը, որը հնարավորություն կտա երկու երկրի մասնագետներին ներդնել առողջապահական ոլորտի լավագույն փորձն ու նորագույն տեխնոլոգիաները:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ներկայացրեց  BRICS երկրների հետ առողջապահության բնագավառում հնարավոր համագործակցությունը:  

BRICS երկրներից ՀՀ առողջապահության նախարարությունն առավել ակտիվ համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ: Այս երկրների հետ կան ստորագրված առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության մասին միջգերատեսչական համաձայնագրեր, փոխըմբռնման հուշագրեր, գործողության պլաններ, որոնք իրավական հիմք են ստեղծել փոխշահավետ գործակցության համար:

Ամփոփելով հանդպումը` նշվեց, որ ծրագրերը և առաջարկները կդիտարկվեն  և կընդգրկվեն BRICS երկրների հետ համագործակցության ծրագրային առաջարկների փաթեթում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter