HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի ցուցանմուշի պատմություն. երգը՝ ցուցափեղկի տակ

Աննա Բաբաջանյան

«Ամեն մարթ չի կանա կարթա՝ իմ գիրըն ուրիշ գըրեն է»: Հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի այս խոսքերը որոնք, անշուշտ, ուղիղ իմաստով ընկալելը ճիշտ չէ, իրենց զուտ բանաստեղծական հմայքը պահպանում են մինչ այն պահը, քանի դեռ նրա գիրն առարկայորեն չի հառնել հայացքիդ առաջ: Ամեն դեպքում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում նրա ինքնագիր երգարանը, ժողովրդի լեզվով ասած՝ դավթարը տեսնելիս առաջինը, որ կարող է անցնել այցելուների մտքով, հենց այս բառերն են:

Իսկ դեգերումների այն երկար ու ձիգ ճանապարհը, որ հաղթահարել է այս երգարանը մինչև իր վերջին հանգրվան հասնելը փորձություններով հարուստ նրա ճակատագրին տալիս են նոր ու զարմանալի երանգներ: Հենց միայն ուշագրավ այն հանգամանքը, որ դավթարը թանգարանին է փոխանցել Հովհաննես Թումանյանը, կարծես փաստում է նախախնամության միջամտությունը, որ կամուրջ է ստեղծել երկու հայ մեծերի միջև:

Թե ինչպես է այն հասել գրողին, իմանում ենք վերջինիս՝ 1921 թվականին գրած նամակից. «Իր ժամանակին Հայ գրողների ընկերությունը Թիֆլիսում Սայաթ-Նովայի ժառանգներից ձեռք էր բերել Սայաթ-Նովայի ձեռագիր-տետրակը: Էդ տետրակը վարչության որոշումով պահվում էր ինձ մոտ, Հայ գրողների ընկերության անունը փոխվեց էս տարվա սկզբներին, դարձավ Հայ գրչի մշակների միություն: Այժմ Հայ գրչի մշակների վարչության համաձայնությամբ հիշյալ տետրակը ուղարկում եմ ձեզ՝ դնելու Հայաստանի թանգարանը: Տետրակը բաղկացած է 140 էջից եւ թվահամարակալված է հետագայում իր ձեռքով: Հայերեն երգերը գրած են վրացական տառերով, թուրքերեն երգերը՝ հայկական տառերով:

Հայ գրչի մշակների միության նախագահ՝ Հովհաննես Թումանյան

19 հոկտեմբեր 1921 թ. Թիֆլիս»:

Իսկ որպեսզի իմանանք, թե ինչպես է երգարանը հասել հենց մեծ գրողին, հարկ է մի փոքր ետ գնալ, հայացք նետել երկու հարյուրամյակների մշուշի միջով` տեսնելու համար, թե ինչպես է մի համեստ երգարան հաղթահարել ժամանակների փորձությունը, որպեսզի ձեռք բերեր իր երկրորդ կյանքը և հայտնվեր նրանց ձեռքերում, ում ժառանգված էր ի սկզբանե: Ապագա ցուցանմուշի ճակատագիրը վճռվել էր դեռևս Սայաթ-Նովայի կենդանության օրոք՝ նրան արքունիքից վտարելուց հետո: Այդ ժամանակ նա իր ձեռագիրը հանձնել էր արքունական դիվանդպիր Հովհան Պենտելենցուն: Իսկ երգչի մահից հետո դավթարը հայտնվել էր նրա ժառանգների մոտ: Դրա պարունակությունը դեռ շատ հետազոտողների, գրականագետների հետաքրքրությունը պետք է շարժեր, դառնար բացահայտումների աղբյուր և ուսումնասիրման նյութ: Ու պատահական չէր, որ արդեն 1848-ին այն հայագետ Գևորգ Ախվերդյանի ձեռքում էր, ով, վերծանելով հայերեն խաղերը, սկզբնավորեց սայաթնովագիտությունը:

Դավթարն այդկերպ դարձել է գալիք սերունդներին լուսավորողը, Սայաթ-Նովայի մասին պատմողը, նրան ճանաչեցնողը:

Մի քանի տար անց երգարանին կրկին վիճակված էր ձեքից ձեռք անցնել: Ասում էին, որ այն նախ Սայաթ-Նովայի թոռան` Մովսես ավագ քահանա Սայաթյանի մոտ էր, հետո նրա որդու՝ Բագրատի, ով էլ 1913-ին նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի միջոցով թանկագին մասունքը նվիրել է Հայ գրողների կովկասյան ընկերությանը: Մեկ այլ պատմության համաձայն, Հովհաննես Թումանյանին երգարանը հանձնել է Սայաթ-Նովայի ժառանգներից ուսուցչուհի Վարյան (Վառվառեն): Տեղեկություններ կան այն մասին, որ երբ մամուլում հարց է բարձրացվում երգչի գերեզմանին հուշարձան կանգնեցնելու և նրա երկերը վերահրատարակելու մասին, ուսուցչուհին որոշում է ձեռագիրը վստահել Թումանյանին: Վերջինս յոթ տարի խնամքով պահում է դավթարը, անգամ համարակալում է էջերը, իսկ Հայաստանում սովետական կարգերի հաստատվելուց հետո ուղարկում առաջին լուսժողկոմ Աշոտ ՀովՀաննիսյանին, լուսժողկոմն էլ ձեռագիրը հանձնում է Հայաստանի կուլտուր­ պատմական թանգարանին, որի անմիջական ժառանգորդն է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը:

Ահա այսպիսի ճանապարհներ կտրելով էլ պատմական դարձած դավթարը հասել է Թումանյանին: Սակայն, ցավոք, ժամանակն ու հանգամանքներն իրենց կնիքն, այնուամենայնիվ, թողել էին Սայաթ-Նովայի ձեռագրերի վրա: Երբ դավթարը հանձնեցին Թումանյանին, պահպանված էին դրա 140 էջերը: Յոթ հայերեն երգեր ընդգրկող չորս թերթեր դավթարից անհետացել էին: Ախվերդյանը վստահեցնում է, որ իր մոտ եղած ժամանակ երգարանի թերթերն արդեն «պատռված, գջլտած, մաշած են եղել»: Եվ այժմ, եթե այցելուներին բախտ վիճակվի բացել ինքնագիր երգարանը, նրանք կարող են հնամաշ էջերի վրա տեսնել 47 հայերեն և 119 թուրքերեն խաղերը: Ահա այսպես, երկար ու ձիգ տարիներ ձեռքից ձեռք անցնելով՝ Սայաթ-Նովայի երգարանն ի վերջո դարձավ ոչ միայն նորաստեղծ թանգարանի հիմնաքար ցուցանմուշը, այլև հայ ժողովրդի մշակութային թանկագին ժառանգությունը: Դավթարի ամեն թերթ տալիս է Սայաթ-Նովայի խաղերի «ունկնդիրը» դառնալու բացառիկ հնարավորություն, դարձնում նրան աշուղ-բանաստեղծի ապրած պահերի վկան...

Հ.Գ. 1963 թ.­ Սայաթ­-Նովայի ծննդյան 250-­ամյակի կապակցությամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչությունը լույս է ընծայել նաեւ «Դավթար»-ի նմանահանությունը (սեւ­-սպիտակ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter