HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սոցիալական խնդիրները աշակերտների մոտ կարող են վարքային շեղումների պատճառ դառնալ

Ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ընտանիքներում ծնողների հոգսը երբեմն բացասական են անդրադառնում երեխաների դաստիարակության վրա, և հենց այդ տարիքում վերջիններս աչքի են ընկնում իրենց ագրեսիվ պահվածքով և վարքային շեղումներով:

«Ընտանիքը մեծ դեր է խաղում երեխայի դաստիարակության հարցում: Ընտանիք կա, որ մտնում ես ու տեսնում, թե ինչ է կատարվում, ասում ես՝ փառք Աստծո, որ այս ընտանիքում երեխան այսքան պահպանվել է: Երեխային դաստարակելու, բոլոր հոգեբանական խնդիրները լուծելու համար առաջինը պիտի սկսենք ընտանիքից՝ ծնողից: Երկուսն էլ կարևոր են, բայց  դաստիարակության հարցում մոր դերն ավելի եմ կարևորում, իհարկե՝ տղաների հարցում էլ հայրն իր օրինակով, վարքով մեծ դերակատարում ունի»,- ասում է Էջմիածնի թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Սամվելյանը:

Արդեն մի քանի տարի հանրակրթական հաստատություններում ուսուցիչների, ծնողների ու աշակերտների հետ հոգեբաններ են աշխատում: Թիվ 9 հիմնական դպրոցում երկու հոգեբան է աշխատում: Անահիտ Կարապետյանը դպրոցի հոգեբանն է, իսկ Էլյա Մարկոսյանը` ներառական կրթության: Երկու հոգեբաններն էլ ունեն իրենց առանձնասենյակները և երեխաների հետ աշխատում են անհատականացված ծրագրերով:

Անահիտը պատմում է, որ իրենց դպրոցում հոգեբանական ծանր խնդիրներ ունեցող երեխաներ չկան, սակայն տարբեր իրավիճակներում հայտնված երեխաները հոգեբանի օգնության կարիք ունենում են: Օրինակ՝ դպրոցի աշակերտներից մեկի մայրը ալկոհոլի հանդեպ սեր ունի: Ճիշտ է, նա երեխային բռնության չի ենթարկում, սակայն ծնողի վարքը բացասական է անդրադառնում երեխայի վրա, ինչը չի կարող վարքային փոփոխություններ չառաջացնել նաև նրա մոտ: Մեկ այլ դեպքում, դպրոցահասակ տղաներից մեկը ամռանը՝ դասերից հետո, վարձու աշխատանք է իրականացնում հողամասերում, որպեսզի օրավարձով վաստակած գումարով ընտանիք պահի: Այս տղայի վարքն էլ է փոխվում, նա խաղալու փոխարեն ընտանիքի հոգս է հոգում:

Խոսելով դպրոցներում երեխաների կողմից հոգեբանների դերի ընկալման մասին, Անահիտը պատմում է, որ 3 տարի աշխատում է դպրոցում, և այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Այժմ նրա աշխատասենյակի պատերը զարդարված են երեխաների աշխատանքներով՝ նկարներով, գունային լուծումներով և այլն:

«Առաջին անգամ, երբ ներկայացա երեխաներին և ասացի, որ ձեր հոգեբանն եմ, հարցեր ունենալու դեպքում կարող եք մոտենալ և այլն, երեխաներն ինձ հոգեբույժի տեղ էին դրել, երբ տեսնում էին փախչում էին: Մի դեպք էլ գրանցվեց, նրանց հետ խոսել էի, որ վախեր ունենալու դեպքում մոտենան ինձ: Երեխաներից մեկը մոտեցավ ու հարցրեց, թե իր իրերից՝ հագուստ և այլն, ինչ բերի, որ իր վախը բռնեմ, երևի գումար էլ առաջարկեր»,- հիշում է Անահիտը:

Էլյա Մարկոսյանն էլ ասում է, որ աշխատում է հիմնականում տեսողական, լսողական, հենաշարժողական, վարքային, հուզակամային և այլն խնդիրներ ունեցող երեխաների հետ:

Նրա խոսքերով՝ բացի վերը նշված հանգամանքներից, երեխայի հոգեբանության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև ծնողների ամուսնալուծությունները: Նման դեպքերում դպրոցում երեխաներն իրենց ագրեսիվ են պահում, ինչը վարքային շեղում ունենալու մեծ ռիսկ է պարունակում:

«Յուրաքանչյուր մարդ էլ ունի հոգեբանի կարիք՝ սկսած հենց հոգեբաններից: Խնդիրները որքան վաղ հաղթահարենք, այնքան այն շուտ կլուծվեն: Երեխաների հարցում մեծ բան է կախված ծնողներից»,- նշեց Էլյան:

Հոգեբաններն ասում են, որ հեքիաթաթերապիայի, նկարչության, ավազաթերապիայի, խաղերի միջոցով կարողանում են երեխաներին ճիշտ ուղու վրա դնել, նրանց միջից հանել վախերը և կոտրել ագրեսիան:  

Մասնագետների խոսքերով՝ դպրոցում մի շարք միջոցառումներ են իրականացնում, այդ թվում՝ բեմադրություններ, որպեսզի երեխաների մատչելի ձևով բացատրվի, թե ինչ է, օրինակ՝ թրաֆիկինգը, սթրեսը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, թմրամոլությունը, ինչպես պետք է իրենց շարքերն ընդունել հաշմանդամ երեխայի, նրա հետ շփվել հավասարը հավասարի և այլն:

«Մեր ծնողների մեծ մասն այսօր իրազեկ չեն: Թե հոգսը, թե սոցիալական վիճակը այս հարցում մեծ դեր են խաղում: Գուցե իրենք ժամանակ չունեն, զբաղված են հանապազօրյա հաց վաստակելով, և երեխայի հետ աշխատելու, սեր, ուշադրություն հատկացնելու ժամանակ չի մնում: Եվ հենց այդ պակասն է, որ երեխայի մոտ առաջ են բերում կոմպլեքսներ, երեխան մեկուսանում է, տեսնելով ընկերոջ ծնողի լավ վերաբերմունքն, իր աչքերի արտահայտությունը փոխվում է և այլն: Դպրոցն այսօր անում է ամեն ինչ՝ տուն էլ ենք գնում, ծնողին էլ ենք հրավիրում դպրոց, հոգեբանները, մանկավարժները աշխատում են նրանց հետ, բայց անելիքներն, իրոք շատ են»,-հոգեբաններին լրացնում է տնօրեն Սամվելյանը:

Նրա կարծիքով՝ դպրոցներում պետք է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորել, ինչը փորձում են անել, իսկ կոլեկտիվի աշխատանքը պետք է նպաստի, որ երեխան զերծ մնա բռնություններից, սթրեսից, վատ արարքներից: Երեխան պետք է հասկանա, թե ինչի համար է ապրում, ինչ նպատակներ ունի, հասկանա ինչ բան է քաղաքացիական հասարակությունը, որպեսզի լավ քաղաքացի մեծանա և չարիք չդառնա այդ հասարակության համար:

«Այսօր կարծես թե իրավունքներն ու պարտականությունները մարդիկ խառնում են իրար: Ծնողը մտնում է դպրոց, ասում ենք՝ հարգելիս, ձեզ հրավիրել ենք, որ համատեղ  կարողանանք ձեր երեխայի այս-այս արարքը շտկել, որ չարիք չդառնա: Ծնողն այդ խոսքն ընդունում է անձնական վիրավորանք, կամ երբ երեխային ենք նկատողություն անում, ծնողն ասում է՝ ուսուցիչն ի՞նչ իրավունք ունի քեզ նկատողություն անի: Չգիտեմ` ինչն է պատճառը, կրթական մակարդակի պակաս ասեմ, դաստիարակության պակաս ասեմ, թե մեր իրականությունն է դրան նպաստում, բայց մեր ծնողների զգալի մասը ցավագին է ընդունում այս ամենը»,- ավելացնում է Մարիետա Սամվելյանը:

Զուգահեռներ անցկացնելով իր աշակերտական տարիների և այսօրվա իրականության միջև, Մ. Սամվելյանն ասում է, որ իր ժամանակներում ծնողը երբեք ագրեսիվ տրամադրված չի եղել ուսուցչի նկատմամբ, հիմա նույնիսկ եթե ուսուցիչը մի քիչ ձայնը բարձրացնում է երեխայի վրա, դա ընդունում են որպես ընտանիքի հասցեին հնչեցրած վիրավորնաք, մոռանալով, որ իրենց երեխայի համար է արվում, և ուսուցիչն էլ ծնող է:

«Մեզ մոտ փոքրից մեծ պակասում է հանդուրժողականությունը, լավատես չենք: Ամեն լավ բանի մեջ ուզում ենք վատը փնտրել, կարելի է ասել, այսօրվա մեր վարքագծի մեջ հիվանդության պես մի բան է մտել, որ ամեն ինչում վատ բան են փնտրում, վիրավորանք ու միտում են տեսնում: Նույնիսկ ուսուցիչներն են այդպես ընկալում, երբ նկատողություն ես անում իրենց, մտածում են, թե իրենց հետևից ենք ընկել: Արժեքներն են փոխվել, առաջ մենք մի բան էինք արժևորում, այսօր լրիվ այլ բան: Ամեն դեպքում այս ամենը կապում եմ սոցիալական վիճակի հետ»,- եզրափակում է տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter