HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլ Գրին. Սոուլի վերջին հսկան

Նաիրա Հայրապետյան

Նրան առավել հաճախ հանդիպում ենք սոուլ երաժշտության ժանրում` թեպետ հավասարապես ապրում է ռիթմընդբլյուզի և գոսպելի աշխարհում: Նա կարծես կանգնած լինի 1960-ականների սոուլ երաժշտության դասական դպրոցի և 70-ականների ֆիլադելֆիական «կոմերցիոն սոուլի» մեջտեղում:

Էլ Գրին ` ամբողջական անունն է` Էլբըրտ Գրին: Այս արտիստի կատարողական ոճը ձևավորվել է գոսպելի ազդեցության ներքո, իսկ ռիթմընդբլյուզյան  արտահայտչաձևերը գալիս են Ջեյմս Բրաունի աշխարհից: Էլ Գրինը հանրաճանաչության գագաթնակետին էր 1970թ-ից սկսած,  իր համաշխարհային հիթ-սինգլների շնորհիվ՝ «Tired of Being Alone», «I'm Still In Love With You», «Love and Happiness» և «Let's Stay Together»: Հենց այս երգերն էլ ամրագրել են նրա դիրքերը` որպես սոուլի 70-ականների խորհրդանիշ:

Ուիլսոն Փիքեթի, Սեմ Քուկի, Ջեյմս Բրաունի ազդեցությունը ակնհայտորեն կրող, Էլվիս Փրեսլիի հանդեպ անթաքույց համակրանքով լցված երիտասարդ և խոստումնալից երգչին առաջինը նկատեց «Hi Records» ստուդիայի տնօրենը՝ պրոդյուսեր Ուիլլի Միտչելը, ով մեծ ներդրում է ունեցել նրա կատարողական արվեստում սեփական ոճի ձևավորման հարցում: Ու. Միտչելը 1969թ. պայմանագիր կնքեց Գրինի հետ, որի արդյունքում նրանք մի քանի ալբոմ թողարկեցին՝  հաջողության մեծ ճանապարհ բացելով նոր երգչի առջև: Էլ Գրինի  ստեղծագործության վաղ շրջանի հիմքը կազմող R&B –ն իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել տարբեր սերնդի երաժիշտների վրա՝ Մարվին Գեյից մինչև Փրինս, Էնի Լենոքս՝ հասնելով նաև  Ջասթին Թիմբերլեյքին: Ի դեպ` վերջինս նրան համարում է երաժշտության մեջ իր կուռքը և Էլ Գրինին նվիրված մի ամբողջական հոդված է ձոնել «Rolling Stone» ամսագրի համարներից մեկում

Չնայած 70-ականների կեսերին Էլ Գրինը սկսեց հանդես գալ ավանդական գոսպելում՝ այնուամենայնիվ, նրա ստեղծագործությունների հանդեպ մեծ հետաքրքրությունը շարունակում էր պահպանվել: 1981-1989թթ. ընկած ժամանակահատվածում նա հասցրել է վաստակել 8 «Գրեմմի», որոնց թիվը 2002թ.  ավելացավ ևս մեկով՝ ստեղծագործական կյանքում ունեցած մեծ ձեռքբերումների դիմաց: 1995թ. արտիստն ընդգրկվեց Ռոքնռոլի Փառքի սրահում՝ որպես սոուլ երաժշտության ամենատաղանդավոր «առաքիչներից» մեկը: 

2005 թ. «Rolling Stone» ամսագիրը նրան հատկացրեց 66-րդ հորիզոնականը «Բոլոր ժամանակների լավագույն արտիստները» ցանկում: Նա վաճառել է իր ձայնագրություններից ավելի քան 20 միլիոն օրինակ: Էլ Գրինը սոուլի կենդանի լեգենդ է, իսկ ոմանց կարծիքով՝ նաև սոուլի վերջին հսկան, քանի որ ժամանակակից երաժշտության մեջ դեռ շարունակում է մնալ միակն ու անփոխարինելին այս ժանրում: Երեք տասնյակի հասնող ստուդիական ալբոմ, բազմաթիվ կոչումներ, մրցանակներ և, վերջապես, երաժշտասերների համակրանքն ու ջերմությունը վայելող Էլ Գրինի անունն այսօր դասվում է այնպիսի լեգենդների կողքին, ինչպիսիք են Չակ Բերին, Ջեյմս Բրաունը, Լիթըլ Ռիչարդը և Բո Դիդլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter